Վաշնգտոնում տեղակայված Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «ապահովել Բաքվի բանտերում գտնվող հայ քրիստոնյա գերիների անհապաղ ազատ արձակումը», ինչպես ԱՄՆ նախագահին դա հաջողվեց անել Գազայում «Համասի» կողմից գերեվարված իսրայելիցներին ազատ արձակելու դեպքում:
«Իրական խաղաղության հասնել հնարավոր չէ, քանի դեռ գերիները անարդարացիորեն շարունակում են մնալ Բաքվում: Ականատես լինելով բազմաթիվ արհավիրքների՝ աղոթում ենք հակամարտության իրական ավարտի և կայուն խաղաղության համար» ,- նշում են Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Օսկար Թաթոսյանն ու Թալին Յակուբյանը:
Հայկական հարցերով տասնամյակներ շարունակ զբաղվող Ամերկայի հայկական համագումարը նախօրեին տարածած հայտարարության մեջ նաև հիշեցնում է, որ օգոստոսին Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման ժամանակ Դոնալդ Թրամփը խոստացել էր գերիների ազատ արձակման հարցով խոսել Ադրբեջանի նախագահի հետ՝ ասելով, թե Ալիևը դա կանի իր համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերիների հարցը քննարկվել է ադրբեջանցի գործընկերների հետ. ՄիրզոյանԱյսօր Ֆինլանդիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ Շարմ էլ Շեյխում ադրբեջանական կողմի հետ քննարկվել է Բաքվում պահվող գերիների ազատ արձակման հարցը. «Ամենօրյա աշխատանք է իրականացվում այս ուղղությամբ՝ ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, հակառակ դեպքում հարցը վաղուց լուծված և դուրս եկած կլիներ օրակարգից, բայց մենք իրականացնում ենք այս աշխատանքը:
Համենայն դեպս մենք չենք դադարեցնում մեր ջանքերը, և երեկ Շարմ էլ Շելխում տեղի ունեցած (Գազայի հարցով-խմբ.) Խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում կրկին ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը», - ասաց նախարարը:
Նա հույս հայտնեց, որ առաջիկայում այս առումով «լավ նորություն կունենանք»:
Թե ինչ արձագանք է եղել ադրբեջանցի պաշտոնյաների կողմից, Միրզոյանը չհստակեցրեց: