ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան, արխիվ
«Դուք լրագրող եք բոլորդ, ոչ մեկ իրեք-չորս հատ տուն չունեք չէ՞ Հյուիսիսային պողոտայում: Մի հատ թող ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, որ հասկանանք՝ էդ չորս հատ տունը իրան որտեղից», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ խոսելով ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի մասին:
«Ինչպե՞ս ա՝ ցածր աշխատավարձով լրագրողը Հյուսիսային պողոտայում և մի քանի այլ վայրերում բնակարան է ունենում, միգուցե ա՞յլ ծառայությունների միջոցով», - նշեց իշխանական պատգամավորը:
«Ափսոսում եմ, որ ժամանակին իմ տարիքի բերումով չեմ ճանաչել Արթուր Հովհաննիսյանի մայրիկին, որ իր դաստիարակության հարցերով դիմեի: Ես հուսով եմ, որ իր մոր հետ նա կունենա համապատասխան խոսակցություն և կզղջա իր արած արտահայտությունների համար», - «Ազատության» հետ զրույցում ՔՊ-ական պատգամավորին հակադարձեց Թագուհի Թովմասյանը:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյան, արխիվ
Նրա խոսքով, Հովհաննիսյանը պետք է վայր դնի պատգամավորական մանդատը՝ խուլիգանական վարքագծի, մասնավորապես՝ խորհրդարանում այսօր իր հասցեին հնչեցրած վիրավորանքի, սեռով պայմանավորված խտրական վերաբերմունքի և սուտ տեղեկություներ տարածելու համար:
«Նա ընդհանրապես պետք է պատգամավորի մանդատը վայր դնի և գնա փողոցում զբաղվի այն զբաղմունքով, ինչով որ զբաղված էր մինչ այդ, և ոստիկանները ինչպես էին նրա ավտոմեքենայից գտել թմրանյութ: Ինքը պատգամավորի գործունեության հետ ընդհանրապես որևէ առնչություն չունի», - հայտարարեց Թովմասյանը:
«Եվ ես կհորդորեմ տիկին Թովմասյանին՝ բարոյականության սահմանները չանցնի, հանգիստ նստի իրա տեղը և չփորձի մարդկանց բարոյականության, անունների հետ խաղալ՝ լինելով, ինչպես և իր տեքստերը և փաստորեն Ձեր մեջբերած օրինակն ա ցույց տալիս, լինելով անբարո, փաստորեն, որովհետև, ուրեմն, կարող է մարդկանց պարզապես զրպարտել, նման լկտի, ուրեմն, առաջարկներ և հայտարարություններ անել», - իր հերթին, ասաց Հովհաննիսյանը:
ՔՊ խմբակցության քարտուղարն այսօր խորհրդարանում արձագանքում էր Ազգային ժողովի նախագահին ուղղված Թագուհի Թովմասյանի նամակին: Թովմասյանն այսօր ավելի վաղ Ալեն Սիմոնյանին պաշտոնական նամակ էր ուղարկել՝ պահանջելով, որպեսզի իշխանական պատգամավորն ամեն անգամ խորհրդարան մտնելիս թմրանյութերի օգտագործման թեստ հանձնի:
Ընդդիմադիր պատգամավորն իր նամակում բացատրել է, թե Արթուր Հովհաննիսյանի պահվածքն իր մոտ կասկածներ է հարուցել, քանի որ օրերս խորհրդարանում նա ուղիղ եթերում խուլիգանական վարքագիծ է դրսևորել և խանգարել է իր ճեպազրույցը, երբ խոսում էր Բաքվի բանտերում խոշտանգվող գերիների մասին: Հարցազրուցյի ժամանակ միջանցքով անցնող Հովհաննիսյանը ռեպլիկ է նետել՝ հորդորելով լրագրողներին հարցնել Թովմասյանին, թե ինչու նա նիստերին չի մասնակցում:
Ինչ վերաբերում է թմրանյութերի թեստի անհրաժշտությանը, ապա ընդդիմադիր պատգամավորը խորհրդարանի խոսնակին ուղղված իր նամակում պատճառաբանել է, որ դեռևս 2017-ին Արթուր Հովհաննիսյանը բերման է ենթարկվել ոստիկանություն, և նրա մեքենայից հայտնաբերվել է 0.24 գրամ դեղնականաչավուն զանգված, ինչի կապակցությամբ էլ քրեական գործ է հարուցվել: Հաշվի առնելով անցյալի այս դրվագն ու խորհրդարանում Հովհաննիսյանի պահվածքը՝ Ալեն Սիմոնյանին ուղղված նամակում Թովմասյանը գրում է. - «Արթուր Հովհաննիսյանի անհասկանալի և ոչ ադեկվատ վարքագիծը խորհրդարանում գուցե կողմնակի նյութերի ազդեցության հետևանք է»:
Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում վստահեցրեց՝ կաշկանդված չէ թմրանյութի թեստ հանձնել, բայց դա կանի, միայն եթե հանրության մեջ նման պահանջ լինի:
Ի դեպ, չբավարարվելով «սեռավարակի թեստ հանձնելու» մասին իր հայտարարությամբ՝ իշխող խմբակցության պատգամավորը սպառնաց նաև կասկածի տակ դնել ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի սեռային պատկանելությունը:
Արթուր Հովհաննիսյանը համաձայն չէ, թե ինքն իր այս որակումներով սեռով պայմանավորված խտրական վերաբերմունք է դրսևորում. - «Կինը կարող ա ինչ ուզել ասել, բայց տղամարդը երբ որ պատասխանում ա կնոջ անբարոյական մեկնաբանություններին ու իր հասցեին վիրավորանքին, էստեղ գալիս ա՝ վայ դե կին ա: Դե կին ա, թող իրան կնոջ պես պահի, թե չէ էդ թեստն էլ կասկածի տակ կդնեմ արդեն՝ իրա սեռային պատկանելության»:
Ընդդիմադիր պատգամավոր հույս է հայտնում, որ կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները դահլիճային քննարկումներից բացի նաև իրական կյանքում կդատապարտեն իշխանական պատգամավորի, իր բնորոշմամբ, «խուլիգանական» վարքագիծը:
Թագուհի Թովմասյանը նախ պատրաստվում է դիմել դատարան՝ Արթուր Հովհաննիսյանի այն հայտարարության մասով, թե իբր ինքը չորս տուն ունի Հյուսիսային պողոտայում. - «Ես չունեմ չորս հատ տուն, ես չունեմ տուն Հյուսիսային պողոտայում, և ինքը պիտի գա ու ապացուցի, որ ինքը ստախոս է, և ևս մեկ անգամ դատարանի վճռով կապացուցվի, որ ինքը ստախոս է, և ևս մեկ անգամ դատարանի վճռով կապացուցվի, որ Արթուր Հովհաննիսյանը զրպարտիչ է, իսկ այդպիսի դատավճիռներ շատ կան»:
Դատարանից բացի, Թովմասյանը կդիմի նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով քննել ՔՊ խմբակցության քարտուղարի վարքը, քանի որ նա, պատգամավորի խոսքով, պաշտոնյային անհարիր վարքագիծ է դրսևորել, թիրախավորել է ընդդիմախոսին, խախտել է պատգամավորի երաշխիքների մասին օրենքը, սուտ տեղեկություններ է տարածել և իրականացրել է ակնհայտ խտրական վերաբերմունք:
Հարցազրույցից հետո արդեն Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում դիմեց Արթուր Հովհաննիսյանի մորը՝ հորդորելով բացատրել իր որդուն, որ չի կարելի կնոջ մասին այդպիսի բառապաշարով խոսել։
«Հասկացրե՛ք նրան, որ ընտանիք ունեցող մարդու համար դա անպատվություն է։ Որպես մայր արեք դա... », - իշխանական պատգամավորի մորը խնդրել է ընդդիմադիր պատգամավորը:
Ի պատասխան՝ Արթուր Հովհաննիսյան էլ ֆեյսբուքյան իր էջում դիմել է «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և ժամանակին այդ դաշինքի անդամ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ հորդորելով նրանց զբաղվել Թագուհի Թովմասյանի դաստիարակությամբ: