ՔԿ. Հոգևորականներին վերագրվող ձայնագրության վերաբերյալ հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Ամենայն Հայոց կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ ոստիկանությունից ստացած հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ուրբաթ երեկոյան «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից:

Քննչականի խոսնակ Կիմա Ավդալյանի փոխանցմամբ, վարույթը հարուցվել է Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը»:

Քննչականը մեղադրյալի կամ մեղադրյալների մասին դեռ տեղեկություն չի հաղորդել:

Իշխանական լրատվամիջոցներում այսօր հրապարակվեց մի ձայնագրություն, որտեղ ենթադրաբար Աղան աբեղան Նաթան արքեպիսկոպոսի հետ զրույցում դժգոհում է, թե իրեն Կաթողիկոսը ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի:

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցել էին, որ համացանցում տարածված ձայնագրությունը արդեն իսկ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կդառնա քննության առարկա, Քննչական կոմիտեից էլ հայտնել էին, որ ձայնագրության վերաբերյալ Ոստիկանությունից հանցագործության մասին հաղորդում են ստացել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հոգևորականներին վերագրվող ձայնագրության վերաբերյալ հաղորդում է ստացվել Քննչական կոմիտեՄայր Աթոռ. Հեռախոսազրույցների գաղտնիության խախտումը հանցագործություն է, իրավապահները պետք է արձագանքեն Հոգևորականներին վերագրվող ձայնագրությունը կդառնա քննության առարկա. Դատախազություն