Պուտինը պարծենում է գրավված տարածքներով, Թրամփը կրկին հայտարարում՝ հիասթափված է նրանից

Այս տարի ռուսական զորքն Ուկրաինայում մոտ 5000 ք/կմ տարածք և 212 բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ, երկրի բարձրագույն ռազմական հրամանատարության հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Վլադիմիր Պուտինը պնդել է, որ մարտի դաշտում ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ մնում է ռուսական բանակի ձեռքում, ինչում վճռորոշ դեր են խաղում թե՛ ռուս զինվորներն ու սպաները, թե՛ ռազմարդյունաբերական համալիրը:

«Հակառակորդը, չնայած դիմադրության համառ փորձերին, նահանջում է շփման գծի ողջ երկայնքով ... Կիևի ռեժիմը, ձգտելով իր արևմտյան հովանավորներին ինչ-որ հաջողություն ցույց տալ, փորձում է հարվածել Ռուսաստանի խորքերին՝ լիովին խաղաղ թիրախների։ Դա նրանց չի օգնի», - հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուկրաինական DeepState նախագծի թվերն այլ են

Կրեմլի ղեկավարը, սակայն, չի հստակեցրել՝ արդյոք գրաված տարածքների մասին թվերը ներառում են Կուրսկի մարզի այն հատվածները, որոնք անցյալ տարի գրավել էր ուկրաինական զորքը, որտեղից նրանց ռուսական զինուժը դուրս էլ մղել այս գարնանը: Ուկրաինական DeepState նախագծի տվյալներով՝ ռուսական զորքը տարվա սկզբից Ուկրաինայից գրավել է մոտ 3200 ք/կմ, այսինքն՝ ավելի պակաս, քան նշել է Պուտինը:

Ռուսաստանի փոխարտգործնախարարն էլ հայտարարել է, որ իմպուլսը, որ ուկրաինական հակամարտության կարգավորմանը տրվել էր Ալյասկայում Պուտին-Թրամփ հանդիպմանը, զգալիորեն սպառվել է, ինչի համար մեղադրել է գլխավորապես Եվրոպային: Սերգեյ Ռյաբկովը նաև ասել է, որ եթե ԱՄՆ-ն Tomahawk մեծ հեռահարության հրթիռներ մատակարարի Ուկրաինային, դա իրավիճակի «որակական» փոփոխության կհանգեցնի: «Բայց սա չի ազդի մեր նպատակներին հասնելու մեր վճռականության վրա»,- ասել է ռուս պաշտոնյան։

Թրամփ. Ուկրաինայում պատերազմը դադարեցնելն ավելի բարդ է, քան Մերձավոր Արևելքի խնդիրը

Մինչ Ռուսաստանի նախագահը պարծենում է գրավված տարածքներով, իսկ փոխարտգործնախարարը՝ սպառնում, ԱՄՆ նախագահը Կանադայի վարչապետի հետ հանդիպմանը կրկին հայտարարել է, որ հիասթափված է Պուտինից, ապա նշել, թե Ուկրաինայում պատերազմը դադարեցնելը, պարզվեց, ավելի բարդ է, քան կարծում էր:

«Ես լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ, և կարծում էի՝ այս հարցը կարող է լուծվել։ Շատ հիասթափված եմ նրանից, քանզի կարծում էի, որ հեշտ կլինի լուծել այս խնդիրը, բայց պարզվեց, որ այն, թերևս, ավելի բարդ է, քան Մերձավոր Արևելքի խնդիրը», - հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ֆինլանդիայի նախագահ. «Արդեն մտրակի փուլն է»

Դոնալդ Թրամփի խոստովանության ֆոնին Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանն իր ստվերային նավատորմի նավթատար նավերն օգտագործում է ոչ միայն պատերազմը ֆինանսավորելու, այլև հետախուզական տվյալներ հավաքելու, Եվրոպայում դիվերսիոն և ապակայունացնող գործողություններ իրականացնելու համար։

Վլադիմիր Զելենսկին նշել է, որ դրա վառ ապացույցն է վերջերս ռուսական տանկերներից անօդաչուների արձակումը, ապա հավելել է՝ այս տեղեկությունները փոխանցում են գործընկերներին. «Կարևոր է, որ նրանց արձագանքը Ռուսաստանին իրական լինի ... Մենք շարունակում ենք պնդել, որ պետք է անհապաղ վճռական քայլեր ձեռնարկվեն։ Ռուսները պետք է իմանան, որ աշխարհը նրանց ոչ մի ապակառուցողական գործողություն անպատասխան չի թողնի», - ասել է Ուկրաինայի առաջնորդը:

Ֆինլանդիայի նախագահն իր հերթին հայտնել է, որ այս շաբաթ Վաշինգտոն այցի ժամանակ ԱՄՆ նախագահին կփոխանցի Վլադիմիր Զելենսկիի ուղերձները, ում հետ հանդիպել է օրերս: Ալեքսանդր Ստուբը նշել է, որ Դոնալդ Թրամփը սկզբում փորձեց համոզել Ռուսաստանին, որ դադարեցնի պատերազմը, սակայն հիմա ակնհայտորեն փոխել է իր խոսույթը: «Դա բլիթի փուլն էր: Եվ, անշուշտ, վերջերս նրա արած հայտարարություններից հասկանում եմ, որ արդեն մտրակի փուլն է սկսվել: Թե որքան ուժեղ կլինեն այդ մտրակի հարվածները, կախված է հենց նախագահից», - հայտարարել է Ֆինլանդիայի նախագահը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը և Ուկրաինան շարունակել են հարվածները

Գիշերը Ռուսաստանը շարունակել է հարվածները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին: Չեռնիգովում վնասվել է էներգետիկ օբյեկտ, շրջանի մի մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Հարվածել են նաև Դնեպրոպետրովսկին, կան վիրավորներ: Խերսոնում ռուսական հարվածից երկու մարդ է սպանվել: Ռուսաստանը հայտարարել է ևս մեկ բնակավայր վերցնելու մասին

Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Բելգորոդին, Բրյանսկին, Կուրսկին, Վորոնեժին և այլ շրջանների: Նիժնի Նովգորոդի և Ստավրոպոլի օդանավակայանները սահմանափակումներով են աշխատում: