«Մենք պետք է ընտրություն կատարենք». Փաշինյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Հայաստանի վարչապետը ոչ թե խաղաղությանը հակասող և հետքայլ է որակում Ադրբեջանի նախագահի՝ Սևանա լիճը Գյոյչա անվանելու երեկվա հայտարարությունը, այլ բացատրում է, թե ինչու է Իլհամ Ալիևը հայկական տարածքն այդպես անվանել: Նիկոլ Փաշինյանին այսօր լրագրողը հարցրեց՝ արդյո՞ք նախագահ Ալիևի այդ հայտարարությունը հետքայլ է:

«Ձեր հարցով իրականում Դուք ինձ շատ դժվար վիճակի մեջ եք դնում, ես երկընտրանքի առաջ եմ՝ Ձեր հարցն պատասխանելուց առաջ արդյո՞ք ընդգծեմ, որ Ադրբեջանի նախագահի՝ Ձեր ասածը չի արտահայտում ամբողջ պատկերը, որովհետև Ադրբեջանի նախագահն ասել է, որ «ցարական քարտեզներում եթե նայենք, Սևանա լիճ չկա», կա այլ անուն», - ասաց վարչապետը:

Իլհամ Ալիևը, երեկ ելույթ ունենալով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառմանը, հայտարարել էր, թե տարիներ շարունակ հայկական կողմը և սփյուռքը խեղաթյուրել են իրենց պատմությունը, և այժմ էլ քարոզչությունը շարունակվում է:

«Մենք պետք է դրանց հակադրենք մեր գիտական ճշմարտությունները։ 20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ տարածքում գրեթե բոլոր տեղանունները, ասօրվա Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ծագում ունեն. Սևանա լիճ չկա, կա Գյոյչա», - ասել էր Ադրբեջանի նախագահը:

«Ոչ թե ասել է, որ Սևանա լճի անունը Գյոյչա է, այլ ասել է, որ եթե նայենք ցարական ... », - այսօր նշեց Հայաստանի վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության ենթակայությամբ գործող «Օրբելի» վերլուծական կենտրոնի միջոցառմանն էր մասնակցում, մինչ հարցուպատասխանը թեմային անուղղակի անդրադարձավ նաև իր ելույթում: Դարձյալ պնդելով, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտն ավարտված է, Փաշինյանը հորդորում էր չմոռանալով պատմությունը՝ չմտնել պատմությունը վերարտադրողի վիճելի դերակատարման մեջ:

«Որովհետև եթե նայենք ցարական ժամանակների քարտեզներին, դե գնանք ուրեմն նայենք, ես բաների մասին ասեցի, Կիրովաբադի և Կիրովականի մասին ասեցի, Ելիզավետպոլի ու Ալեքսանդրապոլի մասին չասեցի: Այսինքն՝ մենք պետք է ընտրություն կատարենք, մենք պետք է ընտրություն կատարենք», - հայտարարեց վարչապետը:

Ադրբեջանի նախագահը, մինչդեռ, երեկ ոչ միայն պատմությունն էր հիշել, այլ նաև ապագայից էր խոսում՝ վերստին պնդելով, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, և դա կանեն «ոչ թե տանկերով, այլ՝ մեքենաներով»։

«Մեր ժողովուրդը ներդրում է ունեցել այն երկրների պետականության մեջ, որտեղ ապրում է, և այսօր էլ ոչ մի երկրում ադրբեջանցիները խնդիրներ չեն ստեղծում և չեն ստեղծի որևէ պետության կամ որևէ այլ ժողովրդի համար։ Հետևաբար, ադրբեջանցիների վերադարձը ժամանակակից Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին և պետությանը», - ասել էր Ալիևը:

Բաքվի այս օրակարգը Նիկոլ Փաշինյանը մեկ բառով որակեց «վտանգավոր»: Այստեղ էլ Փաշինյանն, ըստ էության, դեմ էր պատմությանը հղում անելուն և դրանից բխած օրակարգերին: Ինքն այլ առաջարկ ունի հարևան պետությանը.

«2025 թվականի օգոստոսի 8. էդ կոնկրետ կարող ենք ասել ամիս-ամսաթիվ և մեկնարկային կետ: Կարող ենք ասել 2024 թվականի, ցավոք, չեմ հիշում, կանոնակարգը երբ է ստորագրվել, սեպտեմբերին և հոկտեմբերին վավերացվել է, կարող ենք կետը ասել և կարող ենք ասել՝ այ սա քաղաքական մեկնակետ է, որի վրա կառուցվում են մեր պրոցեսները: Պատմական հարենիքը ո՞ր թվից է սկսում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մենք պետք է ընտրություն կատարենք. Փաշինյանը՝ Ալիևի հայտարարությունների մասինԱդրբեջանի հետ կոնֆլիկտը, ըստ Փաշինյանի, քաղաքական առումով ավարտված է, սոցիալ-հոգեբանորեն՝ ոչԱլիևը վերստին Հայաստան ադրբեջանցիների վերադարձից է խոսում, Երևանում նրա ելույթում վտանգներ չեն տեսնում

Այսօրվա միջոցառմանը ներկա էին նաև Ադրբեջանից ժամանած երկու փորձագետ ու երկու լրագրող: Հիմնական թեման տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարը, ապաշրջափակումն ու դրանից բխող հնարավորություններն էին: Ադրբեջանցի փորձագետները լրագրողների հետ կարճ ճեպազրույցում չցանկացան պարզաբանել՝ ինչու է Իլհամ Ալիևը Սևանա լիճը Գյոյչա անվանում, փոխարենը հիշեցրին Վաշինգտոնի հռչակագիրը:

«Եթե փորձագիտական կարծիք եք հարցնում, առաջարկում եմ, որ ստուգենք Վաշինգտոնի հռչակագիրը, որը վերաբերում է տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության երկուստեք ճանաչմանը», - ասաց Ռուսիֆ Հուսեյնովը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն պետք է օգնի Հայաստանին՝ սահմանելու անխոչընդոտ անցումը. ադրբեջանցի փորձագետ

Այդ հռչակագրով Ադրբեջանը Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն է ստանալու դեպի իր էքսկլավ Նախիջևան, իսկ Հայաստանը՝ փոխադարձ առավելություններով ճանապարհ: «Անխոչընդոտ հաղորդակցություն» ձևակերպման ներքո Բաքվում ի՞նչ են հասկանում, արդյո՞ք անկնկալում են Հայաստանի տարածքով անցնել առանց ստուգումների՝ չհանդիպելով Հայաստանի իրավասու մարմինների աշխատակիցների, հարցին ադրբեջանցի երկու փորձագետներից ոչ մեկը ուղիղ չպատասխանեց:

«Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի պատասխանատվությունը պետք է լինի օգնել Հայաստանին՝ սահմանելու անխոչընդոտ անցումը: Սրա համար ժամանակ կպահանջվի, մենք չենք կարող հիմա ինչ-որ հստակ բան ասել, դա ադրբեջանա-հայկական և հայ-ամերիկյան բանակցությունների հարց է: Ժամանակ է պետք, որպեսզի հասկանանք, թե գործնականում անխոչընդոտ անցումը ինչ կարող է նշանակել: Դա կարող է նշանակել էլեկտրոնային համակարգ՝ առանց անձնական ստուգումների, կարող է նշանակել այլ մեխանիզմ», - ասաց Զաուր Շիրիևը:

Իսկ ի՞նչ տարածք նկատի ունեն Ադրբեջանում, երբ գործածում են «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը. Բաքվի ներկայացուցիչներն ասացին, թե դա Ադրբեջանի համար ավելի լայն հասկացություն է, չի վերաբերում TRIPP-ին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստը»՝ Երևանում Արմեն Գրիգորյանի հետ մեկ սեղանի շուրջ

Սա վերջին մեկ ամսում Ադրբեջանից երկրորդ խմբի այցն է Երևան: Նախորդի կազմում որպես ադրբեջանական քաղհասարակության ներկայացուցիչ Երևան էր այցելել նաև Լաչինի միջանցքը փակած անձանցից մեկը: