Թրամփը պետական այցով Բրիտանիայում է. նրան ակցիայով են դիմավորել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և առաջին տիկին Մելանիա Թրամփին ողջունում են Մեծ Բրիտանիայի Ուելսի արքայազն Ուիլյամը և Ուելսի արքայադուստր Քեթրինը Վինձորի դղյակի տարածքում, 17-ը սեպտեմբերի, 2025 թ., պետական այցի շրջանակներում

Միացյալ Նահանգների նախագահը եռօրյա պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա: Դոնալդ Թրամփն ԱՄՆ առաջին նախագահն է, որը երկրորդ անգամ է նման այց կատարում Միացյալ Թագավորություն: Նախորդը տեղի էր ունեցել 2019-ին՝ նախագահության առաջին ժամկետի ընթացքում:

Պատմական այս այցի ընթացքում Սպիտակ տան ղեկավարին ուղեկցում են առաջին տիկինը, պետքարտուղարը և այլ պաշտոնյաներ:

Վինձորի ամրոցում, որն աշխարհի ամենահին և ամենամեծ բնակեցված ամրոցն է և գրեթե 1000 տարի բրիտանական միապետերի տունն է եղել, նրանց ընդունել է թագավորական ընտանիքը: Ըստ մամուլի, պետական այցի համար սա երբևէ կազմակերպված ամենամեծ ընդունելությունը կդառնա:

ԱՄՆ նախագահական Marine One ուղղաթիռով Վինձոր ժամանած Թրամփին և Մելանիային դիմավորեցին արքայազն Ուիլիամը և նրա կինը՝ Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը, ապա հյուրերին ուղեկցեցին դեպի ամրոցի մուտք, ուր նրանց սպասում էին թագավոր Չարլզն ու թագուհի Կամիլան, այլ պաշտոնյաներ:

Ձեռքսեղմումից ու կարճ շփումից հետո նրանք թագավորական հինգ կառքով ուղևորվեցին ամրոցի բակ, որտեղ Թրամփն ու Չարլզը պատվո պահակախմբի ստուգատես անցկացրին, ապա հեռացան ճաշի:

Չարլզն ու Կամիլան ամերիկացի հյուրերին ավելի ուշ կցուցադրեն թագավորական հավաքածուի ընտրված գանձերը, կայցելեն Սուրբ Գևորգի մատուռ, որտեղ Թրամփն ու Մելանիան ծաղկեպսակ կդնեն Եղիսաբեթ II թագուհու գերեզմանին: Իսկ երեկոյան նախատեսված է պետական խնջույք՝ Վինձորի ամրոցում:

Ցույցեր այցին զուգահեռ

Հանդիսավոր ընդունելությունից բացի, Թրամփի այցն ուղեկցվում է նաև ցուցերով: Հարյուրավոր մարդիկ Վինձորում բողոքի ակցիա են արել՝ վանկարկելով՝ «Դոնալդ Թրամփն այստեղ ողջունելի չէ»։ Ցուցարարները նշում են՝ Թրամփի գործողություններն ու անգործությունը անկայունություն են առաջացնում աշխարհում՝ տապալելով աշխարհակարգը, որին մարդկությունը հարմարվել էր:

«Եթե այցելեին Օբաման, Ջո Բայդենը, այստեղ բոլորովին այլ մթնոլորտ կտիրեր։ Բայց դա այդպես չէ, Դոնալդ Թրամփն է», - ասաց ցուցարարներից մեկը։

Մեկ այլ Ցուցարար էլ ասում է, թե Թրամփը Ռուսաստանի նախագահի ձեռքին խաղալիք է, Պաղեստինում պատերազմի հարցում աջակցում է Իսրայելին, նաև տուրք է տալիս ԱՄՆ-ում ծայրահեղ աջակողմյան ավտորիտար քաղաքականությանը:

«Նա շրջապատված է անգրագետ շողոքորթներով, որոնք նույնպես միայն իրենց փողի մասին են մտածում, նաև Ջեֆրի Էփշտեյնի սկանդալը: Դրանք բոլորն այս պահին շեղող գործոններ են», - ասել է ցուցարարը։

Ի նշան բողոքի՝ ցուցարարները Թրամփի և նրա երբեմնի մտերիմ, մանկապղծության համար դատապարտված Ջեֆրի Էփշտեյնի լուսանկարն ու տեսանյութն են պրոյեկտորով ցուցադրել Վինձորի ամրոցի պատերին։ Չորս մարդ է ձերբակալվել այս ակցիայի համար:

Ակտիվիստները նաև Թրամփին և Էփշտեյնին պատկերող հսկայական պաստառ են տեղադրել Վինձորի ամրոցի հարակից տարածքում։ Նրանց լուսանկարը տեսախցիկը ֆիքսել է նաև բեռնատարի վրա:

ԱՄՆ նախագահի դեմ ցույցերին միացել է նաև «Կանգնեցրեք Թրամփին» կոալիցիան, որը ներառում է ավելի քան 50 միություն և բարեգործական կազմակերպություն։ Չնայած խորհրդարան Սպիտակ տան ղեկավարի այց նախատեսված չէր, նրանք բողոքի ակցիա են արել նաև խորհրդարանի դիմաց:

ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը Մեծ Բրիտանիա են ժամանել երեկ, գիշերել են Ուինֆիլդ Հաուսում՝ 1955-ից Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանի կեցավայրում:

Թրամփի օրակարգում է նաև մաքսատուրքերի հարցը

Այցից առաջ դեռ ԱՄՆ-ում Թրամփը հայտարարել էր, որ լավ հարաբերություններ ունի Մեծ Բրիտանիայի և թագավոր Չարլզի հետ, որի հետ ընկերներ են վաղուց: Թրամփի օրակարգում է նաև մաքսատուրքերի հարցը՝ Մեծ Բրիտանիան ցանկանում է ավելի լավ պայմաններ:

«Պատրաստ եմ օգնել նրանց։ Մեր երկրի գործերը շատ լավ են։ Երբեք այսքան լավ չեն եղել։ Տրիլիոնավոր դոլարներ ենք ստանում մաքսատուրքերից, և նրանք ցանկանում են հասկանալ՝ կարո՞ղ են մի փոքր ավելի լավ գործարք կնքել», - ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը ապրիլին հավելյալ մաքսատուրքեր սահմանեց նաև դաշնակից Բրիտանիայի նկատմամբ: Հունիսին, սակայն, Լոնդոնն ու Վաշինգտոնը առևտրային գործարք կնքեցին, որը նվազեցրեց մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքը: Համաձայնության չեկան միայն բրիտանական պողպատի ներմուծման շուրջ, որի մաքսատուրքը 25 տոկոս է:

Վաղը Չեքերսի իր կեցավայրում ԱՄՆ նախագահին կընդունի վարչապետ Քիր Սթարմերը: Մաքսատուրքերից ու առևտրից բացի, օրակարգում են նաև տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության գործարքը, որի շրջանակում ամերիկյան ընկերությունները ավելի քան 40 մլրդ դոլարի ներդրում կանեն Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև ԱՄՆ աջակցությամբ ատոմային փոքր մոդուլային ռեակտորների կառուցման հարցերը, ուկրաինական պատերազմն ու Գազայում տիրող իրավիճակը: