Մարդը դատվում է իր մտքի համար, դա իր օրագիրն է. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանն այսպես արձագանքեց, երբ այսօր դատական նիստի ժամանակ մեղադրող կողմը որպես ապացույց ներկայացրեց Շիրակի թեմի առաջնորդի օրագիրը։
Ըստ մեղադրող կողմի՝ Աջապահյանը ցանկացել է, որ իր խոսքը, երբ նա խոսում էր հեղաշրջման մասին, լայն զանգվածներին հասանելի դառնա, և օրագրում, ըստ մեղադրողի, հարցազրույցների դիտումների մասին հետաքրքրվածությունը ցույց է տալիս հենց նրա դիտավորությունը:
«Թեև ձայնս դեռ քաշված է, սակայն հարցազրույց տվեցի «168 ժամ»-ին, որտեղ խստագույնս դատապարտեցի այս իշխանությանը՝ կոչ անելով հեղաշրջման», - օրագրից կարդաց մեղադրողը՝ շարունակելով. - «Պատվարժան դատարան, նշված ապացույցով, ըստ էության, վերահաստատվում է, հիմնավորվում է մեղադրյալին ներկայացված մեղադրանքը, մասնավորապես՝ իշխանությունը յուրացնելու կոչ անելու հետ կապված»:
«Այսինքն՝ յուրաքանչյուր ընթերցված և, էսպես, մգեցված տողում սրբազանը խոսում է դիտումների քանակի մասին: Յուրաքանչյուր ողջամիտ մարդ իր ասած ողջամիտ խոսքը, այսինքն՝ հորդորը կամ կարծիքը կամ վերլուծությունը, իհարկե կկարևորի, որ իրեն հանրությունը լսի: Իսկ որ սրբազանը հեղաշրջման, իշխանության զավթման որևէ կոչ չի արել, արդեն իսկ էդ վերահաստատում անվանված տեսագրության մեջ պարզաբանել է», - հակադարձեց փաստաբանը:
«Հայաստանի Հանրապետությունում աննախադեպ բան է տեղի ունեցել՝ մարդը դատվում է ոչ միայն իր խոսքի, կարծիքի, այլ նաև՝ մտքի համար: Որովհետև եթե մի բանի վրա գրված է օրագիր, դա տվյալ մարդու միտքն է, և եթե հանկարծ սրբազանը մի օր մտածեր, որ դա հանրայնացվելու է, հաստատապես էդ օրագիրը չէր վարի: Դա մարդու անձնական մտքերն են: Մարդը հիմա դատվում է ոչ միայն իր խոսքի համար, այլ էդ խոսքի ապացուցմանը վրա է հասնում մտքերը», - նաև հայտարարեց Մարինե Ֆարմանյանը:
Դատարանն այսօր շարունակեց Աջապահյանի գործով ապացույցների հետազոտումը։ Սրբազանի օրագիրը թերևս առանցքային դեր ունի այս գործում, այստեղ անձնական տվյալներ կան։ Բայց Միքայել Աջապահյանը դեմ չէր, որ այն ընթերցվի դռնբաց նիստում։
Օրագիրը հայտնաբերել են արքեպիսկոպոսի կեցավայրում իրականացված խուզարկությամբ՝ նրա համակարգչում: Օրագրում Աջապահյանը նշումներ է կատարել այն մասին, թե որ օրը որ լրատվամիջոցն է հարցազրույց տվել, և քանի մարդ է այն դիտել:
Ապացույցների հետազոտման ժամանակ նախորդ նիստում ներկայացվել էին տեսանյութեր։ Դրանցից մեկում երևում էր՝ ինչպես են իրականացվել քննչական բոլոր գործողությունները։ Փաստաբանական թիմը նախորդ նիստում էլ, այսօր էլ պնդեց, որ այդ գործողությունները տեղի են ունեցել լրջագույն խախտումներով, և հենց այդ պատճառով՝ թերահավատ են ներկայացված ապացույցների վերաբերյալ, այդ թվում՝ թե ինչպես են նրանք այս օրագիրը հայտնաբերել:
Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի հոդվածով։ Մեղադրանքի հիմքում նրա մեկ տարվա վաղեմության մի հարցազրույց է, որտեղ հոգևորականը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում՝ մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել: Դատախազությունը հիմնավորում է, թե նա այս հայտարարությունն արել է նաև 2025-ի հունիսին։
Պաշտպանական կողմն այսօր իր ապացույցները ներկայացնելիս հիշեցրեց, որ մեղադրանքի հիմքում հենց նույն տեսանյութն է, որտեղ իրավապահները հանցակազմ չեն հայտնաբերել:
Այս փուլում սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն նիստերի ընթացքում իր դիրքորոշումն է հայտնում փաստաբանական թիմի ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ։ Դատարանի դահլիճից նա հայտարարեց, որ չի ընդունում իրեն մեղսագրվող հոդվածը։
Մեղավոր ճանաչվելու դեպքում Միքայել Աջապահյանին սպառնում է տուգանքից մինչև 5 տարի ազատազրկում: