Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Կոպենհագենում կայացած հանդիպմանը քննարկվել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը, «Արմենպրես»-ին փոխանցել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Հայաստանը, ըստ Բաղդասարյանի, վերահաստատում է, որ Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերել ՀՀ տարածքին։
«Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ Կոպենհագենում կայացած հանդիպման արդյունքներով երկու կողմերն էլ տարածել են մամուլի հաղորդագրություն, որից ակնհայտ է, որ երկու կողմերը ընդունում են՝ Հայաստանի տարածքին առնչվում է TRIPP նախագիծը, հետևաբար Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ այլ նախագիծ չկա և չի կարող լինել», -շեշտել է խոսնակը։
Նա հավելել է՝ ՀՀ-ում իրականացվում են միայն TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը, ինչը հստակ ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերում։
Ադրբեջանի նախագահն այսօր ևս կիրառել է այս տերմինը՝ ասելով, որ «Զանգեզուրի միջանցքի բացումը վաշինգտոնյան գագաթաժողովի կարևորագույն արդյունքներից մեկն էր»:
«Զանգեզուրի միջանցք» տերմինի շուրջ իրավիճակը նախորդ շաբաթներին այնքան լարվեց, որ Հայաստանի վարչապետն անգամ հորդորեց Ադրբեջանի նախագահին քարտեզի վրա ցույց տալ «Զանգեզուրի միջանցքը», զգուշացնելով՝ որևէ մեկը իրավունք չունի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա անուն դնել։ Ապա խորհրդարանում տվեց «Հորադիզ-Զանգելան» ձևակերպումը՝ «Զանգեզուրի միջանցքով» փոխարինելու իր բացատրությունը։
«Հորադիզ-Զանգելան երկար է, ասում են «Զանգեզուրի միջանցք»։ Թող ասեն «Զանգեզուրի միջանցք», մենք խնդիր չունենք։ Այդ թեման եկեք համարենք փակված», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիև. «Զանգեզուրի միջանցքի բացումը վաշինգտոնյան գագաթաժողովի կարևոր արդյունքներից մեկն էր»