Փաշինյանն առաջիկա համագումարում կվերընտրվի ՔՊ վարչության նախագահ, վստահ է իշխանական պատգամավորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում «Քաղաքացիական պայմանագրի» համագումարում, արխիվ

Պատգամավոր Հասմիկ Հակոբյանի համար միանշանակ է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորս օրից կայանալիք համագումարում կվերընտրվի իշխող կուսակցության ղեկավար մարմնի՝ վարչության նախագահ:

Փաշինյան 2019-ին հույս ուներ, որ ինչպես չի եղել վարչության նախագահի թեկնածու, չի էլ լինելու: Նրա հույսերը 2022-ին չարդարացան, Հասմիկ Հակոբյանը կարծում է՝ 25-ին ևս:

«Այն, որ Նիկոլ Փաշինյանը ունի բացարձակ նաև ռեյտինգ և վստահություն, սրանում, կարծում եմ, ոչ ոք չի կասկածում: Վարչության անդամի թեկնածուների այդ քվեաթերթիկում առկա է նաև հատուկ տող, որտեղ նշվում է վարչության նախագահի թեկնածուի անունը: Բոլորը թեկնածու են, ում անունը շատ լինի քվեաթերթիկում առանձին տողում, որտեղ պետք է նշեն վարչության նախագահի անուն, նա էլ կդառնա վերջում վարչության նախագահ», - «Ազատության» հետ զրույցում ասաց իշխող կուսակցության պատգամավորը:

«Քաղաքացիական պայմանագրի» գործող վարչությունը, որի նախագահը վարչապետն է, 15 անդամից է բաղկացած՝ Փաշինյանի կաբինետի 3 անդամներ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նրա տեղակալ Արմեն Փամբուխչյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, տարածքային կառավարման նախկին նախարար Գնել Սանոսյանը, 5 պատգամավորներ՝ Ռուբեն Ռուբինյանը, Վահանգն Ալեքսանյանը, Վաղարշակ Հակոբանը, Սասուն Միքայելյանն ու Արփի Դավոյանը: Այս 15-ից միակը, որ չի ուզում վերընտրվել իշխանական կուսակցության նոր վարչությունում, Դավոյանն է. անցած տարի թիմակիցներն ընդառաջ չգնացին նրա ցանկությանն ու մերժեցին արդարադատության նախարարի պաշտոնում Դավոյանի թեկնածությունը:

Այս համագումարում իշխանականներն ուզում են ընդլայնել ղեկավար մարմնի կազմը՝ 15-ի փոխարեն, Հասմիկ Հակոբյանի խոսքով, 20-հոգանոց դարձնել վարչությունը: Նվազագույնը 5-ը կանայք կլինեն, իսկ թեկնածուները 41-ն են: Ի սկզբանե 42-ն էին, բայց շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը լքելուց հետո Հակոբ Սիմիդյանն ինքնաբացարկ է հայտնել:

Ստացվում է՝ մեկ տեղի համար երկու հոգի կպայքարի՝ 6 նախարար, ԱԺ խոսնակը, ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը, ևս 14 պատգամավորներ՝ հիմնականում քաղաքական «հարվածներն» ակտիվորեն իրենց վրա վերցնող օրենսդիրները:

Վարչության ընդլայնման որոշումն ինչո՞վ էր պայմանավորված, չե՞ն ուզում նեղացնել ակտիվ կուսակցականներին:

«Թույլ տվեք ասել, որ ավելի շատ ուժերով ենք ուզում զբաղվել կուսակցությամբ, այո, 20-ն են դարձել, և հատուկ ինչ-որ խնդիր չկա, ուղղակի ավելի շատով ավելի լավ կարող ենք աշխատել, կարծում եմ», - նշեց Հակոբյանը:

Գյումրիի քաղաքապետի ընտրության օրը լրագրողի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելուց հետո պատգամավորական մանդատը վայր դրած Վիլեն Գաբրիելյանն էլ է ուզում վարչության անդամ դառնալ:

Գաբրիելյանը մանդատից հրաժարվելիս էր առաջադրման պլաններից խոսել ու հայտարարել. - «Ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունը ունի լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք»:

Այսօր, սակայն, «Ազատություն»-ը նրա հետ չկարողացավ կապ հաստատել՝ պարզելու՝ կուսակցության առողջացման նրա պլանը ուժի մե՞ջ է:

Պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ասում է՝ թեկնածուների մոտ 50-օրյա ներկուսակցական քարոզարշավն է նախորդել ընտրությանը:

Հարցին՝ վարչապետն է՞լ էր ներկուսակցական քարոզարշավ իրականացնում, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. - «Վարչապետը, եթե նկատել եք, շատ կարևոր գործերով էր էս վերջին շրջանում՝ վաշինգտոնյան փաստաթղթերը, և այլն, զբաղվածությունը վարչապետին թույլ չի տվել տարածքային կառույցներում քարոզարշավ անելու: Բայց շատ ակտիվ քարոզարշավ ենք ունեցել, գրեթե բոլորը, այսպես, ակտիվ մասնակցել են: Բայց ասեմ նաև, որ հնարավոր է համընկնումներ եղած լինի, որովհետև նույն օրը երբ լինում է 3, լինում է 4 հանդիպում, հնարավոր է՝ ես նկատած չլինեմ կամ նույն տեղում հայտնված չլինենք»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ովքեր են ցանկանում դառնալ ՔՊ վարչության անդամ. հին ու նոր անուններՔՊ-ից ողջունում են՝ կուսակցության առողջացմամբ զբաղվելու Վիլեն Գաբրիելյանի որոշումըՎիլեն Գաբրիելյանը վայր է դնում պատգամավորական մանդատըՔՊ-ական պատգամավորի պահվածքը խուլիգանական էր. իրավապաշտպանը՝ Գաբրիելյանի վարքի մասին