Լեհաստանը ՆԱՏՕ-ից լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի տեխնոլոգիա է խնդրել՝ երկիրը Ռուսաստանի հնարավոր ներխուժումներից ավելի լավ պաշտպանելու համար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Մեզ անհրաժեշտ են Patriot-ներ, քանի որ անօդաչու թռչող սարքերը Ռուսաստանի կողմից մեր օդային տարածքին ներկայացվող միակ սպառնալիքը չեն: Մեզ նաև անհրաժեշտ է «հակաօդային պատ», - Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում ասել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին:
Չեխիայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են Լեհաստանին փոխանցել երեք Մի-171Շ ուղղաթիռ: «Դրանք կօգնեն լեհական բանակին պաշտպանել երկիրը ցածր թռչող անօդաչու թռչող սարքերից», - ասվում է Չեխիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Նիդերլանդների իշխանություններն էլ որոշել են 2025 թվականի վերջին Լեհաստանի արևելք մատակարարել հակաօդային պաշտպանության համակարգեր: «Երկու Patriot համակարգերով, NASAMS-ով և 300 զինվորականներով մենք կտեղակայենք առաջադեմ հնարավորություններ», - X սոցիալական ցանցում գրել է պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը:
Լեհաստանը սեպտեմբերի լույս 10-ի գիշերը իր տարածքում կործանել էր ռուսական մի քանի անօդաչուներ, բանակը սա որակել էր ագրեսիայի ակտ, որը իրական վտանգ է պարունակում ժողովրդի համար: Մոսկվան գրեթե ամբողջ օրը լռելուց հետո միայն հայտնեց, որ Լեհաստանի տարածքում որևէ թիրախային հարված նախատեսված չի եղել, սակայն պատրաստ են լեհական կողմի հետ խորհրդակցություններ անցկացնել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեհաստանն իր տարածքում կործանել է ռուսական մի քանի ԱԹՍ-ներ․ Վարշավան դիմում է ՆԱՏՕ-ին