Կառավարությունն առայժմ չի արձագանքել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների շրջանում ինքնասպանության փորձերի մասին իրավապաշտպանների ահազանգերին, Հայաստանի քաղաքացիների պահման, առողջական ու հոգեբանական ծանր վիճակի մասին մտահոգիչ տեղեկություններին:
Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը երեկ «Ազատության» հետ զրույցում տեղեկացրել էր, որ գերիներն օրերս հեռախոսազրույցներ են ունեցել իրենց հարազատների հետ, որոնց ժամանակ էլ հայտնի է դարձել ինքնասպանության փորձերի մասին:
Կառավարությունն առարկայական քայլեր չի ձեռնարկում գերիների վերադարձի ուղղությամբ. ընդդիմադիր պատգամավոր
«Մեր գերիները մնալու են Աստծո հույսին. կապրեն՝ կապրեն, կմահանան՝ կմահանան, ինքնավնասման կգնան ... չենք կարող ասել, թե ինչով կավարտվի այս ամենը, բայց, որ ոչ մի լավ տեղ չի տանում այս իրադարձությունների զարգացումը, կարող ենք ի սկզբանե արձանագրել», - ասում է խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Թագուհի Թովմասյանը։ Նա այսօր խոսելով Բաքվի բանտերում ծանր վիճակում գտնվող հայ գերիների մասին պնդեց, թե իրականում կառավարությունն առարկայական քայլեր չի ձեռնարկում նրանց վերադարձի ուղղությամբ: Այն դեպքում, երբ Սահմանադրությամբ կառավարության պարտավորությունն է պաշտպանել Հայաստանի քաղաքացիների իրավունքները. «Կասկածները դառնում են հիմնավոր, որ գերիների վերադարձը Նիկոլ Փաշինյանին քաղաքականապես ձեռնտու չէ, որովհետև ռազմաքաղաքական գերիների վերադարձն իր համար կարող է որոշակի քաղաքական անհարմարություն պատճառել, և նրա վերընտրությունն իր համար ավելի կարևոր է, քան ՀՀ քաղաքացու շահը», - ասում է Թովմասյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր. Սիրանուշ ՍահակյանԸնդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Կարմիր Խաչի գրասենյակը գերիների և նրանց ընտանիքների համար վերջին հույսն էր, բայց Ադրբեջանի պահանջով միջազգային այս կառույցն էլ փակվեց՝ կատարյալ մեկուսացման մեջ թողնելով Հայաստանի քաղաքացիներին: Թովմասյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունն այլընտրանքային որևէ մեխանիզմ ստեղծելու ուղղութամբ էլ քայլեր չի ձեռնարկում:
«Կարմիր Խաչն այն եզակի և բացառիկ կառույցն էր, որ կարողանում էր մտնել պատժախցեր և իրական տեղեկություն փոխանցել ընտանիքներին, հիմա վերջին օղակը կտրվեց, այդ օղակը կտրվելուց հետո ես դժվարանում եմ ասել, թե ինչ է սպասվում մեր գերիներին՝ հաշվի առնելով այն բոլոր կտտանքները և խոշտանգումները, որ այս տարիների ընթացքում իրականցվել են հայ գերիների նկատմամբ տարբեր ժամանակներում», - ընդգծում է ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Թագուհի Թովմասյանը
«Մեզ համար գերիների վերադարձն առաջին տեղում է». իշխանական պատգամավոր
Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխանական Ռուստամ Բաքոյանը, մինչդեռ հավաստիացնում է՝ հնարավոր ամեն բան արվում է գերիների վերադարձի ուղղությամբ. «Մեզ համար գերիների վերադարձն առաջին տեղում է, օրակարգում է, ինչին մենք ծանոթ ենք, դա այսբերգի երևացող հատվածն է, իսկ չերևացող հատվածն ահռելի ծավալի աշխատանք է, որն իրականացվում է»:
Իսկ Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակի փակման դեմ հայկական կողմը որևէ լծակ չունի, ասում է Բաքոյանը. «Արդյոք մենք կարող ենք ազդեցություն ունենալ գրասենյակի փակման կամ չփակման վրա, տրամաբանական է, որ մենք որևէ կերպ դրա վրա չենք կարող ազդեցություն ունենալ»։
ՀԿ-ները դիմել են ԱԳՆ-ին՝ հայ գերիներին մեկուսացումից ու դրանից բխող վտանգներից ապահովագրելու համար կոնկրետ մեխանիզմի առաջարկով
Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը և տասից ավելի հասարակական կազմակերպություններ Բաքվի բանտերում հայ գերիներին մեկուսացումից ու դրանից բխող վտանգներից ապահովագրելու համար կոնկրետ մեխանիզմ են առաջարկել Հայաստանի արտգործնախարարությանը:
Մասնավորապես խնդրելով ԱԳՆ -ին՝ դիմել չեզոք որևէ երկրի, որի հյուպատոսական ծառայողները կայցելեն հայ գերիներին և տեղում կծանոթանան նրանց վիճակին: Սակայն Հայաստանի արտգործնախարարությունը իրավապաշտպանների այս դիմումը անարձագանք է թողել և այդպես էլ չի հստակցենում՝ Երևանը պատրա՞ստ է Ադրբեջանում գերեվարված Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցով դիմել որևէ երրորդ երկրի, թե՝ մերժում է այս առաջարկը:
Իրավապաշտպանը կարծում է՝ ԱԳՆ-ի այս քայլը կարող է դառնալ Բաքվի բանտերում պահվող հայ գերիների մեկուսացումը ճեղքելու միակ մեխանիզմը. «Դրական արդյունքի մասին լռում են, ինչը նշանակում է, որ չկա որոշում իրացնելու այս կարևորագույն սուվերեն իրավունքը», - ասում է իրավապաշտպանը։
«Բաքվում հայ գերիների հարցը փակված են համարում»
Իսկ Բաքվում «հայ գերիների հարցը» փակված են համարում: Ադրբեջանական իշխանական մամուլն այսօր համանուն վերնագրի ներքո ծավալուն մի վերլուծություն է հրապարակել, ընգծելով փաստը, որ գերիների հարցը տեղ չգտավ նախաստորագրված Խաղաղության պայմանագրում: Ադրբեջանական լրատվամիջոցը գրում է՝ Բաքվում պահվող Հայաստանի քաղաքացիների վիճակը Ադրբեջանի ներքին գործն է: