Մարթա Կոս. Եվրամիությունն ու Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Երևանում ասուլիսի ժամանակ, 20-ը սեպտեմբերի, 2025թ.

Խաղաղության հաստատումն Ադրբեջանի հետ պատմական պահ է Հայաստանի համար, կարծում է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը: Նա հավելեց, որ այդ քայլը նոր հնարավորություններ է ստեղծում նաև Եվրամիության հետ հարաբերություններում: Սա միայն Հայաստանի մասին չէ, շեշտում է Կոսը, այլ՝ ամբողջ տարածաշրջանի, քանի որ որքան հզոր է Հայաստանը, այնքան ավելի ուժեղ կարող են լինել տարածաշրջանում կապերը:

«Ես կարծում եմ, որ մենք իսկապես պետք է միասին օգտագործենք այս պատմական պահը և բոլորս միասին կառուցենք ուժեղ Հայաստան», - հայտարարեց եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան Երևանում ասուլիսի ժամանակ:

Հայաստանը՝ կապող օղակ Եվրամիության և Կենտրոնական Ասիայի միջև

Այս պատմական շրջանում Եվրամիությունը Հայաստանը տեսնում է իբրև կապող օղակ՝ իր և Կենտրոնական Ասիայի միջև, այս առումով Եվրամիությունը կօժանդակի, որ ստեղծվելիք այդ շղթայում Հայաստանի օղակն ամուր լինի: Այդ ծրագրերից մեկը կոչվում է «Դիմակայունություն և աճ», և դրանով մոտ 270 միլիոն եվրո է հատկացվելու Հայաստանին: Իսկ մինչև Կենտրոնական Ասիա հասնելու իրենց ծրագրերի իրագործման համար Եվրամիությունը նախատեսում է ընդհանուր առմամբ 3 միլիարդ եվրո հակացնել՝ զարգացնելու էներգետիկայի, առևտրի, ենթակառուցվածքների և թվային տեխնոլոգիաների ոլորտը։ Այս հարցով, ասաց, ակտիվորեն շփվում են ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև Թուրքիայի և հենց Կենտրոնական Ասիայի երկրների հետ:

«Մենք ցանկանում ենք Եվրոպան կապել Կենտրոնական Ասիայի հետ։ Իսկ դուք այստեղ՝ միջնամասում եք։ Եվ սա պատմական պահ է հենց ձեր աշխարհագրական դիրքի պատճառով։ Երկրներն ու ժողովուրդները սովորաբար չեն կարող ընտրել աշխարհագրական դիրքը, բայց կարելի է ընտրել, թե ինչ անել այդ աշխարհագրական դիրքի հետ։ Եթե ավելի կոնկրետացնենք` մենք այժմ գտնվում ենք նախագծերի մշակման և քննարկման գործընթացում։ Երբ խոսում էի ձեր կառավարության ներկայացուցիչների, ինչպես նաև նախորդ օրերին Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդների հետ, առաջարկեցինք ստեղծել աշխատանքային խումբ՝ երեք երկրներ գումարած Եվրոպական միություն, որտեղ կքննարկենք, թե որ նախագծերն են լավագույնը՝ կապերը զարգացնելու և յուրաքանչյուր երկրում առանձին զարգացում ապահովելու համար», - ասաց ԵՄ հանձնակատարը:

Մարթա Կոսը շեշտում է, որ ենթակառուցածքների ու կապակցվածության այս օրակարգի դեպքում թե՛ Հայաստանը, թե՛ Եվրամիությունն ավելի ուժեղ կդառնան, և որ այս ծրագրիրը կարևոր է նաև Եվրոպայի համար. - «Եվրոպան ևս նոր վստահելի գործընկերներ է փնտրում և նոր ռեսուրսներ։ Աշխարհքաղաքականությունն այստեղ փոխվել է, և փոխկապակցման այս օրակարգն այժմ իրագործվում է ոչ թե Հայաստանի հյուսիսով, այլ հարավով: Եվ մենք ցանկանում ենք ավելի շատ ներդրումներ անել։ 3 միլիարդ եվրոյի բյուջեն, որի մասին խոսում էի, մինչև 2027 թվականի ավարտի հաշվարկով է: Դրանից հետո ևս նոր հսկայական հնարավորություններ կլինեն»։

Your browser doesn’t support HTML5

ԵՄ համար Հայաստանի աշխարհագրական կարևորության մասին

Բայց ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանը Եվրամիությանն անդամակցության հարցում, որո՞նք են Հայաստանի ամենամեծ մարտահրավերները այդ ճանապարհին, և որքանո՞վ է դա իրատեսական մի փուլում, երբ Եվրամիության ընդլայնմանը դաշինքի անդամներից ոչ բոլորն են համաձայն: Այս հարցին ի պատասխան, Մարթա Կոսն ասում է՝ Եվրամիության 27 երկրներից 23-ը ընդլայնման կողմնակից է, իսկ վերջին հարցումները ցույց են տաիս, որ Եվրամիության բնակչության 56 տոկոսը կողմ է ընդարձակմանը, տարիներ առաջ այդ թիվը ավելի փոքր էր: Իրավիճակն այս հարցում արագ է փոխվում, և անգամ նախորդ դեկտեմբերի համեմատ հիմա լրիվ այլ վիճակ է, ասում է Կոսը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվում, Ուկրաինայում հակառակը՝ պատերազմը դադարելու միտում դեռ ցույց չի տալիս, առաջին անգամ Եվրամիությունը քննարկում է ընդարձակման ծրագիր պատերազմի մեջ գտնվող երկրի հետ:

«Եվ պատմության մեջ առաջին անգամ այս ընդլայնման գործընթացը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ, այսպես ասենք, արտաքին խաթարող ուժերը ցանկանում են կանգնեցնել մեզ։ Բայց մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա։ Ինչո՞ւ։ Որովհետև Եվրոպան խաղաղության նախագիծ է։ Եվ ընդլայնումը Եվրամիության ամենակարևոր արտաքին քաղաքական ուղղությունն է է, որը կարող է մեզ հնարավորություն տալ խաղաղություն ունենալ», - հայտարարեց եվրահանձնակատարը:

Բայց խաղաղություն հնարավոր չէ առանց անվտանգության, շեշտեց Կոսը: Ռուսաստանի հնարավոր բացասական արձագանքի մասին հարցին անդրադառնալով Մարթա Կոսն ասաց՝ որոշակի մրցացություն կա ռուսական և եվրոպական ուղիների միջև, բայց եթե Եվրամիությունը շահագրգռված է տեսել ուժեղ, կայուն, անկախ, ժողովրդավար գործընկեր, ապա Ռուսաստանը՝ հակառակը՝ թույլ ու կախյալ, ինչո՞ւ՝ որ կարողանա վերահսկել:

«Շնորհավորում եմ ձեզ այս քաջության համար՝ ընտրելու եվրոպական հեռանկարը»

Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարների մասին խոսելով՝ ԵՄ ընդարձակման հանձնակատարն ասաց, որ յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում իր ճակատագիրը, և ուրախ է, որ Հայաստանում դեպի Եվրամիություն խորհրդանշական քայլ է կատարվել՝ օրենքի ընդունման տեսքով.

«Հայ ժողովրդի հստակ կամարտահայտումը՝ արտացոլված հատուկ օրենքում, չափազանց ոգևորիչ և շատ կարևոր խորհրդանշական քայլ է։ Ինչպես արդեն սկզբում ասացի, յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում է իր սեփական ուղին։ Եվ շնորհավորում եմ ձեզ այս քաջության համար՝ ընտրելու եվրոպական հեռանկարը։ ԵՄ-ին ավելի ու ավելի մոտենալու գործընթացը շատ բարդ ու պահանջկոտ է և ներառում է նաև բոլոր անդամ պետություններին։ Սա նշանակում է, որ բոլոր անդամ պետությունները պետք է համաձայնեն ձեր ապագա անդամակցության հնարավորության վերաբերյալ։ Այսինքն՝ երբ դուք պատրաստ լինեք, այդ ժամանակ կկարողանաք առաջ շարժվել։ Եվ սա նաև մեր պատասխանատվությունն է՝ օգնել ձեզ պատրաստվել այս խիստ և երկար գործընթացին, համապատասխանեցնել այն ամենն, ինչ անհրաժեշտ է, որպեսզի դուք կարողանաք քայլել եվրոպական ճանապարհով»:

Մարթա Կոսն ասում է՝ Վրաստանի հետընթացը Եվրամիության հետ հարաբերություններում ուղղակիորեն չի կարող ազդել Հայաստանի վրա: Ինչ վերաբերում է Երևան-Բրյուսել հարաբերություններին, ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատարն ասաց՝ Եվրամիությունն ու Հայաստանը երբեք այնքան մոտ չեն եղել, որքան հիմա:

«Մենք մեր հարաբերությունները կառուցում ենք գործընկերության համաձայնագրի հիման վրա և շուտով կունենանք Նոր գործընկերության օրակարգը, որի վրա աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Ինչպես գիտեք, անցած տարի նաև սկսել ենք վիզաների ազատականացման գործընթացը։ Եվ սա շատ ավելին է, քան պարզապես այն, որ Հայաստանի քաղաքացիները մուտք կունենա Եվրոպական միություն։ Սա տվյալների ու սահմանների կառավարման մասին է, վերահսկողության՝ թե ով է մտնում Հայաստան, ով է դուրս գալիս։ Եվ մենք պատրաստ ենք աջակցել այս հարցում: Մեր հաջող համագործակցության երրորդ սյունը ընդհանուր առմամբ 270 միլիոնի «Աճ և դիմադրողականություն» ծրագիրն է», - հայտարարեց ԵՄ հանձնակատարը:

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հնարավորության մասին

Արցախից տեղահանվածների վերադարձի հարցը չի քննարկել Ալիևի հետ

Մարթա Կոսը Հայաստանից առաջ այցելել էր Ադրբեջան, եղել Բաքվում ու Աղդամում, արդյո՞ք ընդլայնման հարցերով հանձնակատարը Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է Արցախից տեղահանվածների վերադարձի հարցը, որը բարձրացվել էր ավելի վաղ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևում։ Հանձնակատարն ասաց՝ այդ հարցը չի քննարկել Ալիևի հետ, այցելել է Լեռնային Ղարաբաղ՝ տեսնելու, թե այնտեղ ինչպես է ականազերծման ծրագիրն ընթանում, իսկ Արցախցի փախստականների Հայաստանում ինտեգրման հարցը քննարկել է այստեղ՝ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Հաշտեցումը չի կարող պարտադրվել դրսից, այն կարող է գալ միայն ներսից: Ձեր փախստականներին օգնելը, որ երկրի այս մասում հաստատվեն, այժմ ամենակարևորն է, և հույս ունեմ մենք նաև ապագայում կօգնենք», - նշեց Կոսը:

Մարթա Կոսը հիշեցրեց Եվրամիության ստեղծման պատմությունը, թե ինչպես Երկրորդ համաշխարհայինից հետո նախկին թշնամիները սկսեցին համագործացել հենց տնտեսական հարցերում՝ ածխի և պողպատի ոլորտում, ինչը հետագայում հանգեցրեց արդեն մեկ միության, նման մի բան, ասաց, կարող է այս տարածաշրջանում էլ տեղի ունենալ:

Your browser doesn’t support HTML5

Մարթա Կոսը՝ արցախցիների հնարավոր վերադարձի մասին