ՔՊ խմբակցության քարտուղարը դեռ ներողություն չի խնդրել ընդդիմադիր կին պատգամավորից

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյան, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան, կոլաժ

«Սեռավարակների թեստի» վերաբերյալ աղմկահարույց հայտարարությունից երկու օր անց էլ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դեռ ներողություն չի խնդրել ընդդիմադիր կին գործընկերոջից։ Իսկ արդյոք պատրաստվո՞ւմ է, այսօր չհաջողվեց պարզել. իշխանական պատգամավորն «Ազատության» զանգերն անպատասխան է թողնում։ Խորհրդարան-Կառավարություն այսօրվա հարցուպատասխանին էլ իշխանականները չանդրադարձան իրենց թիմակցի հայտարարությանը։

«Մի հատ թող ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, որ հասկանանք՝ էդ չորս հատ տունը իրան որտեղից», - հայտարարել էր Հովհաննիսյանը:

Իշխող խմբակցության անդամները, չնայած հրապարակավ ուղիղ չեն դատապարտում Հովհաննիսյանի պահվածքը, սակայն անընդունելի են համարում այն։

Այսօր էլ ՔՊ-ական կին պատգամավորներից Զարուհի Բաթոյանն անդրադարձավ աղմկահարույց հայտարարությանը, մինչ այս նա հրապարակավ չէր խոսել միջադեպից։

«Ցավում եմ, որ տիկին Թովմասյանի սադրանքներին պարոն Հովհաննիսյանը տրվել է և էդպես է պատասխանել», - ասաց Բաթոյանը:

Ճեպազրույցի ընթացքում ասաց, թե Հովհաննիսյանի հետ անձամբ խոսել է այդ թեմայով։ Չբացահայտելով զրույցի բովանդակությունը, նշեց՝ գործընկերոջը չի առաջարկել մանդատը վայր դնել։

«Էստեղ եթե մենք խոսում ենք ընդհանրապես կանանց հանդեպ խտրականության, սեռով պայմանավորված կարծրատիպերի վերարտադրության մասին, էս մասով, բնականաբար, ես անընդունելի եմ համարում հենց էդպիսի արտահայտությունները», - ասաց Զարուհի Բաթոյանը:

Իշխանական պատգամավորը միևնույն ժամանակ շեշտեց՝ բացասաբար է վերաբերվում նաև Թագուհի Թովմասյանի հայտարարությանը. ընդդիմադիր պատգամավորն անցած շաբաթ իր ճեպազրույցի ընթացքում իրեն ռեպլիկ նետած Հովհաննիսյանի հարցով երկուշաբթի օրը դիմել էր խորհրդարանի ղեկավարին՝ պահանջելով, որ ՔՊ խմբակցության քարտուղարը թմրանյութի թեստ հանձնի: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորն իր առաջարկը բացատրել էր այն հանգամանքով, որ դեռևս 2017-ին Արթուր Հովհաննիսյանը բերման է ենթարկվել ոստիկանություն, և նրա մեքենայից հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված, որն էլ քրեական գործի հարուցման պատճառ էր դարձել: Քրեական գործը, սակայն, ըստ մամուլի հրապարակումների, հետագայում կարճվել է։

Զարուհի Բաթոյանը Թագուհի Թովմասյանի այս առաջարկն էլ թիրախավորում որակեց. - «Ուզում եմ խոսել նաև տիկին Թովմասյանի արտահայտության մասին: Ինչո՞ւ; Որովհետև, հարգելի գործընկերներ, երբ մենք թիրախավորում ենք, օրինակ, թմրանյութեր օգտագործած անձին, օրինակ, հա՞, ո՞վ է թմրանյութեր օգտագործող անձը՝ առողջական խնդիրունեցող անձն է, այսինքն՝ մարդը, ով ունի կախվածություն: Եվ հետևաբար՝ ինձ համար անընդունելի է, որ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամը կարող է թիրախավորել որևէ անձի և նաև կարծրատիպեր վերարտադրել»:

Մինչդեռ ինքը՝ Թագուհի Թովմասյանը, վիրավորանք կամ թիրախավորում չի համարում թմրանյութի թեստ հանձնելու վերաբերյալ իր առաջարկը։

«Ես չեմ կարծում, որ դա վիրավորական է՝ հաշվի առնելով անցյալում իր ունեցած խիստ առնչությունը թմրանյութերի հետ: Չէ՞ որ ոստիկանությունը իր մեքենայում հայտնաբերել է, իրեն ձերբակալել է թմրանյութի գործով: Այսինքն՝ ե՛ս չեմ ասում դա», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Թովմասյանն էլ դեռ չի պատրաստվում ներողություն խնդրել Հովհաննիսյանից։ «Ազատության» հետ զրույցում ասաց՝ դիրքորոշում կհայտնի, եթե Հովհաննիսյանը մանդատը վայր դնի։ Ընդդիմադիր պատգամավորը շարունակում է պնդել, որ Հովհաննիսյանը պետք է թմրանյութի թեստ հանձնի. - «Որ նա պիտի հանձնի թեստ, ես շարունակում եմ պնդել, որովհետև ոչ ադեկվատ մարդը պիտիտա իր ոչ ադեկվատության գնահատականը և փաստարկված պիտի ասի: Ինքը պիտի գնար, և դա լավագույն լուծումն էր, ինքը կարող էր ինքնամաքրվել էդ թեմայով: Բայց ինքը, ինչպես միշտ, գնաց սխալ ճանապարհով և ավելի խայտառակվեց»:

Իշխող ուժում, չնայած դեռ պաշտոնապես չեն հաստատել, բայց դատելով իշխանական պատգամավորների հայտարարություններից՝ մերժելու են էթիկայի ժամանակավոր հանձաժողով ստեղծելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախաձեռնությունը։ Այսօր խորհրդարանում պատգամավորներից Զարուհի Բաթոյանն պնդեց, թե քաղաքական շահարկումների համար է ընդդիմությունը նման նախաձեռնությամն հանդես գալիս։ Ըստ Բաթոյանի՝ մշտական հանձնաժողով ստեղծելու օրենսդրական առաջարկություն են պատրաստվում անել, արդեն նախագիծ են մշակել։

«Ես ցավով եմ, իհարկե, ասում, որ կան դեպքեր, որոնք իսկապես պետք է քննվեն էդ հանձնաժողովում, բայց էս պահին, ես վստահ եմ, որ ընդդիմությունը դա պարզապես որպես հարց շահարկելու է», - նշեց իշխանական պատգամավորը:

Իշխանականները ավելի վաղ մերժել էին իրենց մյուս կուսակցի՝ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի վարքը քննող էթիկայի հանձնաժողով ստեղծել. նա էլ լրագրողի հասցեին էր վիրավորական արտահայտություններ արել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ես կարծում եմ համարժեք է». ՔՊ-ական կին պատգամավորները արձագանքում են «սեռավարակի թեստի» մասին հայտարարությանը «Սեռավարակի թեստից» մինչև «սեռային պատկանելության» կասկած. Թագուհի Թովմասյանի համոզմամբ՝ ՔՊ պատգամավորը պետք է մանդատը վայրի դնի