«Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է և առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան», - հայտարարում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը՝ անդրադառնալով իշխանական լրատվական կայքերում տարածված՝ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին վերագրվող հեռախոսազրույցների ձայնագրություններին։
«Իշխանությունների կողմից՝ եկեղեցու դեմ սանձազերծված գործողությունների, այդ թվում վերջին օրերին տասնյակ հոգևորականների բերման ենթարկելու և երկու եկեղեցականների կալանքի տանելու ենթատեքստում, արդեն իսկ ակնհայտ է, թե ով է կանգնած հերթական այս արարքի հետևում։
Այս օրերին ողջ իրավապահ և դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ», - ասված է ի պատասխան լրատվամիջոցների հարցումների Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունում:
Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցել են, որ համացանցում տարածված ձայնագրությունն արդեն իսկ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կդառնա քննության առարկա: