Մոսկվան պնդում է, որ Մոլդովայի ղեկավարությանը խոչընդոտել է Ռուսաստանում բնակվող հարյուր հազարավոր քաղաքացիների քվեարկությունը խորհրդարանական ընտրություններում։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Մոլդովան Ռուսաստանի տարածքում ընդամենը երկու ընտրատեղամաս էր բացել, և սահմանափակ պայմանների պատճառով հարյուր հազարավոր քաղաքացիներ չեն կարողացել քվեարկել։
Մոլդովայի արտգործնախարարությունը քվեարկության օրը հայտարարել էր, որ ռուսաստանյան ընտրատեղամասերից յուրաքանչյուրում հասանելի է ընդամենը 5 հազար քվեաթերթիկ։ Նախարարությունը սահմանափակումներն անվտանգության նկատառումներով էր պայմանավորել, սակայն այլ մանրամասներ չէր նշել։
Մոլդովայի պաշտոնական աղբյուրների համաձայն, Եվրամիությունում և այլ արևմտյան երկրներում քվեարկել է ավելի քան 276 հազար քաղաքացի՝ ավանդաբար հօգուտ եվրոպամետ ուժերի։
Երկրի նախագահ Մայա Սանդուն Ռուսաստանին մեղադրում է ընտրություններին միջամտելու, այդ թվում՝ ընտրակաշառքների, ապատեղեկատվության, կիբերհարձակումների մեջ։ Քվեարկության նախաշեմին էլ Մոլդովայի իշխանությունները մրցապայքարից հեռացրել էին Ռուսաստանի հետ սերտ կապերի օգտին հանդես եկող երկու ընդդիմադիր ուժի: