«Նոա»-ն միավոր վաստակեց Ռումինիայում

Երևանի «Նոա»-ն միավոր վաստակեց ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում՝ Ռումինիայում ոչ-ոքի՝ 1:1 խաղալով «Ունիվերսիտատեա Կրայովա»-ի հետ:

Հանդիպման հաշիվը 38-րդ րոպեին բացեցին դաշտի տերերը, 73-րդ րոպեին Հայաստանի չեմպիոնը վերականգնեց հավասարակշռությունը:

Հայ երկրպագուները՝ «Ունիվերսիտատեա Կրայովա»- «Նոա» հանդիպմանը

Հետխաղային ասուլիսի ժամանակ Հայաստանի չեմպիոն «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ասաց. «Շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին՝ մեկ միավորի համար։ Առաջին խաղում ֆուտբոլիստների ցուցադրած խաղից ես շատ գոհ եմ։ Մենք խաղացինք՝ ինչպես մենք նախապատրաստվել ու մարզվել էինք, կարծում եմ՝ 2-3 գոլ խփելու լավ հնարավորություն ունեցանք, ցավոք, չխփեցինք։ Ցանկացած փոքր սխալի համար մենք պատժվեցինք։ Երկրորդ խաղակեսին մենք փորձում էինք գոլ խփել, թույլ չտվեցինք, որ խաղի 1:0-ն մեր մտածողությունը կոտրի։ Մենք գոլ խփեցինք, հաշիվը դարձրինք 1:1՝ ցույց տալով մեր բնավորությունը։ Կարծում եմ՝ մենք արժանի էինք այս միավորին։ Վերջերս մեր մարզումներում ցուցադրվող կենտրոնացվածության, մոտիվացիայի, նպատակասլացության, հույզերի, կրքի և որակի մակարդակը ինձ ուրախացնում և հպարտացնում է։ Ես նախորդ օրվա մարզումից հետո ասացի նրանց, որ այսօրվա հանդիպումը կավարտվի, մենք կհաղթենք կամ կպարտվենք, բայց ինձ համար կարևորը, որ մենք գործենք այնպես, ինչպես հիմա ենք անում», - ընդգծեց մարզիչը:

«Ազատության» ռեպորտաժը՝ Ռումինիայից.

Հեղինակավոր մրցաշարի Լիգայի փուլում «Նոա»-ն այժմ 4 միավորով 10-րդ հորիզոնականում է:

Երրորդ տուրում հայաստանյան ակումբը նոյեմբերի 6-ին կընդունի չեխական «Սիգմա» (Oլոմոուց) թիմին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Նոան» եվրագավաթային պայքարը շարունակում է. Կոնֆերենցիաների լիգայում կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովա»-ի հետԿոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի առաջին խաղում «Նոան» հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին«Նոան» երկրորդ անգամ նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիր