«Սահմանված է եղել քվոտա, ու դա էլ գործել է». ՔՊ նոր վարչությունում Սասուն Միքայելյանը չի լինի

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը, Երևան, 20-ը սեպտեմբերի, 2025թ.

Չնայած ՔՊ-ական Սասուն Միքայլելյանը կուսակցության վարչության ընտրություններին պատգամավոր Արուսյակ Մանավազյանից ավելի շատ ձայներ է ստացել, միևնույն է՝ «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավար մարմնի նոր կազմում չի լինելու:

Կուսակցության սահմանած քվոտայով վարչության անդամներից առնվազն 5-ը պետք է լինեն հակառակ սեռի ներկայացուցիչներ, այս դեպքում 416 քվե ստացած Սասուն Միքայելյանի փոխարեն նախապատվությունը տրվել է 405 ձայն ստացած Արուսյակ Մանավազյանին:

«Սահմանված է եղել քվոտա, բնականաբար, ու դա էլ գործել է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

ՔՊ վարչության անդամ ընտրված Ղազարյանը, որ ամենաշատ ձայն ստացած կին կուսակցականն է, պնդում է՝ կուսակցությունում բոլորն ընդունել են արդյունքները:

Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանից, որ «Քաղաքացիական պայմանագրի» հնաբնակներից է, իր չընտրվելու վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց:

Բացի Միքայելյանից, չեն ընտրվել նաև Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն ու Վաղարշակ Հակոբյանը: Գործող վարչության մյուս 11 անդամները վերընտրվեցին:

«24-ժամյա ժամկետ է եղել բողոքարկման, լրացել է, որևէ դիմում չենք ունեցել, որովհետև նաև էնտեղ տեղում մասնակցելու հնարավորություն են ունեցել, տեսնելու, հաշվարկին միանալու: Մի խոսքով, ոչ մեկը չի բողոքարկել», - ասաց ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը:

Նախորդ համաժողովին, սակայն, հենց բողոքարկումից հետո էր պարզվել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և այն ժամանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Արսեն Թորոսյանից և Արմեն Փամբուխչյանից քիչ ձայներ էին ստացել: ՔՊ-ականները պնդում էին՝ ոչ թե արդյունքներն էին կեղծվել, այլ հաշվարկի գործընթացն էր վատ կազմակերպվել:

Այս անգամ նախնական էլեկտրոնային հաշվարկից հետո նաև ձեռքով հաշվարկ իրականացվեց, արդյունքներն ամփոփվեցին 24 ժամ անց:

Արդեն այսօր հրապարակված վերջնական արդյուքներով՝ ամենաշատ ձայներ ստացածների հնգյակը կրկին գլխավորում է կուսակցության վարչության նախագահ ընտրված Նիկոլ Փաշինյանը, նրան հաջորդում են Գևորգ Պապոյանը, Վահագն Ալեքսանյանը, Սուրեն Պապիկյանը և նախորդ վարչության ընտրություններին չընտրված Հայկ Կոնջորյանը:

«Թե՛ Կոնջորյանի ձայներն են շատ բարձր ստացվել, թե՛ պարոն Թորոսյանի ձայներն են շատ բարձր, ինչի՞ արդյունքում՝ որովհետև վերանայել են իրեց գործողության ընթացքը, կարծում եմ, և ավելի շատ ժամանակ են տրամադրել կուսակցության ինստիտուցիոնալ կայացման, զարգացման և այլ հարցերի», - ընդգծեց Ալխաս Ղազարյանը:

Բացի կուսակցականների հետ աշխատանքից, Ղազարյանի խոսքով՝ քվեների բաշխման հարցում վճռորոշ է եղել նաև առաջադրված թեկնածուների քաղաքական ակտիվությունը:

«Մեր կուսակցականները թվով շատ չենք, բայց բավականին քաղաքականացված են, բնականաբար՝ իրենք գիտեին ինչ մարմին են ընտրում, և բնականաբար՝ նայում են նաև քաղաքական դեմքեր լինելու, ինչքանով է քաղաքականապես էդ մարդը հասունացած, և այլն», - նշեց ՔՊ-ական պատգամավորը:

Եթե ընտրված թեկնածուներից Հայկ Կոնջորյանն, օրինակ , ընդդիմախոսներին ամենասուրն արձագանքողներից է, ապա նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը մանդատ վայր դնելուց նաև ՔՊ-ի ներսում եղած խնդիրներից էր բարձրաձայնում, պնդում, թե կուսակցությունը ունի լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք: Գաբրիելյանի հետ նրա այս ծրագրերից խոսել այսօր չստացվեց:

Չնայած գրանցվածների թիվը համաժողովի մեկնարկին 880 էր, ընտրությանը մասնակցել են 917-ը, ինչպես Արուսյակ Մանավազյանը բացատրեց՝ այլ կուսակցականներ մեկնարկից հետո են ժամանել համալիր. - «Եթե 50 տոկոս և ավելին ներկա են համաժողովին, համաժողովը համարվում է կայացած»:

Նախկին 15-ի փոխարեն նոր վարչության 20-հոգանոց կազմը համալրեցին նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Կին թեկնածուներից, բացի Ալխաս Ղազարյանից ու Արուսյակ Մանավազյանից, ընտրվել են նաև Արուսյակ Ջուլհակյանը, Հասմիկ Հակոբյանն ու Նազելի Բաղդասարյանը: Նոր վարչությունը կսկսի գործել հոկտեմբերի վերջին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՔՊ-ն հրապարակել է վարչության վերջնական կազմըԻշխող կուսակցությունը նոր վարչություն ընտրեց, Նիկոլ Փաշինյանը՝ վարչության նախագահ Փաշինյանը հռչակեց Հայաստանի չորրորդ հանրապետությունը. «Խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է»