Կոռուպցիան բնում խեղդելու խոստում, երկաթյա կարգապահության պահանջ. Արեն Մկրտչյանը ստանձնում է Լոռու մարզպետի պաշտոնը

Կոռուպցիան բնում խեղդելու և երկաթյա կարգապահության խոստումներով ու պահանջներով է Լոռու մարզպետի պաշտոնն ստանձնում իշխող կուսակցության նախկին պատգամավոր Արեն Մկրտչյանը:

Երեկ քաղաքի մշակույթի պալատի դահլիճում ընդլայնված հանդիպում է անցկացրել իրավապահ համակարգի և պաշտպանական գերատեսչության Լոռու մարզային ստորաբաժանումների ղեկավարների, համայնքների ղեկավարների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ: 12 րոպեանոց ուղերձում ձևակերպել է իր պահանջները՝ իրավապահներից, համայնքապետերից, կրթական ու առողջապահական համակարգից, շինարարական կազմակերպություններից ու մարզպետի աշխատակազմից:

« 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին հեղափոխական հարթակից ասել ենք՝ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու։ 8 տարի անց՝ այդ անկյունաքարային սկզբունքը կրկնում եմ արդեն այս հարթակից: Քաղաքացու վճարած հարկերից ձևավորվող պետական ու համայնքային բյուջեի միջոցները քաղաքացու համար հանրային բարիք, ոչ թե պաշտոնյայի համար անձնական հարստություն դիզելու միջոց է », - նշել է Մկրտչյանը։

Ավելի քան յոթ տարի առաջ իշխանություն ստանձնած քաղաքական ուժի 33-ամյա ներկայացուցիչն իր ենթականերին հորդորել է պահպանել երկաթյա կարգապահություն: Հիշեցրել է՝ աշխատանքային ժամն սկսվում է ուղիղ 9-ին, զգուշացրել՝ անգամ մեկ րոպե ուշացման համար զիջում չի լինելու:

«Կրկնվելու դեպքում երկրորդ գրավոր նկատողությամբ հեռացվելու են աշխատանքից», - ասել է նա։

Մարզի նորանշանակ ղեկավարն իր ելույթում չի խոսել՝ համարո՞ւմ է արդյոք, որ իրեն նախորդած պաշտոնյաներին չի հաջողվել կոռուպցիան խեղդել բնում:

Վանաձորի բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող քրեական գործեր

Հեղափոխությունից հետո Վանաձորը 17 տարի ղեկավարած Սամվել Դարբինյանի նկատմամբ բազմաթիվ քրեական գործեր հարուցվեցին, բայց նա դեռ պատասխանատվության չի ենթարկվել, քրեական վարույթների մի մասը կարճվել է հենց նախաքննության, մյուս մասը՝ դատաքննության ընթացքում: Այս պահին դատարանը քննում է գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը: Հայտնի չէ՝ ինչով կավարտվի այն:

Քաղաքը 5 տարի ղեկավարած Մամիկոն Ասլանյանը դատապարտվեց կոռուպցիոն հանցանքների համար, բայց ընդդիմախոսներն այն ոչ թե կոռուպցիայի դեմ պայքար, այլ քաղաքական հաշվեհարդար են համարում: Նրա հետ դատապարտվեց քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետը, բայց դրանից հետո էլ շարունակում էր պաշտոնավարել: Այժմ էլ կաշառք վերցնելու համար է կանգնել դատարանի առաջ, բայց մի քանի ամիս կալանքից հետո այժմ ազատության մեջ է: Դեռ երկու տարի առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ էր հարուցել արդեն վարչապետի նշանակած պաշտոնակտար Արկադի Փելեշյանի ղեկավարած Վանաձորի համայնքապետարանում տեղի ունեցած կոռուպցիոն գործարքների կասկածանքով: Իրավապահները խուզարկություն էին իրականացրել համայնքապետարանում: «Ազատության» տեղեկություններով՝ իրավապահների կասկածները գնումների և համայնքին պատկանող հողատարածքների վարձակալության գործընթացներին էին վերաբերում։ Բայց մինչ օրս այս գործով որևէ առաջընթաց չկա, մեղադրյալներ՝ նույնպես:

33-ամյա Արեն Մկրտչյանը, որ երկու շաբաթ առաջ հրաժարվեց պատգամավորական մանդատից ու նշանակվեց այս պաշտոնում, 2018-ի հեղափոխությունից հետո Լոռու արդեն 5-րդ ղեկավարն է:

Նախկին ՔՊ-ական մարզպետներից միայն Արամ Խաչատրյանն էր, որ պաշտոնից ազատվեց վարչապետի Լոռու մարզ կատարած այցից ու նրա դժգոհությունից հետո: Այդ աղմկահարույց ստուգայցին նոր պաշտոնանկություններ հաջորդեցին. Արմավիրի մարզպետն ու Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը հեռացան պաշտոններից:

Չնայած այդ աղմկոտ պաշտոնանկություններին, այդպես էլ դպրոցների ու մարզադահլիճների անորակ շինարարության գործով քրեական վարույթ չեղավ, պաշտոնից ազատված Լոռու մարզպետն էլ վարչապետի խորհրդական նշանակվեց:

Կադրային փոփոխություններ են սպասվում

Երեկ Արեն Մկրտչյանը խիստ պահանջներից հետո անպատասխանատվության կոնկրետ օրինակներ է բերել: Ասել է՝ Վանաձորում նոր կառուցված թիվ 8 մանկապարտեզը դեռ չի գործում զուտ այն պատճառով, որ խոհանոցի համար նախատեսված գազօջախը պատվիրելուց հետո չորս ամիս չի հասել մանկապարտեզ:

«400 երեխա սպասում է մանկապարտեզի բացմանը։ 2 ժամում բերվեց 1000 պատճառաբանություն՝ առանց չափազանցության ընդհուպ իրանա-իսրայելական պատերազմ, թե ինչի համար գազօջախը չի մատակարարվում։ Հարցը լուծվեց 24 ժամում, պարոն Փելեշյան, լուծվեց, չէ՞: Ես էստեղ մտածողության պրոբլեմ եմ տեսնում, հարգելի գործընկերներ», - հայտարարեց Մկրտչյանը։

Ի դեպ, հենց այս հանդիպման նախօրեին էր Վանաձորի համայնքապետարանը հայտնել, թե «թիվ 8 մանկապարտեզն արդեն պատրաստ է շահագործման և, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը հանձնարարել էր բացել մանկապարտեզը»։ Երեկվա իր ելույթում Արեն Մկրտչյանը զգուշացրել է՝ նման հարցեր չլուծող պաշտոնյաները կազատվեն աշխատանքից: Արեն Մկրտչյանը հայտարարել է, որ կադրային փոփոխություններ է նախատեսում, խոսել է իր ենթակաների նկատմամբ հավանական ճնշումների մասին: Թե ումից են սպասվում այդ ճնշումները, չի մանրամասնել. «Աշխատանքային գործունեության բերումով եթե կստանաք ձեզ համար տարօրինակ զանգեր, կզգաք ճնշում, անարգանք, խոսափողը փոխանցեք ինձ։ Ես կբացատրեմ, որ մարզպետարանի հետ նման կատակներ անել չի կարելի, ով ուզում է լինի»:

Այս բավականին ընդլայնված հանդիպմանը լրատվամիջոցները հրավիրված չէին: Մարզպետարանից ասում են՝ հանդիպումն աշխատանքային էր և փակ լրագրողների համար: Լոռու նորանշանակ մարզպետի12 րոպեանոց ելույթի տեսագրությունը տեղադրված է միայն ֆեյսբուքի նրա անձնական էջում: Պաշտոնական հարթակներում չկա: Տեսագրությունից պարզ չէ՝ արդյո՞ք ներկաները նրա հարցեր են ուղղել կամ դիտարկումներ արել, բայց ելույթն ընդունել են բուռն ծափահարություններով: