Պոկրովսկի շրջանը ներկայումս «ամենադժվար» ուղղությունն է. Զելենսկի

Պոկրովսկի շրջանը ներկայումս «ամենադժվար» ուղղությունն է ողջ 1250 կիլոմետրանոց ճակատային գծում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նրա խոսքով՝ ինչպես նախորդ շաբաթներին, հիմա էլ այստեղ են ամենաուժեղ մարտերը: Ամփոփելով զրույցը Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ՝ Զելենսկին հավելել է, որ այս հատվածում ռուսական կողմի մեծ կուտակումներ են:

Զելենսկին ասել է, որ հյուսիս-արևելյան Կուպյանսկի մոտ իրավիճակը շարունակում է մնալ լարված, բայց վերջին օրերին «ուկրաինական ուժերը ավելի մեծ վերահսկողություն ունեն»։

Ուկրաինական DeepState նախագծի տվյալներով՝ ռուսական զինուժը շարունակում է առաջխաղացումը նաև Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերում։

Reuters-ը նշում է, որ Պոկրովսկի գրավումը, ինչպես նաև հյուսիսարևելյան Կոստյանտինիվկայի նվաճումը, կտրամադրեն Ռուսաստանին հենակետ՝ դեպի Դոնեցկի մարզում Ուկրաինայի վերահսկողության տակ մնացած երկու խոշոր քաղաքներ առաջ շարժվելու համար։