Թրամփը Պենտագոնին հրամայել է սկսել միջուկային զենքի փորձարկումներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին հրամայել է սկսել միջուկային զենքի փորձարկումներ՝ հավասարվելով Չինաստանին և Ռուսաստանին։

Հակառակ Վաշինգտոնի նախազգուշացումներին՝
նախօրեին Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ Մոսկվան հաջողությամբ փորձարկել է «Պոսեյդոն» գերտորպեդոն, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել:

«Քանի որ այլ երկրներ փորձարկում են ծրագրեր, ես հանձնարարել եմ Պատերազմի նախարարությանը սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները հավասար հիմունքներով», - սոցիալական ցանցում գրառում է թողել Թրամփը։

Նա նաև հայտարարել է, որ «շատ տարիներ» են անցել այն ժամանակվանից, երբ Միացյալ Նահանգները միջուկային փորձարկումներ է անցկացրել։

«Մենք փորձարկումներ չենք անում... մենք դա դադարեցրել ենք տարիներ առաջ, բայց նորից ենք սկսել, քանի որ մյուսներն են փորձակումներ անում։ Ես կցանկանայի տեսնել ապամիջուկայնացում... », - ասել է ԱՄՆ նախագահը:

Չուշացավ Կրեմլի պատասխանը. Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով վերջին օրերին Ռուսաստանի կողմից միջուկային շարժիչ ունեցող «Բուրեվեստնիկ»-ի և միջուկային մարտագլխիկ կրելու հնարավորություն ունեցող «Պոսեյդոն» գերտորպեդոյին, ասել է, թե Մոսկվայի վերջին զենքի փորձարկումները «միջուկային չեն»։

«Սա ոչ մի կերպ չի կարող մեկնաբանվել որպես միջուկային փորձարկում», - լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։

ԱՄՆ-ի վերջին միջուկային փորձարկումը տեղի է ունեցել 1992 թվականի սեպտեմբերին՝ Նևադայի միջուկային անվտանգության կենտրոնում 20 կիլոտոննա ստորգետնյա պայթյունով։

Թրամփն այսօր նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ավելի շատ միջուկային զենք ունի, քան որևէ այլ երկիր։

Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը (SIPRI) իր վերջին տարեկան զեկույցում նշել է, որ Ռուսաստանը ունի 5489 միջուկային մարտագլխիկ, համեմատած Միացյալ Նահանգների 5177-ի և Չինաստանի 600-ի հետ։

Ընդհանուր առմամբ, SIPRI-ն գնահատում է, որ միջուկային զենք ունեցող ինը երկրները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, Պակիստանը, Հնդկաստանը, Իսրայելը և Հյուսիսային Կորեան, ունեն ավելի քան 12200 մարտագլխիկ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պուտինը հայտարարել է «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռի ևս մեկ փորձարկման մասինՌուսաստանը փորձարկել է «Պոսեյդոն» գերտորպեդոն՝ միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ