Ռուսական բանակը հայտարարում է Ուկրաինայի արևելքում երեք գյուղերի գրավման մասին

Պատերազմ Ուկրաինայում, արխիվային լուսանկար

Ռուսական բանակը հայտարարում է Ուկրաինայի արևելքում գտնվող երեք գյուղերի գրավման մասին։ Տելեգրամում հրապարակած հաղորդագրությունում ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ռուսական զորքերը «շարունակել են խորանալ թշնամու պաշտպանության մեջ»՝ Դոնեցկում գրավելով Սուխեցկե և Պանկովկա գյուղերը։

Հարևան Դնեպրոպետրովսկի շրջանում էլ, ըստ հաղորդագրության, ռուսական բանակը գրավել է Նովոգեորգիևկա գյուղը։
«Ֆրանս պրես»-ը նշում է, որ սա ռազմաճակատի այն հատվածն է, որտեղ ռուսական բանակն անցյալ շաբաթ ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը՝ Պոկրովսկի և Կոստանտինովկայի լոգիստիկ կենտրոնի միջև։ Լրատվամիջոցի համաձայն՝ ռուսական զորքերը նախկինում ռազմական գործողություններից զերծ այս տարածաշրջան են ներխուժել հուլիսին։

Ռուսների այս տարածքային նվաճումները տեղի են ունենում ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջնորդների խաղաղության ջանքերի ֆոնին։