Երուսաղեմում առնվազն վեց մարդ է զոհվել, մեկ տասնյակից ավելին՝ վիրավորվել ավտոբուսի կանգառում կրակահերթերից։ Ըստ ոստիկանության՝ արյունահեղությունն իրագործել են «երկու ահաբեկիչներ, որոնք իջել են սեփական մեքենայից ու կրակ բացել կանգառի ուղղությամբ»։ Այդ անձինք, ըստ քննության, ենթադրաբար եղել են պաղեստինցիներ, որոնք սպանվել են դեպքի վայրում գտնվող իրավապահների կողմից։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հարձակումից հետո հանդիպել է ուժայինների հետ և այցելել դեպքի վայր:
Մերձավոր Արևելքում իրավիճակը չափազանց լարված է արդեն ավելի քան երկու տարի՝ Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել էր մոտ 1200 մարդ։ Գազայի հատվածին Իսրայելի պատասխան հարվածներից, ըստ պաղեստինյան իշխանությունների, անկլավը մեծամասամբ ավերակների է վերածվել, զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, մեծ մասը՝ կանայք ու երեխաներ։