ՔՊ-ական պաշտոնյան հաստատում է, որ հայհոյանքներով հաղորդագրություններ ստացել է, բայց իր առնչությունը ծեծին հերքում է

Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյան, արխիվ

Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարն այսօր սովորականի պես մասնակցեց Կառավարության նիստին, թեև երրորդ օրն է՝ լրատվամիջոցներում նրան առնչվող աղմկահարույց քրեական պատմությունն է պտտվում:

«Քննչական մարմինը կպարզի», - այսօր հայտարարեց Սուրեն Թովմասյանը;

Կադաստրի նախկին աշխատակիցը ամուսնու առևանգման ու ծեծի համար ՔՊ-ական պաշտոնյային է մեղադրում. - «Ծեծի ընթացքում, նշեմ, որ անընդհատ ասել են՝ «Սուրոյին էի՞ր էս ասում, էս էի՞ր ասում, դե կեր, դե ստացի, դե էս, դե էն»: Դրա համար մեկից մեկ ակնհայտ ա, որ իրա պատվերն էին կատարում»:

Չնայած Վերոնիկա Միքայելյանի պնդումներին՝ Փաշինյանի կուսակցին մինչ օրս Քննչական կոմիտե էլ չեն հրավիրել:

«Հարգելիներս, ես դեռևս չեմ հրավիրվել քննչական մարմին», - ասաց Թովմասյանը:

Վերոնիկա Միքայելյանը նախօրեին «Ազատությանը» պատմել էր, թե մի խումբ տղամարդիկ իր ամուսնուն առևանգել, տարել են Լուսակերտ ու դաժանաբար ծեծել, մարմնական ծանր վնասվածքներ հասցրել: Հաշվեհարդարը, պնդում են, կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հրահանգով է եղել: Վերոնիկա Միքայելյանին Թովմասյանն օրեր առաջ աշխատանքից ազատել է, ամուսինն էլ վրդովված նրան հաղորդագրություններ է ուղարկել, ինչին էլ հաջորդել է ծեծը:

«Եվ ծառայողական քննության արդյունքում կայացվել է համապատասխան որոշումներ, և ոչ մեկ ծառայողական քննություն: Այսինքն՝ դա հենց էնպես որևէ մեկը չունի նման լիազորություն՝ որևէ քաղծառայողի վերցնել և ասել՝ «հարգելիներս, գիտե՞ք ինչ, պետք է ազատվեք աշխատանքից», - նշեց Սուրեն Թովմասյանը: - «Հայհոյանքներ է իր ամուսինը ուղարկել ինձ, և շատ լավ կլինի, որ հենց իրենք էլ դա ներկայացնեն իրավապահ համակարգին»:

ՔՊ-ական պաշտոնյան հաստատեց, որ նախկին աշխատակցի ամուսնուց հայհոյախառը հաղորդագրություն է ստացել, բայց ժխտեց, թե ինքը դեպքի հետ կապ ունի. - «Ինձ ընդհանրապես չի կարելի նման բան վերագրել»:

Թովմասյանը վստահեցնում է, թե այդ հաղորդագրությունները ոչ մեկը չի լսել, ընտանիքից էլ տեղյակ չեն, որ գնան ու հաշվեհարդար տեսնեն: Մինչդեռ տղամարդը պատմել է՝ իրեն ծեծողների խմբում Թովմասյանի մերձավորներին է տեսել, այդ թվում՝ նրա կնոջ եղբորը:

«Ու նաև Սուրեն Թովմասյանի կնոջ եղբայրն էլ ա եղել: Հա, հա, ամուսինս ասել ա, որ նա էլ ա եղել: Ինքն էլ իրա քրոջ համար ա սպառնում՝ քրոջն ես քրֆել, երեխաներին, էդ ամենը հերյուրանք ա», - «Ազատությանն» ասաց Վերոնիկա Միքայելյանը:

Խմբի անդամներից մեկն էլ, ըստ տուժողների, ներկայացել է որպես կոմիտեի գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանի եղբայր, հարվածների ընթացքում էլ Կադաստրի պետին պաշտպանող խոսքեր են ասել:

«Կհրավիրեն հարցաքննության, կգնանք, կպարզվի՝ ովքեր են մեղավորները, եթե կան այդպիսիք», - ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարը:

Դեպքը տեղի է ունեցել չորս օր առաջ: Ծեծված տղամարդը մարմնական տարբեր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Այսօր ստացել են հետազոտությունների ամբողջական պատասխանները: Կադաստրի կոմիտեի ղեկավարին հայհոյած տղամարդու կողոսկրերն են կոտրել, ծնոտը փշրել, մեկ աչքը չի տեսնում:

«Ես տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ եմ, այս պահի դրությամբ իմ կրթությունը ստանում եմ Արիզոնայի համալսարանում՝ մագիստրոսական թեզ եմ պաշտպանում էնտեղ, 2013 թվականից դասավանդում եմ և կրթել եմ շուրջ հազար երեխա, և նման լեքսիկոն և նման վարքագիծ ինձ հարիր չէ», - պնդեց Թովմասյանը:

Սուրեն Թովմասյանը Կադաստրի կոմիտեն ղեկավարում է 2019 թվականից՝ Փաշինյանի հրամանով: Չի պատրաստվում պաշտոնից հրաժարվել կամ արձակուրդ գնալ մինչև նախաքննությամբ իր առնչությունը պարզվի կամ հերքվի:

Նիկոլ Փաշինյանն էլ է հորդորում սպասել քննության ավարտին. - «Էդ հարցերը չեն որոշվում ո՛չ վարչապետի բրիֆինգում, ո՛չ լրագրողի տված հարցում, այդ հարցերը որոշվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Ծեծված տղամարդու ընտանիքի պնդումներն էլ վարչապետը փաստ չի համարում: «Եվ ինձ հայտնի չի փաստ, որ Կադաստրի կոմիտեի ղեկավարի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել: Այսինքն, ընդհանրապես, տեսեք, չի կարելի քրեական դատավարության հետ կապված հարցերը ձևակերպել էնպես, որ իրանք հարյուրավոր մետրերի ամպլիտուդ ունենան», - այսօր հայտարարեց Փաշինյանը:

Տղամարդու առևանգման ու ծեծի դեպքով քրեական գործ է հարուցվել: Մարմնական ծանր վնասվածքներ ստացած տուժողին ակտիվ հարցաքննում են, այսօր էլ են Քննչական կանչել, բայց ենթադրյալ բռնարարներին՝ ոչ: Չնայած տուժողը կոնկրետ մարդկանց անուններ է նշում, որ տեսել է իրեն առևանգողների ու ծեծողների խմբում, մինչ այս պահը գործով մեղադրյալ ու կասկածյալ չկա, «Ազատությանն» այսօր փոխանցեցին Քննչականից:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ամուսնուս առևանգել են, դաժանաբար ծեծել» ու Կադաստրի պետի անունը նշել. կոմիտեի նախկին աշխատակից