«Պատրաստ եմ կրելու ծայրագույն պատիժը, եթե քննչականը ճիշտ է». Բագրատ սրբազան

Անցած տարի փողոցային ակցիաներով վարչապետի հրաժարականը պահանջող Տավուշի թեմի նախկին առաջնորդն այսօր դատական նիստին անդրադարձավ իր գործը քննած Քննչական կոմիտեի ղեկավարի հայտարարությանը:

Արթուր Պողոսյանը երեկ խորհրդարանում պնդել էր՝ խուզարկություններով անգամ թղթեր են հայտնաբերել, որտեղ մեղադրյալներն իրենց ձեռքով են գրել՝ ահաբեկչություն. «Տեղյա՞կ եք, որ այդ գործով իր ձեռքով գրված ապացույցներ կան, որ արարքի որակումն ինքն իրեն տվել ա՝ ահաբեկչություն, պլանավորված ահաբեկչություն, գնացեք, հարցրեք, թող պատասխանեն», - նախօրեին լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ նախագահը։

Բագրատ արքեպիսկոպոս Գալաստանյանը հայտարարեց՝ Քննչականի ղեկավարը պետք է պատասխան տա իր այս խոսքերի համար. «Եթե նման որևէ արտահայտություն կա արձանագրված որևէ տեղ իմ ձեռքով կամ այստեղ ներկա գտնվողներից որևէ մեկի ձեռքով, ես պատրաստ եմ այս դատարանի առջև ծայրագույն պատիժը կրելու։ Բայց, եթե չկա նման բան, ինքը պետք է պաշտոնազրկվի, իր կոչումից զրկվի և միևնույն ժամանակ, զրպարտության համար դատապարտվի՝ պահանջված օրենսգրքի սահմաններում», - այսօրվա դատական նիստի ընթացքում հայտարարեց Բագրատ Գալստանյանը։

Արթուր Պողոսյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, երեկ խորհրդարանում նաև խոսել էր գաղտնալսումների մասին, որոնք, հոգևորականի ու նրա փաստաբանի պնդմամբ, կեղծված են:

Գաղտնալսումներում լսվում է նաև Սրբազանի ձայնը, որ ենթադրաբար խոսում էր «գյուլլելու, սպանելու մասին»: Ամիսներ առաջ գլխավոր դատախազն էր հայտարարել, որ Գալստանյանի առաջնորդած շարժումը խաղաղ նպատակներ չի ունեցել, ավելին՝ նպատակ ունեին հասնել ընդհուպ վարչապետին: Երեկ, սակայն, Քննչականի ղեկավարը պարզապես ասաց՝ այդ ձայնագրությունները իսկապես մոնտաժված են, բայց կեղծված չեն, ու դա չի նշանակում, որ նրանք «գյուլելու, սպանելու» մտադրություն չեն ունեցել: Ընդգծել էր՝ դատարանում ամեն ինչ պարզ կդառնա. «Ինչի՞ եք նսեմացնում էս գործը։ Հավաստիացնում եմ ձեզ, ամեն ինչ ժամանակին, հրապարակային դատաքննության ընթացքում այս բոլոր հարցերի պատասխանները կստանաք և կհամոզվեք, որ ՔԿ նախագահն ինչ-որ ասում էր, ճիշտ էր ասում։ Մի բան էլ քիչ է ասել, չեմ բացել շատ փակագծեր», - հայտարարել է Արթուր Պողոսյանը։

Հոգևորականի փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասում է՝ իրենց տրամադրված նյութերում չկա որևէ թուղթ, որն ահաբեկչություն է որակված: Ընդամենն այդ ձայնագրություններից մեկում նրանք կատակով միմյանց ահաբեկիչ են անվանում, գուցե դա՞ նկատի ունի, հարցնում է ու հավելում՝ Քննչականի ղեկավարը թող հրապարակի իր նշած թուղթը:

Փաստաբանի խոսքով. «Մենք միանշանակ կողմ ենք, որ իրենք այդ տվյալը հրապարակեն հենց հիմա։ Հասկանանք՝ ինչի՞ մասին է խոսքը, ես չեմ հասկանում, ինձ նման փաստաթուղթ հասու չի եղել»։

Խուդոյանը հիշեցրեց, որ մեղադրյալներից մեկին՝ Հրայր սարկավագ Հակոբյանին, սկզբում մեղադրում էին նրա մի արտահայտության համար, որտեղ եկեղեցականը խոսել է վարչապետին սպանելու մասին: Այս դրվագը դատարան չի հասել, ասում է փաստաբանն ու բացատրում՝ դա ընդամենը զրույց էր, ոչ ավելին. «Տարածել են, որ ասում է՝ եթե երեքին մի տեղ բռնացնեմ, սպանեմ, ինձ ինչ կլինի դրանից։ Քրեական իրավունքի խնդրին բնորոշ արտահայտություն է, պլանավորման հետ ոչ մի կապ չունի։ Այդ արտահայտությունը մեղադրանքում էլ առկա չի», - ասում է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Մանիպուլյացիա, - Քննչականի ղեկավարին հակադարձում է մեղադրյալներից մեկի փաստաբան Ռուբեն մելիքյանը. «Իմ կարծիքով, մարդիկ ուղղակի խճճվել են իրենց մանիպուլյացիաների, առաջին հերթին, երկրորդը՝ ստերի մեջ։ Փաստերի շուրջ վեճ չկա, խոսքը վերաբերում է համատեքստին։ Իսկ այստեղ համատեքստն է էական։ Շատ կներեք, ցանկացածս էլ մեր տանը կարող ենք կատակով կամ որևէ այլ բացարձակ ոչ հանցավոր համատեքստում օգտագործել ինչ-որ արտահայտություններ, դա կտրել, բերել կպցնել, ստեղծել պնդում, տպավորություն, որ անձինք պատրաստվում են իշխանություն զավթել....»

Քննչականն ամռանը հրապարակել էր տարբեր թղթեր, գաղտնալսումներ և պնդել՝ Գալստանյանը և նրա համախոհները «Սրբազան պայքար» շարժման անվան տակ «պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»: Իսկ արդյունքի հասնելու համար պետք է գործի դնեին նաև արգելված միջոցներ՝ զենքեր ու պայթուցիկներ: Ըստ իրավապահների՝ կարևորը ոչ թե հավաքներն էին, որ շարժումը պարբերաբար կազմակերպում էր, այլ ձևավորվող 25-հոգանոց խմբերը, որոնք տարաբնույթ գործողություններով պետք է ջլատեին կառավարությանը, հասնեին իշխանության յուրացման: Այս գործով 18 մեղադրյալներից ոչ մեկը չի ընդունում մեղադրանքը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գաղտնալսել են նաև բանտախցում. Բագրատ սրբազանը իրավապահներին մեղադրեց կողմնակալության մեջԳալստանյանի, Աջապահյանի ու Կարապետյանի մեղադրանքները՝ մեկ շղթայի մեջ. ՔԿ նախագահԱհաբեկչության ու իշխանազավթման առնվազն 5 փորձ՝ Փաշինյանի իշխանության 7 տարում Մայր Աթոռը դատապարտում է, հայտարարում, որ հետամուտ կլինի «գործի արդարացի ընթացքին», իշխանություններն արձագանքում են ՔԿ-ի տարածած ձայնագրություններին իշխանական և ընդդիմադիր պատգամավորները տարբեր կերպ են արձագանքում