Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ սխալ է խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման չեղարկման մասին, հավելել, որ դրա համար նախապատրաստություն է անհրաժեշտ, հայտնում են ռուսական լրատվական գործակալությունները։
«Նախագահները չեն կարող հանդիպել պարզապես հանդիպելու համար, նրանք չեն կարող իրենց ժամանակը զուր վատնել, և նրանք այդ մասին բաց ասում են։ Ահա թե ինչու են նրանք հանձնարարել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին պատրաստել այս գործընթացը։ Գործընթացը բարդ է», – Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերն է մեջբերում ռուսաստանյան РИА Новости գործակալությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հայտարարել է․ «Կհանդիպեմ Պուտինի հետ այն դեպքում, եթե դա Ուկրաինայի հարցով համաձայնության բերի»ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե վստահ լինի, որ հանդիպումը կհանգեցնի Ուկրաինայում խաղաղության համաձայնագրերի կնքմանը։ «Ես չեմ պատրաստվում ժամանակս վատնել», - ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ նախագահը հայտարարեց Բուդապեշտում Ռուսաստանի նախագահի հետ նախատեսված հանդիպման չեղարկման մասին: Նա, սակայն, նշեց, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ ապագայում: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հանդիպումը հետաձգվել է, այլ ոչ թե չեղարկվել: