Քոչարյանի փաստաբանը հորդորում է «Մարտի 1»-ի գործով ՄԻԵԴ որոշումը չկապել երկրորդ նախագահի հետ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, արխիվ

Որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերով Հայաստանում բավարար քննություն չի կատարվել, համաձայն է նաև «Մարտի 1»-ի գործով կրկին դատարանի առջև կանգնած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը:

«Ֆունդամենտալ խնդիրներից մեկը, որը ՄԻԵԴ-ը արձանագրել է, քննության ոչ ադեկվատությունն է՝ մի բան, որը մենք հինգ-վեց, տարին սխալ չասեմ, էլի, այսինքն՝ մի քանի տարի է բարձրաձայնում ենք», - հայտարարեց Արամ Օրբելյանը:

«Պետք է իրականում գնահատման առարկա դառնա մահվան հանգամանքները, պետք է կենտրոնանալ մահվան հանգամանքների, մահվան չէ միայն՝ մահվան, վիրավորվելու, գույքային վնաս հասցնելու», - նշեց Օրբելյանը:

Մարտի 1-ի արյունալի դեպքերից 17 տարի անց Եվրադատարանը հրապարակել է վճիռը, բավարարել է զոհերի իրավահաջորդների բողոքն ու արձանագրել՝ խախտվել է նրանց կյանքի իրավունքը, մարդիկ սպանվել են անհամաչափ միջոցներից, այդ թվում՝ մարտական փամփուշտներից, ոստիկանական ոչ պրոֆեսիոնալ գործողության հետևանքով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սպանվել են անհամաչափ միջոցներից. ՄԻԵԴ-ը բավարարել է Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների բողոքը

Փաստաբան Օրբելյանը հորդորում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը չկապել այդ օրերի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա թիմակիցների հետ: Օրբելյանը պնդում է՝ Քոչարյանին առնչվող գործով մարտի 1-ի սպանությունների դեպքերը չեն քննում:

«Երբ որ փորձ է արվում այս ՄԻԵԴ-ի որոշումը փորձել, ոնց ասեմ, կպցնել էս դատական գործին, ստանում ենք աբսուրդային արդյունք: Ախր սա առաջին դեպքը չի, բազմաթիվ անգամ արձանագրվել է մեղադրողի դիրքորոշումը, որ մահերը կապ չունեն: Այսինքն՝ սույն գործը տվյալ ՄԻԵԴ-ի որոշման հետ առնչություն չունի», - պնդեց փաստաբանը:

Դատախազությունն այլ բան է պնդում. Ռոբերտ Քոչարյանին ու նախկին ենթականերին իրավապահները մեղադրում են 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ ձեռնարկած անօրինական գործողությունների համար, որի հետևանքով տասը մարդ է զոհվել, հարյուրավորները՝ վիրավորվել: Դատախազը տասն ամիս առաջ ներկայացրեց ծավալուն մեղադրականը.

«Ռոբերտ Քոչարյանն իր վերը նշված հրամանագրով ապօրինի սահմանել է արտակարգ դրության ռեժիմ՝ դրանում ներառելով այնպիսի միջոցառումներ և ժամանակավոր սահմանափակումներ նախատեսող գործողություններ, որպիսիք նախատեսված են եղել 2006 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում»:

«Կա իրավաբանություն, իրավական արգումենտացիա, իրավական գործընթաց, և կա աբսուրդ: Հիմա աբսուրդի դաշտում իհարկե կարող է ինչ-որ բաներ լինի: Ում ուզում եք հարցրեք, աշխարհի ցանկացած իրավաբանի հարցրեք՝ հնարավո՞ր է արդյոք հինգ տարի դատավարություն գնա մի գործով, որով առաջադրված մեղադրանքը հակասահմանադրական է ճանաչվել», - ասաց Արամ Օրբելյանը:

Չնայած «Մարտի 1»-ի բացահայտումն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելը Նիկոլ Փաշինյանի առանցքային խոստումներից էր, նրա իշխանության յոթ տարիների ընթացքում որևէ մեկը չի պատժվել: Եվրադատարանը ևս արձանագրել է՝ սպանությունների վերաբերյալ մինչ օրս որևէ վճիռ չկա, իսկ արտակարգ դրության հրաման արձակած նախագահ Ռոբերտ Քոչարյանն և մյուսները այս իշխանության օրոք արդարացվել են Սահմանադրական դատարանում:

Փաշինյանը երեկ էլ պնդեց, թե մեղավորներին գիտեն, արդարադատություն հաստատելու ձևն էլ, հույս ունի, այս վճռից հետո կգտնեն:

«Եվ ես կարծում եմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը կամ վճիռը լեգիտիմ առիթ է, որ մենք մի հատ էլ նայենք, լավ, ինչքա՞ն կարող է ձգվել էս ամեն ինչը, ինչքա՞ն կարա էդ դատավարությունը շարունակվի տենց լղոզված պատասխաններով: Իհարկե մենք, էլի եմ ասում, մարտի 1-ի ոճրագործությունը բացահայտված է, էդ քրեական գործի հատորները ամեն ինչի մասին ասված են», - հայտարարեց վարչապետը:

Ռոբերտ Քոչարյանին ու նախկին պաշտոնյաներ Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին ու Արմեն Գևորգյանին առնչվող գործի քննությունն այսօր հետաձգվեց, կշարունակվի հաջորդ ամիս: Առաջին ատյանում արդարացվելու որոշումը բեկանելուց հետո Քոչարյանին ու մյուսներին դեռ մեղադրանք ներկայացված չէ: Դատախազները միջնորդել են նոր հոդվածով մեղադրել նրանց, բայց դատարանը մեկ տարի հետո դեռ որոշում չի կայացրել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռոբերտ Քոչարյանը մեղադրականը որակում է «քաղաքական փաստաթուղթ»