Եթե Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունները ձախողվեն, ապա շատերը «ծանր գին» կվճարեն, հայտարարել է ԱՄՆ նախագահը: Դոնալդ Թրամփը, որը Վլադիմիր Զելենսկիի հետ վերջին հեռախոսազրույցից հետո հայտարարել էր, թե Ուկրաինան Եվրոպայի օգնությամբ կարող է վերադարձնել Ռուսաստանի գրաված բոլոր տարածքները, հիմա՝ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից մի քանի օր անց, հայտարարում է, թե չի կարծում, որ Ուկրաինան կհաղթի պատերազմում:
«Ուկրաինան դեռ կարող է հաղթել։ Չեմ կարծում, որ կհաղթեն, բայց կարող են դա անել։ Ես երբեք չեմ ասել, որ նրանք կհաղթեն։ Ես ասել եմ, որ կարող են։ Ամեն ինչ կարող է պատահել», - ասել է ԱՄՆ նախագահը:
Եվրոպական մի քանի երկրներ, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան և Գերմանիան, հայտարարել են, թե աջակցում են Թրամփի երեկվա հայտարարությանը, որ ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, իսկ ներկայիս շփման գիծը պետք է լինի բանակցությունների մեկնարկային կետը։ Եվրոպական երկրները նաև կոչ են անում մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը այնքան, մինչև Պուտինը խաղաղություն չկնքի։
Հայտարարությունում ասվում է. - «Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այն սկզբունքին, որ միջազգային սահմանները չպետք է փոխվեն ուժով։ Պատերազմը ձգձգելու Ռուսաստանի մարտավարությունը կրկին ցույց է տալիս, որ Ուկրաինան միակ կողմն է, որը լրջորեն հանձնառու է խաղաղությանը»:
ԱՄՆ պետքարտուղարն ու Ռուսաստանի արտգործնախարարը երեկ հեռախոսով քննարկել են Հունգարիայում Թրամփի և Պուտինի հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Ըստ Reuters-ի՝ Մարկո Ռուբիոն և Սերգեյ Լավրովը կարող են հանդիպել հոկտեմբերի 23-ին: Սակայն, ըստ CNN-ի, հանդիպումն այս շաբաթ չի կայանա՝ կողմերը տարբեր ակնկալիքներ ունեն պատերազմի ավարտի վերաբերյալ:
Լավրովն այսօր ասել է, որ Ռուբիոյի հետ պայմանավորվել են շարունակել շփումները՝ ավելի լավ հասկանալու, թե ինչպես առաջ գնալ և կատարել Ալյասկայում ձեռք բերված պայմանավորվածությունները: Ռուսաստանի գլխավոր դիվանագետը նաև նշել է՝ Մոսկվան չի փոխել դիրքորոշումը և ձգտում է ոչ թե հրադադարի, այլ երկարաժամկետ կարգավորման, որը կլուծի «հակամարտության հիմնապատճառները»։
«Ես ուզում եմ պաշտոնապես հաստատել դա։ Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը [...] Մենք լիովին հավատարիմ ենք մնում այս բանաձևին։ Եվ ես դա հաստատեցի երեկ՝ Մարկո Ռուբիոյի հետ զրույցում», - հայտարարել է Սերգեյ Լավրովը:
Կրեմլի խոսնակն էլ ասել է, որ Պուտին-Թրամփ հանդիպմանը պետք է լրջորեն պատրաստվել, հավելելով, որ կոնկրետ ամսաթիվ հայտնի չէ։ Դմիտրի Պեսկովը նաև մեղադրել է եվրոպական երկրներին՝ ասելով, որ չեն նպաստում խաղաղությանը. - «Եվրոպացիները հիմա խաղաղության աջակիցներ չեն։ Ոչ էլ այն ուժն են, որն իր լուման է ներդնում քաղաքական և դիվանագիտական շփումներով խաղաղությանը հասնելուն։ Ընդհակառակը՝ ամեն կերպ Կիևի ռեժիմին հրահրում են շարունակել պատերազմը»։
ԵՄ արտգործնախարարն էլ հայտարարել է, թե վստահ են, որ Թրամփն անկեղծորեն ցանկանում է դադարեցնել պատերազմը, սակայն առանց Ուկրաինայի և Եվրոպայի ցանկացած բանակցություն անարդյունք կլինի: Ըստ Կայա Կալլասի՝ ԱՄՆ-ը, Եվրոպան և Ուկրաինան ցանկանում են վերջ դնել պատերազմին: Չի ցանկանում միայն Ռուսաստանը:
«Մեր նպատակն է նաև Ռուսաստանին ստիպել, որ խաղաղություն ցանկանա։ Եվ դրա համար նաև փորձում ենք համոզել մեր դաշնակիցներին ողջ աշխարհում, որ այս հանդիպումները ոչ մի արդյունք չեն կարող տալ, եթե Ուկրաինան կամ Եվրոպան դրանց չեն մասնակցում», - ասել է Կալլասը:
Լեհաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ եթե Թրամփի հետ հանդիպման մեկնելիս Պուտինը թռչի Լեհաստանի օդային տարածքով, որևէ երաշխիք չեն կարող տալ, որ լեհական դատարանը կառավարությանը չի կարգադրի, որ ստիպեն Պուտինի ինքնաթիռին հարկադիր վայրէջք կատարել, որպեսզի նրան ձերբակալեն՝ Հաագայի Միջազգային քրեական դատարանի օրդերի համաձայն:
Հունգարիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Եվրոպային «չի հետաքրքրում», թե արդյոք Բուդապեշտի հանդիպումը կարող է հանգեցնել Ուկրաինայում խաղաղության: Պետեր Սիյարտոն պնդել է, թե դատելով եվրոպացի առաջնորդների հայտարարություններից՝ նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի հանդիպումը տեղի չունենա:
«Փոխանակ ուրախանալու, որ տեղի կունենա ԱՄՆ-Ռուսաստան ևս մեկ հանդիպում, որ կարող է մեկ այլ մեծ քայլ արվել դեպի խաղաղություն, եվրոպացի քաղաքական գործիչները շարունակում են աջակցել պատերազմի շարունակմանը և երկարաձգմանը», - հայտարարել է Սիյարտոն:
Financial Times-ը գրում է, որ Եվրամիությունը մտադիր է այս շաբաթ որոշում կայացնել Ուկրաինային օգնելու նպատակով ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու վերաբերյալ: Ըստ Bloomberg-ի՝ ԱՄՆ-ը, սակայն, դեռ հրաժարվում է միանալ՝ խուսափելով շուկան ապակայունացնելուց: Գործակալության մյուս աղբյուրն էլ ասել է, որ Վաշինգտոնը պարզապես չի կողմնորոշվում ինչ անել այս փուլում։
Ռուսական զինուժը գիշերը հարվածել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին: Խերսոնում և Խարկովում կան վիրավորներ:
Ուկրաինական զինուժն, իր հերթին, պատասխան հարվածներ է հասցրել, շարքից հանել Նովոկույբիշևսկի նավթավերամշակման գործարանը: Ռուսական մի քանի քաղաքների օդանավակայաններ սահմանափակումներով են աշխատել: