Մոսկվայից զգուշացնում են՝ ԵՄ-ի հետ ասոցացման դեպքում Հայաստանի նկատմամբ կարող է մաքսային այլ ռեժիմ կիրառվել

Մինչ հայաստանյան խոշոր բեռնափոխադրողի՝ «Սպայկա»-ի բեռնատարները շարունակում են արգելափակված մնալ Ռուսաստանում, Մոսկվայից զգուշացնում են՝ Եվրամիության հետ ասոցացման դեպքում Հայաստանի նկատմամբ կարող է մաքսային այլ ռեժիմ կիրառվել:

Օրերս փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը պետական ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել էր. «Հայաստանն ինքնուրույն իրավունք ունի որոշել ԵՄ-ի հետ ինտեգրման հեռանկարները, սակայն Երևանում պետք է հասկանան, որ դա նշանակում է արմատապես այլ մաքսային ռեժիմ՝ ՌԴ-ի հետ առևտրում։ Եթե այդ ուղղությամբ զարգացումն ընթանա, ապա մենք ստիպված կլինենք վերանայել մեր տնտեսական քաղաքականությունը այս երկրի նկատմամբ, մենք այլևս ազատ ապրանքաշրջանառություն չենք ունենա և չի լինի անմաքս առևտուր: Շուկայի առանձնահատկությունն այն է, որ Հայաստանի արտադրանքը պահանջարկ ունի Ռուսաստանում։ Նրանք շրջապատված են այնպիսի երկրներով, որտեղ խաղող, ծիրան և այլ մրգեր ու բանջարեղեն առկա են, այսինքն՝ Հայաստանը մրցակցային առավելություն չունի։ Իսկ Ռուսաստանը Հայաստանի համար պրեմիում շուկա է։ Ես արդեն չեմ ասում այն մասին, որ ԵՄ-ից ապրանքների ներհոսքը կարող է հեղեղել հայկական շուկան, ինչը շատ քիչ հնարավորություն կթողնի հայկական բիզնեսի զարգացման համար։ Կարծում եմ՝ այս գործոնները նրանք նույնպես պետք է գնահատեն»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սպայկա»-ից հաստատում են՝ իրենց 100-ից ավելի բեռնատարներ Ռուսաստանում կանգնած են

2 միլիոն դոլարից ավելի վնաս է լինելու, ասում են «Սպայկա»-ից

«Սպայկա»-ի տնօրինությունը դեռ անցած շաբաթ էր հաստատել, որ ռուս իրավապահներն արգելել են իրենց երկրում գտնվող ընկերության100-ից ավելի բեռնատարների շարժը: Ռուսական կողմն, ըստ «Սպայկա»-ի, թույլ էր տվել, որ բեռնված գյուղմթերքը վաճառակետեր հասցնեն, բայց ռուսական բեռնատարներով: Այսօր, սակայն, ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանն «Ազատությանն» ասաց՝ ոչ բոլոր մեքենաներից են հասցրել բերքը տեղափոխել, շուրջ 30 բեռնատարներում մթերքը հիմա փչանում է. «Մի մասը թույլ չտվեցին: Ավելի շատ՝ կարծես կամայական մոտեցում լինի. տարբեր տեղեր տարբեր մոտեցում է մեքենաների նկատմամբ: Այս պահին այդ մեքենաների մեջ, որ ապրանքը մնացել է, արդեն երևի շուտով կփչանան: 30-ից ավելի մեքենա չեն թողնում» , - ասաց Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ նախնական տեղեկություններով 2 միլիոն դոլարից ավելի վնաս է լինելու:

Իշխանական պատգամավորը քաղաքական ենթատեքստ չի տեսնում

Այս ընթացքում պետական որևէ կառույց ոչինչ չի ասում՝ տեղա՞կ են արդյոք, թե ինչ է կատարվում Հայաստանի ամենախոշոր արտահանող ընկերության հետ՝ ՌԴ-ում, փորձո՞ւմ են արդյոք պետական խողովակներով տեղեկություն ստանալ կամ աջակցել ընկերությանը: «Ազատությունն» այսօր խորհրդարանում է փորձել իշխանականներից պարզել այս հարցի պատասխանը:

ՔՊ-ական պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանն «Ազատությանն» ասել է՝ ծրագրում են մյուս շաբաթ քննարկման հրավիրել «Սպայկա»-ի ղեկավարությանը: Ասաց՝ հանձնաժողովում տեղյակ են խնդրից, բայց պաշտոնական պատասխան ռուսական կողմից դեռ չկա:

«Իրենք նույնպես սպասում են ռուսական կողմի պարզաբանումներին, որ հասկանան, թե խնդիրն ինչումն է: Քանի որ, իրենք նույնպես տեղյակ չեն, սպասում են պատասխանին, որպեսզի փոխանցեն մեզ, քննարկենք համատեղ, գուցե նաև ռուսական համապատասխան կառույցի հետ քննարկենք, հասկանանք՝ ինչումն է խնդիրը, և լուծում ստանա խնդիրը: Մեզ, եթե հենց այսօր, «Սպայկա»-ի ղեկավարությունը տեղեկատվություն փոխանցի, փաստաթղթեր լինեն, որ մենք ուսումնասիրենք, մենք անմիջապես կկապվենք Ռուսաստանի համապատասխան կառույցի հետ», - ընդգծում է Բագրատյանը:

Փաստորեն, շուրջ մեկ շաբաթ է՝ ինչ Հայաստանի ամենախոշոր արտահանողի բեռնատարներն արգելափակված են ՌԴ-ում, բայց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում դեռ մյուս շաբաթ քննարկում կլինի: Ու, չնայած, ՌԴ փոխվարչապետը հստակ նշում է, որ ԵՄ-ի հետ ասոցացման պայմաններում Հայաստանը ՌԴ արտահանման խնդիրներ կունենա, իշխանական պատգամավորը քաղաքական ենթատեքստ չի տեսնում «Սպայկա»-ի հետ կատարվածում. «Չեմ կարծում, եթե նման խնդիր լիներ, ընդհանրապես ՌԴ մուտքը պետք է փակեին: Այսինքն՝ ընտրողաբար փակելն իմաստ չի ունենա քաղաքական կոնտեքստում, վստահ եմ, որ ավելի շատ տնտեսական խնդիր կա, որոշակի օրենսդրական խնդիր կա, որը կարգավորելուց հետո խնդիրը կլուծվի», - ասում է իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Բագրատյանը նույնպես շատ բան չգիտեր, եզրակացրեց՝ գուցե Էկոնոմիկայի նախարարության հետ է ընկերությունն ինտեսնիվ աշխատում: «Սպայկա»-ից, ի դեպ, «Ազատությանն» ասել էին, որ Էկոնոմիկայի նախարարությանը տեղեկացրել են խնդրի մասին, բայց Էկոնոմիկայի նախարարությունը շարունակ լռում է: Այսօր նույնպես մեր զանգերին չպատասխանեցին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի՞նչ է տեղի ունենում «Սպայկա»-ի հետ, քաղաքականությունը խոչընդոտո՞ւմ է հայ- ռուսական առևտրային հարաբերություններին

Մաքուր քաղաքականություն է. տնտեսվարող

Մինչ ՔՊ-ական պատգամավորը տեղի ունեցածում քաղաքական ենթատեքստ չի տեսնում, «Սպայկան» էլ առհասարակ քաղաքական ենթատեքստի մասին հարցերին չի անդրադառնում, տնտեսվարող Ավագ Հարություննյանը, որ տարիներ շարունակ նաև սեփական արտադրանքն է Ռուսաստան արտահանում, ասում է՝ այն ինչ տեղի է ունենում «Սպայկա»-ի հետ, մաքուր քաղաքականություն է. «Մի բան հաստատ է, որ ընկերության դեմ է: Բայց, ոչ թե այդ ընկերությունը «Սպայկան» է, այլ որ այդ ընկերությունը հայկական ընկերություն է, ամենախոշորը, և վնասը կլինի նշանակալի ու տեսանելի: Հայ-ռուսական հարաբերությունները երբեք տնտեսական գերակա վեկտոր չեն ունեցել: Միշտ շաղկապված են եղել քաղաքական վեկտորներով», - ընդգծեց տնտեսվարողը:

Ի դեպ, փոխվարչապետ Օվերչուկը նաև նշել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը հնարավոր անդամակցության դեպքում կարող են առաջանալ խնդիրներ ավիափոխադրումների ոլորտում՝ հաշվի առնելով, որ ներկայումս Եվրոպական միության և Ռուսաստանի միջև օդային տարածքը փակ է։ Բարդություններ են հնարավոր նաև սահմանամերձ բեռնափոխադրումների կազմակերպման գործընթացում։

«Կլինեն այլ գներ ինչպես էներգակիրների, այնպես էլ սննդամթերքի համար, որոնք այսօր Հայաստանը՝ որպես մեր դաշնակից, ստանում է Ռուսաստանից: Երկիրը կկորցնի նաև Իրանի հետ ազատ առևտրի գոտու շնորհած առավելությունները։ Կարող են լինել բազմաթիվ հետևանքներ, որոնք պետք է ճիշտ հասկանալ ու գնահատել։ Սա շատ վատ սցենար է, առաջին հերթին՝ սովորական մարդկանց համար։ Մենք դա չենք ցանկանում, և հենց այդ պատճառով էլ բաց խոսում ենք այս մասին: Իհարկե, ինչ-որ բաներ էլ Հայաստանը ԵՄ-ից կստանա. կարող են նոր շուկաներ բացվել նրանց համար, նոր ուղղություններ ի հայտ կգան։ Նրանք ստիպված կլինեն ամեն ինչ ծանր ու թեթև անել ու գնահատել բալանսը։ Ի վերջո, որոշումը կընդունի Հայաստանի ժողովուրդը։ Դա իրենց ընտրությունն է», - հայտարարել է ՌԴ փոխվարչապետը:

«Սպայկա»-ից «Ազատությանն» ասացին՝ ռուսական պետական մարմիններից դեռ պաշտոնական պարզաբանում չունեն, իրենց իրավաբանները հենց այդ նպատակով մեկնել են այդ երկիր՝ պարզելու բեռնատարների արգելափակման պատճառները: