Թրամփը խորհրդակցություն կանցկացնի Գազայի հարցի շուրջ

Գազա, 26-ը օգոստոսի, 2025թ.

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը Սպիտակ տանը խորհրդակցություն կանցկացնի Գազայի հարցի շուրջ:

Վաշինգտոնն ակնկալում է, որ Իսրայելի պատերազմը պաղեստինյան տարածքում լուծվի մինչև տարվա ավարտը, շեշտել է նա:

ԱՄՆ պետդեպարտամենտն առանձին հաղորդել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չորեքշաբթի Վաշինգտոնում կհանդիպի Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարին։

Թրամփը 2024թ․ նախագահական ընտրարշավի ժամանակ խոստացել էր արագ ավարտել Գազայի պատերազմը և պաշտոնը ստանձնելուց հետո՝ հունվարին, կրկին վերահաստատել էր այդ խոստումը։

Ուիթքոֆը նաև նշել է, որ Իսրայելը պատրաստ է շարունակել քննարկումները պաղեստինյան զինված «Համաս» խմբավորման հետ, և որ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպությունը նույնպես պատրաստակամություն է հայտնել հնարավոր կարգավորման շուրջ։