Ոստիկանությունում արցախցի Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգելու դեպքով հարուցված քրվարույթը կփակվի. Ուլուբաբյանը հացադուլը շարունակում է

Տիգրան Ուլուբաբյան, արխիվ

Արցախցի Տիգրան Ուլուբաբյանին Ոստիկանության Լոռու մարզային բաժանմունքում խոշտանգելու դեպքով հարուցված քրեական վարույթը կփակվի:

Այսօր Քննչական կոմիտեից տեղեկացրին, որ քննիչն այս վարույթով քրեական հետապնդում չհարուցելու միջնորդություն է ներկայացրել, որը դատախազը բավարարել է:

Տիգրան Ուլուբաբյանը դեռ գարնանն էր բարձրաձայնել, թե Լոռու ոստիկաններն իրեն խոշտանգել ու ստիպել են խոստովանական ցուցմունք տալ: Դրանից հետո իրավապահ կառույցի դիմաց բողոքի ակցիաներ տեղի ունեցան, որից հետո քրեական վարույթ հարուցվեց, բայց այդպես էլ մեղադրյալներ չեղան. ոստիկանները հերքեցին խոշտանգելու մասին Ուլուբաբյանի պնդումները, այլ ապացույցներ էլ՝ ի հայտ չեկան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախցի երիտասարդը պնդում է՝ ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն են կիրառել, ստիպել խոստովանական ցուցմունք տալ

Դեռ գարնանը դիմակավորված անձինք էին հարձակվել, զենքով սպառնացել ու ոսկեղեն էին գողացել Ուլուբաբյանի արցախցի բարեկամուհու տնից: Տուժած ընտանիքը, որ շատ մտերիմ հարաբերություններ ունի Ուլուբաբյանի հետ, ոչ մի կասկած չունի, թե նա կարող է կապ ունենալ այս հանցագործության հետ, մինչդեռ իրավապահների առաջին կասկածյալը հենց նա է եղել. դեպքից անմիջապես հետո նրան ոստիկանություն էին տարել ու հարցաքննել:

Իրեն խոշտանգելու համար ոստիկաններին մեղադրող Տիգրան Ուլուբաբյանն ամիսներ անց՝ հուլիսի սկզբից, կալանավորված է այս ավազակային հարձակմանն օժանդակելու մեղադրանքով:

Կալանավայրում հացադուլ հայտարարած Ուլուբաբյանի առողջական վիճակը վատանում է. փաստաբան

Թե՛ Տիգրան Ուլուբաբյանը ու թե՛ նրա փաստաբան Էրիկ Բեգլարյանը շարունակում են պնդել, որ քրեական հետապնդում է տեղի ունենում՝ առանց ապացույցների: Ուլուբաբյանն արդեն 12 օր հացադուլի մեջ է ու ասում է, որ պատրաստ է անգամ ջրադուլի գնալ՝ արդարության պահանջով, թեև բանտում առողջական վիճակը գնալով վատանում է, ասում է փաստաբանը: Այսօր նա հեռախոսազրույց է ունեցել իր պաշտպանյալի հետ, ով պատմել է, որ քաշը 41 կգ է դարձել, անընդհատ գլխապտույտներ է ունենում, ոտքերը թուլանում են:

«Անգամ ադեկվատ չի պահում իրեն, ոտքերը թուլանում է, գլուխն է պտտվում, շատ նիհարել է, ասում է՝ ջրադուլ էլ եմ անելու, միանգամից մահանամ: Ասում է՝ անիմաստ ինձ բերել են այստեղ, պահում են՝ իբրև հանցագործության կազմակերպիչն եմ, ես ընդհանրապես այդ մասին չգիտեմ: Նա իմ համար քույր է, չի կարող տենց բան լինել, ոնց կարող է տենց բան լինել», - փոխանցում է փաստաբանը:

Հացադուլի 12 օրերին Տիգրան Ուլուբաբյանին այցելել են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ու քրեական վարույթը հսկող դատախազը: Փաստաբանը համոզված է, որ երիտասարդ կալանավորը հիվանդանոց տեղափոխվելու կարիք ունի, բայց այդ մասին դեռ նույնիսկ քննարկումներ չկան: Ավելին, իր տեղեկություններով՝ օրեր անց քննիչները պատրաստվում են Ուլուբաբյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն ներկայացնել դատարան. «Այո, ես այդ մասին էլ տեղեկություն ունեմ, որ քննիչները ուզում են մեկ ամսով նորից կալանքը երկարաձգեն: Ես այդ մասին ասել եմ իրեն, ասել է, որ ես մի ամիս չեմ դիմանա, կմահանամ: Ամենից կարևորն այն է, որ ոչ մի նոր հանգամանք չի բացահայտվել, նախկինում ինչ հիմնավոր կասկած եղել է, այդ նույն հիմնավոր կասկածով տանում են երկարաձգման», - ասաց փաստաբան Էրիկ Բեգլարյանը:

Քննչական կոմիտեից այս տեղեկությունը ո՛չ հաստատեցին, ո՛չ էլ հերքեցին: Ասացին՝ «նման տեղեկատվություն չեն տրամադրում»:

Ավազակային հարձակման գործով չորս մեղադրյալ կա, երեքը կալանավորված է, մեկը՝ հետախուզման մեջ:

29-ամյա Տիգրան Ուլուբաբյանը բանտախուցը կիսում է հացադուլ հայտարարած ևս երկու կալանավորի հետ, ասաց փաստաբան Էրիկ Բեգլարյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Չբացահայտված խոշտանգման դեպքերՈչ մի մեղադրյալ ոստիկան. արցախցի Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգելու գործը դոփում է տեղումԲողոքի ցույց Երևանում՝ ի պաշտպանություն արցախցիների իրավունքների