«Սպայկան» չի բացառում հոկտեմբերից բերքի ընդունման դադարեցումը. գյուղացիները մտահոգ են

Հայաստանի ամենախոշոր արտահանող ընկերությունը՝ «Սպայկան», հայտարարում է՝ քանի դեռ իրենց 100-ից ավելի բեռնատարները Ռուսաստանում շարունակում են արգելափակված մնալ, գյուղացու բերքն արտահանել չեն կարող: Առայժմ միայն ընդունում ու պահեստավորում են սառնարաններում: Ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը չի բացառում, որ հոկտեմբերից դա էլ դադարեցնեն:

«Երևի մինչև ամսվա վերջ մթերումը կշարունակվի, դրանից հետո եթե իրավիճակը չփոխվի, ու պահեստներն արդեն հագեցած լինեն, մենք ստիպված կկանգնեցնենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Արարատի մարզի մի քանի համայնքներում արտահանման համար սեփական բերքը «Սպայկային» հանձնող գյուղացիները նեղսրտած են՝ եթե բարձր գնով արտահանող այլ ընկերություն լիներ, գոնե նրանց հետ կհամագործակցեին:

«Զավոդն ընդունում է 180 դրամ, «Սպայկան» տանում էր 220 դրամ, տարբերություն կա», - ասաց տեղացիներից մեկը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 2 միլիոն դոլարի վնաս ունենք. «Սպայկա»-ի մեքենաները ՌԴ-ում դեռ արգելափակված են

«Սպայկայի» ներկայացուցիչը շարունակում է պնդել՝ ավելի քան 2 շաբաթ է՝ Ռուսաստան գործուղված իրենց իրավաբանները չեն կարողանում տեղի իրավապահներից պաշտոնական պատասխան ստանալ, թե ինչու է բեռնատարների շարժն արգելափակվել: Կարեն Բաղդասարյանը հերքեց տեղեկությունները, թե Ռուսաստանում «Սպայկան» շուրջ 250 միլիոն դոլարով տուգանվել է՝ հարկերից խուսափելու համար: Ասաց՝ իրենց էլ այլ լուրեր են հասել:

«Իրականությանը չի համապատասխանում, օֆիցիալ ոչ մի ծանուցում չենք ստացել որևէ քրեական կամ իրավական պրոցեսի հետ կապված: Ինչ որ կարողացել ենք պարզել, ռուսական ինչ-որ ընկերություն է, որը տարբեր երկրներից մթերումներ է անում, մեր ունեցած տեղեկություններով՝ իր հետ է կապված խնդիրը, որին փոխկապակցում են այլ ընկերությունների, որոնք ներկրումներ են արել Ռուսաստան, այսինքն՝ կոնկրետ մեզ հետ չի կապված խնդիրը», - ասաց նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայից զգուշացնում են՝ ԵՄ-ի հետ ասոցացման դեպքում Հայաստանի նկատմամբ կարող է մաքսային այլ ռեժիմ կիրառվել

Արարատի մարզում «Ազատությանը» հանդիպած առաջին իսկ գյուղացին ասաց՝ արդեն 3 տարի է՝ հատընտիր ծիրան է հանձնում «Սպայկային», գոհ է, որովհետև, ինչպես նշեց, արտահանող միակ ընկերությունն է, որ բարձր գնով է ընդունում ապրանքը: Արմեն Անդրեասյանը գիտի, որ խնդիրները Ռուսաստանում են ծագել, հետևում է տեղական լուրերին, գիտի նաև, որ Հայաստանում էլ բարձրաստիճան պաշտոնյաները լռում են այս մասին, բայց վերևներում ծագած հարցերն, ասաց, գյուղացուն չեն հետաքրքրում, ինքն իր բերքի տերն է:

«Այսօր ռուսը, Պուտինը ոնց ուզում է, նենց էլ դզում է, ի՞նչ ասես: Քաղաքական ինչ խնդիրներ են բարձրացնում, ինչի համար են զադերժկա անում, վերջապես լավ հլը վարորդներին հաշվի, տուն ունեն, ընտանիք, ո՞նց են անելու», - նշեց նա:

Վերին Արտաշատի խաղողագործներից մի քանիսը պատմեցին՝ «Սպայման» նախկինում մի քանի տեսակի խաղող էր իրենցից գնում, իսկ հիմա միայն մեկը:

Արտահանման համար հատուկ աճեցված խաղողն, ըստ նրանց, գործարանները չեն ընդունում այն գնով, որով «Սպայկան»:

«Մենք արտադրում ենք, ինքն էլ լավ գնով ընդունում է, կոպիտ ասած՝ մեր հաց ու ջուրն իրենցից է կախված: Եթե ֆինանսական խնդիրներ ունենա «Սպայկան», արտահանում չանի, խաղողագործությունը կմեռնի Հայաստանում, Սևանի սորտերի մասին է խոսքը», - նշեց խաղողագործներից մեկը:

Ընկերությունից փոխանցում են՝ «Սպայկայի» մասնաբաժինը սեզոնից կախված կազմում է ընդհանուր արտահանման 60–70 տոկոսը, իսկ լոլիկի, վարունգի, ծաղկի ու խաղողի դեպքում՝ մինչև 90 տոկոս։

«Իսկ եթե որևէ պաշտոնյա կասի, որ Հայաստանում պտուղ-բանջարեղենի արտահանման խնդիր չկա, թող գան մեր փողոցներով անցնեն»,- ասում են գյուղացիները, որոնք ամեն տարի այս սեզոնին նաև «Սպայկայի» բեռնատարներին էին դիմավորում:

Երկրորդ շաբաթն է՝ Էկոնոմիկայի նախարարությունը չի մեկնաբանում՝ արդյոք Ռուսաստանի գործընկերներից հետաքրքրվե՞լ են՝ ինչ խնդիր կա Հայաստանի խոշոր արտահանող և բեռնափոխադրող ընկերության՝ «Սպայկայի» հետ։

Մինչ այս, Մոսկվան նախազգուշացրել էր՝ Եվրամիության հետ սերտ համագործակցության դեպքում Հայաստանի նկատմամբ կարող է կիրառվել մաքսային այլ ռեժիմ։ Ռուսական կողմը չէր բացառել, որ արտոնյալ, անմաքս առևտուրը կարող է դադարեցվել։ Փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն օրերս հայտարարել էր՝ Հայաստանի գյուղմթերքը հիմնականում սպառվում է ռուսական շուկայում, իսկ տարածաշրջանի մյուս երկրները դրա անհրաժեշտությունը չունեն, գոնե այդ ծավալներով: «Սպայկայից» պնդում են՝ այս հայտարարությունն իրենց հետ կապ չունի:

Մինչ գյուղացիները հստակություն են փնտրում, փորձագետներն ասում են՝ Հայաստանում իշխանությունը պետք է աջակցի, որ ստեղծվի առնվազն մի քանի լոգիստիկ կենտրոն՝ արտահանման հնարավորությունները դիվերսիֆիկացնելու համար: Դա, ըստ մասնագետների, կնվազեցնի գյուղացու կախվածությունը խոշոր մի քանի մատակարարներից և կնպաստի կայուն արտահանմանը։

Կառավարությունն այժմ սուբսիդավորում է, օրինակ, խաղողի ու լոլիկի մթերումը: Արդյունքում, ըստ կառավարության, գործարանները բերքը հետ չեն ուղարկում: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պարբերաբար անդրադառնում է այս թեմային, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր հրապարակում. «Այս տարի խաղողը մթերվում է բավականին բարձր՝ 150 դրամ արժեքով, ինչը լավ գին է համարվում: Ինչ քանակություն գյուղացիները, մթերողները այս ամբողջ քանակը պատրաստ են մթերել»:

Վերին Արտաշատում գյուղացիներն ասում էին՝ նախարարից կուզեին լսել՝ ի՞նչ պիտի անեն արդեն արտահանման համար հատուկ աճեցրած խաղողի հետ, եթե «Սպայկան» հրաժարվի այն ընդունել: