Չնայած վարչապետի հավաստիացումներին, երկու օրից կայանալիք համագումարին ընդառաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու իշխող խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հակասությունը չհաջողվեց պահել կուսակցության ներսում:
Նախ լրատվամիջոցների էլեկտրոնային հասցեներին նամակ ստացվեց, ուղարկողը, որն անանուն էր ցանկացել մնալ, հավաստիացնում էր, թե ինքը ներկա է եղել մի քանի օր առաջ Կոտայքում տեղի ունեցած կուսակցության ժողովին, որի ժամանակ Հայկ Սարգսյանը պատմել է, թե դիմել է ՔՊ վարչությանը՝ ԱԺ նախագահին կուսակցությունից հեռացնելու համար:
Տարաձայնությունների հիմքում Սարգսյանի հեղինակած բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու նախագիծն է եղել, որը, ըստ նամակագրի, ջղայնացրել է ԱԺ նախագահին, քանի որ ««Վիվառո» ընկերությունից ֆինանսական շահ ունի»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարկային փոփոխություններ խաղատների ոլորտում․ քննարկումները շարունակվում ենՆա սկսել է բացահայտ պատերազմել Սարգսյանի դեմ, վեճը հասել է մինչև երկրի վարչապետին, ըստ անանուն օգտատիրոջ, Սիմոնյանը պահանջել է նկատողություն տալ Սարգսյանին էթիկայի կանոնները խախտելու համար և կասեցնել օրենքի քվեարկությունը, բայց Փաշինյանը հանձնարարել է կողմ քվեարկել։ Սա անանուն օգտատիրոջ վարկածն է:
Շատ բուռն քննարկումներից հետո նախագիծն ԱԺ-ում իսկապես ընդունվել է:
Այս տեղեկության տարածման ֆոնին ամիսների լռությունից հետո կուսակցությունն ընդունեց, որ Սիմոնյանի և Սարգսյանի տարաձայնություններն այնքան են սրվել, որ կուսակցական միջամտություն է պահանջվել: Ապրիլին Ալեն Սիմոնյանի դիմումից հետով Հայկ Սարգսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։
Հարցի քվեարկությունից առաջ, ըստ ՔՊ-ի, Հայկ Սարգսյանը Ալեն Սիմոնյանի նկատմամբ է կարգապահական վարույթ հարուցելու հակընդդեմ դիմում ներկայացրել։ Հայկ Սարգսյանը երկու անգամ հրավիրվել է բացատրություններ տալու համար, բայց ըստ ՔՊ-ի՝ չի կարողացել ներկայանալ՝ Հայաստանում չգտնվելու պատճառով, իսկ Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չեն տեսել:
«Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ կուսակցության կանոնադրության համաձայն կուսակցության անդամները պարտավոր են քննարկման այլ մասնակիցների նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք։ Կանոնադրության խախտումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության», - նշել են իշխող ուժից։
Ի՞նչ զգուշացում է սա, ինչո՞ւ էին հիշել բանավեճի էթիկայի կանոնները՝ չէին պարզաբանել: Համենայն դեպս ՔՊ կանոնադրության համաձայն՝ խիստ նկատողությունից բացի, վարչությունը կարող է նաև կուսակցությունից հեռացման որոշում կայացնել:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արշալույսները խաղաղ են այնքանով, որ կուսակցությունն ապրում է իր բնականոն կյանքով, բայց էլի եմ ասում՝ այդ խաղաղությունը երբեք ճահճային լռություն չի եղել և չի լինելու, - այսօր ասուլիսի ընթացքում ասաց վարչապետը, հավելելով, - Քննարկումները տեղի են ունենում միշտ բուռն, միշտ սուր քաղաքական բանավեճի մթնոլորտում: Ցավոք սրտի, բոլորի հետ լինում է, ինձ հետ էլ է պատահել և նույնիսկ վերջերս, որ քաղաքական բանավեճի ընթացքում թույլատրելիի սահմանները մի փոքր կամ ոչ մի փոքր անցնում ենք, և բոլոր այդ դեպքերում վրա են հասնում կարգապահական գործընթացները»:
Այդ ի՞նչ անհարգալից վերաբերմունքի մասին էր գրված կուսակցության հայտարարության մեջ, ի՞նչ բուռն բանավեճից էր այսօր խոսում վարչապետը։ Արդյո՞ք խոսքը հենց տարածված անանուն նամակի իրադարձություններին էր վերաբերում, թե՞ երկու ՔՊ-ականների միջև այլ բախում է եղել, ո՛չ ՔՊ-ն պարզաբանեց, ո՛չ Փաշինյանը։
«Երեկ տեղի է ունեցել ունեցել նաև կուսակցության վարչության արտահերթ նիստ, հրավիրվել են բոլոր գործընկերները, մանրամասն քննարկում է տեղի ունեցել, և եզրակացությունները մնացել են նույնը։ Ընդհանրապես ասեմ ձեզ, եթե նույնիսկ մենք կայացնում ենք որևէ որոշում, բայց ցանկացած դեպքում, եթե ի հայտ կգա նոր հանգամանք, որևէ խոչընդոտ չկա, որ մենք այդ թեմային վերադառնանք», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երեկ տեղի է ունեցել կուսակցության վարչության արտահերթ նիստ։ Սակայն ոչ վարչապետը, որը սովորաբար ղեկավար մարմնի նիստից կարճ տեսանյութ է հրապարակում, ոչ էլ կուսակցությունը դրա մասին երեկ չեն ծավալվել։
Ալեն Սիմոնյանի և Հայկ Սարգսյանի անհամաձայնությունները տարիների խորքից են գալիս։ Նրանք վեց տարի էլ առաջ էլ էին նույն շահումով խաղերի թեմայով նախագծի քննարկման ժամանակ լեզվակռվի բռնվել։ Սիմոնյանը չէր հերքել, որ ընկերական հարաբերություններ ունի բուքմեյքերական առնվազն երկու ընկերությունների սեփականատերերի հետ, միաժամանակ պնդել, թե նրանց շահն առաջ չի մղում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանցիները Google-ում ամենաշատը բուքմեյքերական ընկերություններ են փնտրումԴրանից երկու տարի անց՝ 2021-ին, Սիմոնյանը աղմկահարույց պատմության մեջ հայտնվեց։ «Հետք»-ը լուսանկարներ հրապարակեց «Վիվարո» բուքմեյքերական ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանի և Ալեն Սիմոնյանի հունական ճոխ արձակուրդից։ Ազգային ժողովի նախագահը պարբերականին վստահեցրել էր, թե իր միջոցներով է մեկնել Հունաստան, բայց չէր հերքել, որ կինը Երևան է վերադարձել ենթադրաբար գործարարի միջոցներով վարձակալած բիզնես դասի ինքնաթիռով։
Ոչ Ալեն Սիմոնյանը, ոչ Հայկ Սարգսյանը երկրորդ օրն է՝ չեն մեկնաբանում իրենց տարաձայնությունների մասին հրապարակումները։ Երկուսն էլ կուսակցության ղեկավար մարմնի՝ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամի թեկնածուներ են, այսինքն՝ մրցակիցներ, ընդ որում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։