Թրամփն այս պահին չի դիտարկում Ուկրաինային Tomahawk-ներ մատակարարելու հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օդանավում զրուցում է լրագրողների հետ, Մերիլենդ, 31-ը հոկտեմբերի, 2025թ.

Միացյալ Նահանգներն այս պահին չի դիտարկում Ուկրաինային մեծ հեռահարության Tomahawk հրթիռներ մատակարարելու հարցը, որոնցով ուկրաինական զինուժը կկարողանա հարվածել Ռուսաստանի խորքերին, նախագահական ինքնաթիռում լրագրողի հարցին ի պատասխան ասել է նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ո՛չ, իրականում՝ ո՛չ: Կարող է այնպես ստացվել, որ հետագայում միտքս փոխեմ, սակայն, այս պահին՝ ո՛չ», - ասել է Թրամփը:

Ավելի վաղ CNN-ը իր աղբյուրներին հղումով հայտնել էր, թե Պենտագոնը համաձայնել է նման հրթիռներ տրամադրել Ուկրաինային, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի ԱՄՆ նախագահը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը կրկին նվազեցրել է Ուկրաինային Tomahawk հրթիռների մատակարարման հեռանկարներըՎաշինգտոնը Կիևին չի տրամադրի Tomahawk հրթիռներԱՄՆ-ն հույս ունի հասնել Ուկրաինայում պատերազմի ավարտին բանակցային եղանակով՝ առանց Tomahawk-ների կարիքի

Սպիտակ տան ղեկավարը նաև ասել է, որ չի մասնակցում ռուսական սառեցված ակտիվների բռնագրավման մասին քննարկումներին: Եվրամիությունն առաջարկում է դրանց հաշվին 140 մլրդ եվրոյի վարկ տրամադրել Ուկրաինային, սակայն Բելգիան, որտեղ պահվում է այդ միջոցների մի մասը, պահանջում է երաշխիքներ, որ հետո ստիպված չի լինի միայնակ վերադարձնել դրանք:

Ամերիկյան Politico-ն իր աղբյուրին հղումով գրում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է երեք տարվա ընթացքում 8 մլրդ դոլարի աջակցություն տրամադրել Ուկրաինային: Սակայն եթե ԵՄ-ն չկարողանա Բելգիային համոզել, ապա հիմնադրամը կարող է դադարեցնել աջակցությունը, գրում է պարբերականը:

«ԱՄՀ-ի ֆինանսական աջակցությունը ստանալու հույսերը կախված են նրանից, թե արդյոք ԵՄ-ն կկարողանա ավարտին հասցնել Ուկրաինային տրամադրվող իր 140 միլիարդ եվրոյի վարկը՝ օգտագործելով Բելգիայում պահվող ռուսական սառեցված ակտիվները», - գրում է Politico-ն:

Սպիտակ տան ղեկավարը CBS-ի հետ զրույցում էլ ասել է, որ արդեն մի քանի հակամարտություն է կարգավորել՝ դիմելով այդ թվում մաքսատուրքերի օգնությանը, սակայն ուկրաինականի դեպքում մի փոքր այլ է` ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ այլ կերպ է վարվում, քանի որ տնտեսական սերտ հարաբերություններ չունեն այս երկրի հետ, թեև, ըստ նրա, Պուտինը ցանկանում է ունենալ:

Մինչ Վաշինգտոնը հրաժարվում է Կիևին մեծ հեռահարության այս հրթիռներից տրամադրել, Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Գերմանիան Կիևին տրամադրել է հակաօդային պաշտպանության Patriot համակարգերի խոստացած հերթական խմբաքանակը:

Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Գերմանիային, մասնավորապես՝ կանցլեր Ֆրիդրիխ Մերցին, սակայն չի նշել, թե կոնկրետ քանի համակարգ է տրամադրվել: Նախկինում հաղորդվել էր, որ Գերմանիան՝ Նորվեգիայի հետ համատեղ, կֆինանսավորի երկու Patriot համակարգի, այդ թվում՝ դրանց համար նախատեսված հրթիռների գնումը:

«Այսօր արդեն կարող ենք ասել, որ մեր պաշտպանության համար լավ արդյունք կա. Ուկրաինան այժմ ավելի շատ Patriot համակարգեր ունի [...] Մեր պայմանավորվածությունները կատարվել են», - հայտարարել է Զելենսկին:

Նա նշել է, որ ավելի շատ է հարկավոր այս համակարգերից, որպեսզի կարողանան պաշտպանել կարևոր ենթակառուցվածքներն ու երկրի ողջ տարածքը: Ուկրաինայի նախագահը վստահեցրել է, որ Patriot-ներ ձեռք բերելու համար կշարունակեն համագործակցությունը ինչպես կոնկրետ երկրների, դրանց առաջնորդների, այնպես էլ՝ հենց արտադրողների հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինան Գերմանիայից Patriot ՀՕՊ համակարգեր է ստացել

Bloomberg-ը իր աղբյուրներին հղումով հայտնում է, որ Մեծ Բրիտանիան վերջերս Ուկրաինային մեծ հեռահարության Storm Shadow թևավոր հրթիռներ է մատակարարել։ Ընդ որում՝ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ԱՄՆ-ն Ուկրաինային Tomahawk հրթիռներ չի տրամադրելու: Գործակալությունը հիշեցնում է, որ հենց այս հրթիռներով էր ուկրաինական զինուժը հոկտեմբերին հարվածել Բրյանսկում գործող քիմիական գործարանին:

«Անհայտ թվով հրթիռների մատակարարումը կատարվել է Ուկրաինային զինամթերքով ապահովելու համար՝ ձմեռային ամիսներից առաջ, որոնց ընթացքում, Մեծ Բրիտանիան մտահոգված է, որ Կրեմլը կակտիվացնի հարձակումները խաղաղ բնակչության վրա», - գրում է Bloomberg-ը:

Reuters-ը հաղորդում է, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրոպական միության սահմանած նոր պատժամիջոցներն արդյունք են տալիս. դրանց պատճառով թուրքական նավթավերամշակման գործարանները, հետևելով Հնդկաստանի օրինակին, սկսել են ավելի քիչ ռուսական նավթ գնել:

Մասնավորապես, ըստ գործակալության, խոշորագույն գործարաններից մեկը, որը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին գնել է միայն ռուսական նավթ, հիմա արդեն պատվերներ է տվել, որպեսզի նավթը գնի Իրաքից, Ղազախստանից և այլ երկրներից։ Մեկ այլ խոշոր ընկերություն՝ Tupras-ը, արդեն բանակցել է Բրազիլիայից և Անգոլայից մատակարարումների շուրջ և հավանաբար առաջիկայում ամբողջությամբ կդադարեցնի Ռուսաստանից նավթի ներմուծումը:

Bloomberg-ի տվյալներով՝ չինական պետական նավթավերամշակողները, ինչպիսիք են Sinopec-ը և PetroChina-ն, ևս սկսել են հրաժարվել ռուսական նավթից և արդեն չեղարկել են որոշ պատվերներ: Նավթավերամշակող փոքր մասնավոր գործարանները նույնպես առայժմ հրաժարվում են ռուսական նավթ գնելուց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Politico. Lukoil-ը ամերիկյան նոր պատժամիջոցների պատճառով փլուզման եզրին է «Լուկօյլ»-ը կվաճառի արտասահմանյան ակտիվները ԱՄՆ պատժամիջոցների պատճառովԵՄ-ն հաստատել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը. այն ներառում է հեղուկ բնական գազի ներմուծման արգելքԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթային խոշոր ընկերությունների նկատմամբ

Ռուսական կողմը հայտարարել է, որ գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին, ոչնչացնում են ռազմավարական նշանակության Պոկրովսկի երկաթուղային կայարանի և արդյունաբերական գոտու մոտակայքում շրջապատված ուկրաինական կազմավորումները և առաջխաղացում են ունեցել Պոկրովսկում, մտել են քաղաքի Պրիգորոդնի շրջան և դիրքավորվել:

Ռուսական զինուժը նաև հարվածել է Նիկոլաևին, Դնեպրոպետրովսկում ուկրաինացի զինծառայողներ են զոհվել ռուսական հարվածից, Սումիում զոհվել է մեկ, վիրավորվել՝ յոթ քաղաքացիական անձ: Եվս երկու զոհ կա Օդեսայում:

Ուկրաինական զինուժն, իր հերթին, հարվածել է Տուապսեի նավահանգստի ենթակառուցվածքներին, նավթավերամշակման գործարաններին և բեռնման կայաններին, նաև Սարատովի նավթավերամշակման գործարանին: Բելգորոդում անօդաչուի հարվածից մի կին է մահացել: