Ուկրաինական խոցված անօդաչուն Կուրսկի ԱԷԿ-ում հրդեհի պատճառ է դարձել

Ռուսաստան - Կուրսկի ատոմակայանը Կուրչատով քաղաքի մերձակայքում, արխիվ

Ռուսաստանում Կուրսկի ատոմակայանում հրդեհ է բռնկվել, երբ ռուսական ուժերը խոցել և վայր են գցել միջուկային օբյեկտին մոտ թռչող ուկրաինական մարտական անօդաչու թռչող սարքը, հաղորդել է ԱԷԿ-ի մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ անօդաչուն ընկել է օժանդակ տրանսֆորմատորի վրա և պայթել է, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, որը մարվել է, տուժածներ չկան:

Ըստ մամուլի ծառայության՝ ատոմակայանի երրորդ էներգաբլոկի հզորությունը տեղի ունեցածի հետևանքով կիսով չափ նվազեցվել է:

Կուրսկի ԱԷԿ-ից հայտնում են նաև, որ տեղում և շրջակա տարածքում ճառագայթման մակարդակը չի գերազանցում նորման:

Պաշտոնական Կիևից մեկնաբանություններ առայժմ չկան:

Ռուսաստանի Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն էլ հայտնել է, որ Ուստ Լուգա նավահանգստում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի անկման հետևանքով հրդեհ է բռնկվել գազ արդյունահանող «Նովատէկ» ընկերության տերմինալում, տուժածներ չկան, վառելիքի տարաները չեն վնասվել:

Ուկրաինական անօդաչուները Սանկտ Պետերբուրգը և արվարձանները սկսել են գրոհել շաբաթ երեկոյան, «Պուլկովո» օդանավակայանում հետաձգվել են տասնյակ ավիաչվերթներ: Ընդմիջումներով են աշխատել նաև Մոսկվայի, Պենզայի, Կազանի, Իժևսկի, Սամարայի, Տամբովի, Նիժնեկամսկի և Նիժնի Նովգորոդի օդանավակայանները:

Սամարայի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը հաղորդել է, որ ուկրաինական անօդաչուները Սիզրանում գրոհել են «արդյունաբերական ձեռնարկություն», տուժածներ չկան: Astra տելեգրամյան ալիքի տվյալներով՝ խոսքը Սիզրանի նավթավերամշակման գործարանի մասին է: Տեղական տելեգրամյան ալիքները հաղորդում են բազմաթիվ պայթյունների մասին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերը երկրի 13 տարածաշրջանների և Ղրիմի երկնքում խոցվել է 95 անօդաչու թռչող սարք:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հաղորդում են, որ գիշերը ռուսական ուժերը գրոհել են 72 անօդաչու թռչող սարքերով և «Իսկանդեր-Մ» հրթիռով: 48 անօդաչու խոցվել է: Հարվածների հետևանքով Դնեպրոպետրովսկի մարզում 47-ամյա կին է զոհվել, Խերսոնի մարզում զոհվել է մեկ մարդ, ևս երկուսը վիրավորվել են, Զապորոժիեի մարզում վիրավորվել են մի կին և մի տղամարդ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռոստովի մարզում տասնյակ գնացքներ շեղվել են ժամանակացույցիցԹրամփը երկու շաբաթում կորոշի հետագա քայլերը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղղությամբԶելենսկին պնդում է՝ Մոսկվան չի ցանկանում ավարտել պատերազմը