Փաստաբանը բացառում է, թե Գյումրիի քաղաքապետը «խոշորացույցի տակ նման գործարքների մեջ կմտներ»

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը, 20-ը հոկտեմբերի, 2025թ.

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող Գյումրիի քաղաքապետը կալանավորվեց երկու ամսով, համայնքի ղեկավարի լիազորություններն էլ կասեցվեցին: Հակակոռուպցիոն դատարանը Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի հարցը քննել է ամբողջ գիշեր, որոշումն առավոտյան հրապարակվեց:

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը դատավորի որոշման մանրամասներին դեռ ծանոթ չէր, սպասում են ամբողջական տեքստին, որպեսզի բողոքարկեն, ձեռքին միայն երկու էջանոց փաստաթուղթ էր, որն էլ երևանյան անձրևը հալեցրեց. - «Լավ ջրվեց էս որոշումը, շատ լավ ա, որ ջրվել ա, էս ա ձեր կայացրածը, էս սրանով մարդուն կալանավորել են, տարել են կալանավայր երկու ամսով և քաղաքին զրկել են քաղաքապետի ղեկավարումից»:

Իրավապահները Ղուկասյանին մեղսագրվող կոռուպցիոն հանցագործության բացահայտման մասին երեկ հայտարարեցին, սրան զուգահեռ՝ ուժայինները մտան Գյումրիի քաղաքապետարան ու ժամեր անց ձերբակալեցին կես տարի պաշտոնավարող համայնքապետին: Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարում է, թե Ղուկասյանն ու քաղաքի գլխավոր ճարտարապետը ապամոնտաժման ենթակա շուրջ 1500 քառակուսի մետր մակերեսով մի ինքնակամ շինություն օրինականացնելու համար 4 միլիոն դրամ կաշառք են պահանջել: Հակակոռուպցիոնը ձայնագրություններ է հրապարակել, որոնցում ենթադրաբար լսվում է քաղաքապետի ու նրա ենթակայի խոսակցությունն այս թեմայի շուրջ:

Ղուկասյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանությունը գործը քաղաքական հետապնդում է որակում:

«Ակնհայտ է, որ պատվեր է, և պատվերը գալիս է հենց գիտեք ումից՝ էն ով որ հրապարակեց հոկտեմբերի 1-ին սպառնալիքներ և ցուցումներ», - հայտարարեց Փոստանջյանը:

Կալանքի որոշումից հետո իրավապահները հայտարարեցին, թե Վարդան Ղուկասյանն իր ցուցմունքում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է, որ այդպիսի զրույց է ունեցել ու խոսակցության մասին պարզաբանումներ, մեկնաբանություններ է ներկայացրել: Ըստ Հակակոռուպցիոնի՝ հարցաքննված մի շարք անձինք խոստովանական ցուցմունքներ են տվել ու հաստատել իրավապահների տվյալները:

Թե կոնկրետ երբ են արվել այս ձայնագրությունները, երբ են Ղուկասյանն ու իր ենթական քննարկել իրենց մեղսագրվող կոռուպցիոն գործարքը, հայտնի չէ: Իրավապահները միայն հայտնում են՝ բացի քաղաքապետից ևս չորս անձի կալանավորելու միջնորդություն են ներկայացրել, առերևույթ կաշառք տվողներից մեկին, սակայն, դատավորը որոշել է ոչ թե քրեակատարողական հիմնարկ տեղափոխել, այլ տնային կալանքի ենթարկել: Ձերբակալված մյուս պաշտոնյան գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն է, նրա ու մյուս երեք անձանց կալանքի հարցը դեռ քննարկվում է:

Իսկ ինչպե՞ս են գաղտնալսել Վարդան Ղուկասյանին, ի՞նչ հիմքով են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացրել: Նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանի խոսքով, դեռ ապրիլին՝ քաղաքապետի երդմնակալության արարողությունից ընդամենը մի քանի օր անց դատարանը նման թույլտվություն է տվել, որը հետագայում երկու անգամ երկարաձգվել է: Իրենք միայն հիմա, այս գործի շրջանակում են տեղեկացել այդ մասին, դատարանի այդ որոշմանը ծանոթանալու հնարավարություն դեռ չեն ունեցել.
- «Երբ ստանձնել է քաղաքապետի պաշտոնը և կատարել է իր լիազորությունները և պարտականությունները, արդեն նրանք սկսել են նույնիսկ իր բնակարանում այդ գործողություններն իրականացրել, այսինքն՝ այդ իրավունքը ունեցել են, արել են, չեն արել, ոնց են արել, իսկ ես համոզված եմ, որ արել են, պահել են»:

Ի դեպ, Վարդան Ղուկասյանը նույնպես կասկած չուներ, որ իրեն կգաղտնալսեն: Քաղաքապետի աշխատասենյակում առաջին իսկ օրը նա նույնիսկ ողջունում էր իրեն լսողներին. - «Էստեղ էնքան հմի ամերիկյան ժուչոկներ ու բաներ են, մեզ նայում են: Տղաներ, տղաներ, տղաներ, բարև ձեզ, բարև ձեզ ... »:

«Դա բացառվում է, ակնհայտ է, որ բացառվում է: Բացի այդ, նա ընդդիմությունն է ներկայացնում, այսինքն՝ չի հասկանո՞ւմ, որ էդ իր գործողությունները, էդ էժանա ... խոշորացույցի տակ պետք է ինքը նման ինչ-որ գործարքների մեջ մտնե՞ր, դա բացառվում է», - ընդգծեց Զարուհի Փոստանջյանը;

Փաստաբանը բարձրաձայնում է նաև Վարդան Ղուկասյանի իրավունքների խախտման մասին, պնդում է՝ իր պաշտպանյալը երեկվանից նույնիսկ չի սնվել, իրենց թույլ չեն տվել սնունդ փոխանցել. - «24 ժամ չի սնվել, ո՞րտեղ պետք է սնվեր, մենք սնունդ փորձել ենք փոխանցենք, ասել են՝ դա չի կարելի: Հիմա 24 ժամ սնունդ չեն տվել, հագուստը չի փոխել, հիգիենայից չի օգտվել»:

Երեկ էլ Փոստանջյանին թույլ չէին տալիս Ղուկասյանի պաշտպանությունը ստանձնելու համար Հակակոռուպցիոն կոմիտե մտնել, թեև նրան ներգրավելու քաղաքապետի համապատասխան դիմումը փաստաբանի ձեռքին էր:

«Այսինքն, եթե խնդիր չունեք, արդար քննություն եք կատարում, ուզում եք ինչ-որ բան բացահայտել, դե մարդու հիմնարար իրավունքն էլ հարգեք, բա ինչի՞ չեք հարգում էդ հիմնարար իրավունքը», - ընդգծեց փաստաբանը:

Փոստանջյանն արագ կողմնորոշվեց ու ահազանգեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, պատասխանը կարճ էր՝ «Ձեզ հետ կապ կհաստատենք»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարդան Ղուկասյանը՝ «քաղհալածյա՞լ», թե՞ «կաշառք լափող»Գյումրիի քաղաքապետարանում քննչական գործողություններ ենԿրկին խուզարկություններ՝ Գյումրիի քաղաքապետարանումՎարդան Ղուկասյանը կալանավորվեց, համայնքի ղեկավարի լիազորությունները կասեցվեցինՎարդան Ղուկասյանին ձերբակալել են, նա մեղադրանքը չի ընդունում. փաստաբան (լրացված)