2 միլիոն դոլարի վնաս ունենք. «Սպայկա»-ի մեքենաները ՌԴ-ում դեռ արգելափակված են

Հայաստանի խոշորագույն բեռնափոխադրող և արտահանող «Սպայկա» ընկերությունից հայտնում են՝ Ռուսաստանի տարբեր հատվածներում արգելափակված իրենց 100-ից ավելի մեքենաներից 30-ում բերքը գրեթե փչացել է։ Շուրջ 15 օր է՝ ռուս իրավապահները կանգնեցրել են «Սպայկա»-ի մեքենաների շարժը:

Ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ մինչ օրս պատճառների մասին հստակ տեղեկություն չունեն:

«Մեքենաների հետ կապված որևէ տեղաշարժ չկա, ինչպես կանգնած էին, այդպես էլ մնացել են կանգնած։ Ցավոք, միջի բեռներն էլ չեն թողել, որ դատարկվի։ Այն մեքենաները, որի մեջ մնացել են բեռները, արդեն փչանալու ենթակա են», - ասաց Բաղդասարյանը։

Օրերս ընկերությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկացրել էր, թե առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ ու կանդրադառնան իրենց նկարագրմամբ՝ Ռուսաստանում իրականացվող ագրեսիվ գործողություններին։

Կարեն Բաղադասրյանն ասաց՝ հաջորդիվ հայտարարությունը դեռ չեն տարածել, քանի որ Ռուսաստան գործուղված իրենց իրավաբանները դեռ չեն կարողացել պաշտոնական պատասխան ստանալ:

«Ազատության» հարցին՝ հերքո՞ւմ եք, որ բարձր տուգանքներ կան, Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք դեռ պաշտոնապես տեղեկություն չենք ստացել, դա լուրերի մակարդակով է, այդ պատճառով դեռևս չենք կարող դա մեկնաբանել»։

Ըստ «Սպայկա»-ի ներկայացուցչի՝ շուտով հայ ֆերմերներն էլ մթերման խնդիրներ կունենան

«Սպայկա»- ի զարգացման գծով տնօրենի խոսքով՝ ռուսական կողմը թույլ է տվել բեռի մի մասը ռուսական մեքենաներով հասցնել վաճառակետեր, մյուս 30-ը դեռ կանգած են:

Ըստ Բաղասարյանի՝ շուտով հայ ֆերմերներն էլ մթերման խնդիրներ կունենան, որովհետև ընկերությունը գրեթե պարալիզացված է, իսկ իրենց վնասը հասնում է մի քանի միլիոն դոլարի. «Արդեն կարող ենք ֆիքսել, որ մոտ 2 միլիոն դոլարի վնաս ունենք։ Իրավիճակն ինչքան ձգվի, այդ թիվը կարող է նաև աճել։ Մեքենաների կանգը շուկայում առաջացնելու է արտահանվող ապրանքների մասով մեքենաների դեֆիցիտ», - շեշտում է «Սպայկա»-ի ներկայացուցիչը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի՞նչ է տեղի ունենում «Սպայկա»-ի հետ, քաղաքականությունը խոչընդոտո՞ւմ է հայ- ռուսական առևտրային հարաբերություններին

Մոսկվայից զգուշացնում են

Մինչ «Սպայկա»-ի շուրջ անորոշությունը գնալով խորանում է, Հայաստանի կառավարությունն էլ շարունակում է լռել, Մոսկվայից զգուշացնում են՝ ԵՄ-ի հետ ասոցացման դեպքում՝ Հայաստանի նկատմամբ կարող է մաքսային այլ ռեժիմ կիրառվել:

Օրերս այս մասին ռուսական ТАСС-ին էր հայտնել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ու հիշեցրել՝ Հայաստանի գյուղմթերքը մեծ մասամբ ռուսական շուկայում է վաճառվում, տարածարջանի մյուս երկրները դրա կարիքը չունեն. «Մենք այլևս ազատ ապրանքաշրջանառություն չենք ունենա և չի լինի անմաքս առևտուր։ Շուկայի առանձնահատկությունն այն է, որ Հայաստանի արտադրանքը պահանջարկ ունի Ռուսաստանում։ Նրանք շրջապատված են այնպիսի երկրներով, որտեղ խաղող, ծիրան և այլ մրգեր ու բանջարեղեն առկա են, այսինքն՝ Հայաստանը մրցակցային առավելություն չունի։ Իսկ Ռուսաստանը Հայաստանի համար պրեմիում շուկա է։ Ես արդեն չեմ ասում այն մասին, որ ԵՄ-ից ապրանքների ներհոսքը կարող է հեղեղել հայկական շուկան, ինչը շատ քիչ հնարավորություն կթողնի հայկական բիզնեսի զարգացման համար։ Կարծում եմ՝ այս գործոնները նրանք նույնպես պետք է գնահատեն» » - ընգծել էր ՌԴ փոխվարչապետը։

Լռություն՝ երկրի ամենախոշոր բեռնափոխադրողի թեմայով

Ի դեպ, երկու օր առաջ ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխան էր: Բայց ո՛չ իշխանական, ո՛չ էլ ընդդիմադիր պատգամավորները Հայաստանի թիվ մեկ բեռնափոխադրող ընկերության հարցը չբարձրացրին գործադիրի առջև:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որ ֆեյբուքյան իր էջում մեկը մյուսին հաջորդող գրառումներով ու տեսանյութերով պատմում է ոլորտի հաջողություններից, օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների, տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին, շարունակում է լռություն պահպանել երկրի ամենախոշոր բեռնափոխադրողի թեմայով: Այսօր էլ նախարարությունից փոխանցեցին՝ հարցն իրենց տիրույթում չէ, հորդորեցին մանրամասներն ընկերությունից ճշտել:

Ընկերությունից ասացին՝ դիմել են Էկոնոմիկայի նախարարություն։ Հարցին, թե կառավարությունից ի՞նչ աջակցություն են սպասում, ընկերության զարգացման գծով տնօրենն ասաց. «Այս պահին վաղ է դրա մասին խոսել, բայց մենք դիմել ենք, որպեսզի նախ հասկանանք խնդրի առաջացման էությունն ինչի մեջ է , որովհետև բոլորս հասկանում ենք՝ նման հարցերը պետք է քննարկումների շրջանակում որոշակի ուղիներ լինեն լուծելու։ Ամեն դեպքում, մենք դիմել ենք Էկոնոմիկայի նախարարությանը, որպեսզի իրենց օղակներով պարզենք հարցի էությունը։ Մենք գիտենք, որ աշխատում են այդ ուղղությամբ, սպասում ենք»։

«Սպայկա»-ի արտահանման ու բեռնափոխադրման հիմնական ուղղությունը հենց Ռուսաստանն է: Առջևում խաղողի մթերման սեզոնն է, կկարողանա՞ արդյոք ընկերությունը գնել ֆերմերների արտադրանքն ու վճարել դրա դիմաց, «Սպայկա»-ում չգիտեն: