Փարիզը կօգտագործի ռուսական ակտիվների տոկոսները Կիևին նոր մատակարարման համար

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյու, արխիվ

Ֆրանսիան կօգտագործի ռուսական ակտիվների տոկոսները Ուկրաինային ևս 195 միլիոն եվրոյի (211 միլիոն դոլար) ռազմական մատակարարումը ֆինանսավորելու համար: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հարցազրույցում:

Նախագահ Մակրոնն ավելի վաղ ժողովրդին հղած ուղերձում ընդգծել էր՝ Եվրոպան պետք է պատրաստ լինի նույնիսկ առանց ԱՄՆ մասնակցության կանգնել Ուկրաինայի կողքին:

Փարիզը սկսել է նաև հետախուզական տվյալներ տրամադրել Կիևին, որը նախօրեին զրկվել էր ամերիկյան հետախուզության աջակցությունից։

Ավելի վաղ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն առաջարկել է հավաքագրել Ուկրաինային անհրաժեշտ 30 միլիարդ եվրոն՝ միջոցներ հավաքագրելով ինչպես Եվրամիության կողմից պահվող ռուսական սառեցված ակտիվներից, այնպես էլ ԵՄ անդամ պետությունների կամավոր հատկացումներից, որ կարվեն ըստ նրանց ՀՆԱ-ի։