Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանումից գրեթե մեկ տարի անց՝ այսօր, Ռուսաստանի նախագահն ընդունեց, որ աղետը տեղի է ունեցել նաև ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի մեղքով։ Ավելին, Դուշանբեում հանդիպելով Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևին, Պուտինը փաստացի կատարեց նրա՝ ամիսներ շարունակ հնչող պահանջը՝ խոստացավ պատժել մեղավորներին, տուժողներին էլ փոխհատուցում տրամադրել։
«Սա զգայուն հարց է»,- ասաց Կրեմլի առաջնորդն ու Ալիևի հետ անցած մեկ տարում առաջին երկկողմ հանդիպումը հենց դրանից սկսեց։
«Դեռ այն ժամանակ՝ մեր առաջին հեռախոսազրույցում, ես ոչ միայն ներողություն էի խնդրել, որ աղետը տեղի է ունեցել Ռուսաստանի երկնքում, այլև ամենաանկեղծ ցավակցություններս հայտնել զոհերի հարազատներին։ Քննությունն արդեն ավարտվում է, և հիմա ընդհանուր առմամբ կարելի է խոսել այդ ողբերգության, այդ աղետի պատճառների մասին։ Այն կապված է մի քանի հանգամանքների հետ։ Առաջինը՝ երկնքում եղել է ուկրաինական անօդաչու։ Երկրորդ պատճառն այն է, որ Ռուսաստանի ՀՕՊ-ում տեխնիկական խափանում է եղել, և երկու հրթիռները, որոնք արձակվել են, ուղղակիորեն չեն հարվածել ինքնաթիռին (եթե դա տեղի ունենար, այն կվթարվեր տեղում), այլ պայթել են, հնարավոր է՝ ինքնաոչնչանալով, մի քանի, գուցե 10 մետր հեռավորության վրա։ Այսպիսով, խոցում տեղի է ունեցել, բայց ոչ թե մարտագլխիկներից, այլ, ամենայն հավանականությամբ, հրթիռների բեկորներից», - նշեց Պուտինը։
Ադրբեջանի նախագահը անցած դեկտեմբերին տեղի ունեցած ավիաաղետից անմիջապես հետո էր հայտարարել, որ ինքնաթիռը կործանվել է «գետնից գնդակոծության պատճառով»։ Բաց տեքստով մեղադրելով Ռուսաստանին՝ Իլհամ Ալիևը պնդել էր՝ ռուսները փորձում են կոծկել իրականությունը «զառանցական վարկածներով»։
«Նախագահ Պուտինը ներողություն խնդրեց, բայց դա բավարար չէ 38 մարդու կյանք խլած ավիաաղետի դիմաց,- պնդել էր Իլհամ Ալիևը, - Առաջին հերթին ռուսական կողմը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից։ Երկրորդ՝ պետք է ընդունի իր մեղքը։ Երրորդ՝ մեղավորները պետք է պատժվեն, պատասխանատվության ենթարկվեն, և փոխհատուցում տրվի ադրբեջանական պետությանը և տուժած ուղևորներին ու անձնակազմի անդամներին։ Սրանք են մեր պայմանները»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ադրբեջանական ավիաուղիների» կործանված օդանավի «սև արկղերը» առաջիկա օրերին կբերվեն ԱստանաՄինչ ռուսական կողմը լռում էր, պնդելով, թե վթարի պատճառը պարզելու համար պետք է դեռ մանրազննին քննություն անցկացվի, լարվածությունը տեղափոխվում էր այլ հարթություն։
Ամիսներ առաջ երկկողմ հարաբերություններն է՛լ ավելի սրվեցին, երբ Եկատերինբուրգում ռուս իրավապահները ձերբակալեցին ադրբեջանական համայնքի մի քանի անդամների՝ տարիներ առաջ կատարված մի հանցագործության հետքերով։ Օպերատիվ հետախուզական միջոցառումներից ժամեր անց հաղորդվեց՝ ադրբեջանցիներից երկուսը մահացել են։ Բաքուն պնդեց՝ ռուս ուժայինները նրանց խոշտանգել ու կտտանքների են ենթարկել։ Ի պատասխան Ադրբեջանում ձերբակալվեցին Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք դատարան բերվեցին բռնության ակնհայտ հետքերով։
Ընդ որում, այս ամիսներին, մինչ Բաքուն չեղարկում էր Ռուսաստանի հետ նախապես ծրագրված միջոցառումներն ու անգամ սպառնում միջազգային դատարան դիմել, Մոսկվան շատ զուսպ էր արձագանքում։ Այսօր արդեն Կրեմլի ղեկավարը կատարեց նաև Ալիևի վերջին երկու պահանջները. «Անխոս, նման ողբերգական դեպքում անհրաժեշտ ամեն ինչ կարվի ռուսական կողմից՝ փոխհատուցման առումով, և բոլոր պաշտոնյաների գործողություններին կտրվի իրավական գնահատական»։
«Մենք երբեք չենք մոռանում սա, մենք հիշում ենք վերջերս ստորագրված համաձայնագիրը»
Պուտինն այս մասին խոսեց լարված հարաբերություններին ֆոնին տեղի ունեցած առաջին դեմ առ դեմ հանդիպման ամենասկզբում՝ լրագրողների համար նախատեսված բաց հատվածում։ Միաժամանակ հարկ համարեց հիշեցնել, որ չնայած այդ լարված հարաբերություններին, ու, ինչպես ինքն ասաց, նրբություններին, Ադրբեջանը շահել է Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունից:
«Կցանկանայի նշել, որ մեր շահերը, մեր փոխադարձ շահերը շատ ոլորտներում համընկնում են։ Սա, իհարկե, առաջին հերթին վերաբերում է առևտրատնտեսական կապերին։ Անցյալ տարի դրանք աճել են մոտ 6 տոկոսով, իսկ այս տարի մեր առևտրաշրջանառությունն արդեն աճել է ավելի քան 16 տոկոսով։ Սա շատ լավ ցուցանիշ է», - արձանագրեց ՌԴ նախագահը:
Տնտեսական օգուտներից բացի, Պուտինը նաև արտաքին քաղաքական առաջնահերթությունները շեշտեց, հիշեցրեց՝ դաշնակցային հարաբերությունների մասին փաստաթուղթ են ստորագրել բոլորովին վերջերս. «Հուսով եմ, որ այս համագործակցությունը ոչ միայն կվերականգնվի, այլև կշարունակվի՝ մեր հարաբերությունների, մեր դաշինքի ոգուն համապատասխան։ Մենք երբեք չենք մոռանում սա, մենք հիշում ենք վերջերս ստորագրված համաձայնագիրը, և կանենք ամեն ինչ, որպեսզի իրականացնենք դրա բոլոր հիմնադրույթները»։
Ուկրաինա ներխուժելուց օրեր առաջ՝ 2022 ի փետրվարին, Պուտինն Ալիևի հետ դաշնակցային համագործակցության հռչակագիր ստորագրեց, որով կողմերը խոստացան ձեռնպահ մնալ միմյանց դեմ ուղղված ցանկացած, այդ թվում՝ երրորդ պետությունների միջոցով իրականացվող գործողություններից։ Այսօր, երբ Ռուսաստանի առաջնորդը հիշեցրեց դրա մասին ու խոսեց ավելի քան 40 դրույթները իրագործելու պատրաստակամության մասին, Ալիևը որևէ կերպ դրան չարձագանքեց, բայց ընդունեց, որ երկկողմ օրակարգում բազմաթիվ շահեր ու հարցեր կան։
«Ինչպես Դուք նշեցիք, այս տարի հաջողությամբ զարգացել են ոչ միայն առևտրատնտեսական հարաբերությունները, այլև հարաբերությունների մյուս բոլոր ոլորտները։ Որևէ ոլորտում դանդաղում կամ հետընթաց չի գրանցվել։ Ընդհակառակը, մեր կողմից հաստատված «ճանապարհային քարտեզները» հաջողությամբ իրականացվում են։ Եվ, իհարկե, այսօր լավ հնարավորություն է մեր օրակարգը ևս մեկ անգամ վերանայելու համար։ Վստահ եմ, որ այսօր մեր հասարակություններին ուղարկվող ուղերձները նույնպես լավ կընդունվեն», - ասաց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևն ու Բաքուն կամրապնդեն ռազմավարական գործընկերությունը
Այս հանդիպումից առաջ՝ երեկ, Ալիևը զանգահարել ու շնորհավորել էր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ, Կրեմլից հաղորդել էին՝ զրույցը եղել է դրական ու կառուցողական։
Վաղը Դուշանբե՝ ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելու կմեկնի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կլինեն արդյոք երկկողմ կամ եռակողմ հանդիպումներ՝ պաշտոնապես դեռ չի հաղորդվել։