Խաղաղության համաձայնագիր չի ստորագրվել մի կոնկրետ պատճառով՝ Հայաստանի Սահմանադրությունում «դեռևս կա այնպիսի դրույթ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա նշել է՝ որքանով հասկանում են, Հայաստանի մայր օրենքում փոփոխություններ կատարվելու են։
«Եվ երբ այդ սահմանադրական փոփոխությունը կատարվի, երբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն, կհաստատվի պաշտոնական խաղաղության համաձայնագիր», - ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ փաստը, որ այս փաստաթուղթը նախաստորագրվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահ Թրամփի ներկայությամբ, արդեն նշանակում է պատերազմի ավարտը:
Երևանն ու Բաքուն միաժամանակ հրապարակեցին խաղաղության համաձայնագրի 17 կետանոց փաստաթուղթը: Այն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել էին արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը:
Համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանը երկու նախապայման էր ներկայացնում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն: Վաշինգտոնում Միրզոյանն ու Բայրամովը համատեղ դիմեցին ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու հարցով: