Պաշտոնական Երևանի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ չի փոխվել, ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ազատության» հարցին, թե Բաքուն շարունակում է խաղաղության պայմանագրի ստորագրման համար նախապայման դնել փոխել ՀՀ Սահմանադրությունը, արդյոք ինչ-որ կետում Հայաստանն էլ կպահանջի՞ Ադրբեջանից փոխել իր Սահմանադրությունը, Փաշինյանը պատասխանեց. «Եթե մենք նման հարց բարձրացնենք, կնշանակի, որ մենք հակասում ենք մեր դիրքորոշումներին...այս խնդիրը լուծված է նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստում»:
Ըստ վարչապետի՝ «արտաքին քաղաքական օրակարգի ոչ մի ուղղությամբ չկա» Սահմանադրության թեման: Նա շեշտեց, որ մայր օրենքը փոխելու հարցը ներքին օրակարգում է, ինչի մասին խոսվել է «Քաղաքացիական պայմանագրի» համաժողովում:
Բաքուն շարունակում է պահանջել ՀՀ Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագիրը, որտեղ հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի մասին: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի հարևան երկրից, ինչը, ըստ Ադրբեջանի, ամրագրված է Սահմանադրության տեքստում:
Հայաստանի իշխանությունները նաև հայտարարել են նոր Սահմանադրություն ընդունելու մասին, սակայն շեշտելով, որ դա չեն անում Բաքվի պահանջը կատարելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը վերստին Հայաստանից պահանջում է փոխել Սահմանադրությունը, կիրառում «Զանգեզուրի միջանցք» տերմինը