Թրամփը պնդում է, որ Ռուսաստանը և Չինաստանը գաղտնի միջուկային զենք են փորձարկել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը և Չինաստանը, իրականացրել են ստորգետնյա միջուկային փորձարկումներ, և որ Միացյալ Նահանգները կհետևի նրանց օրինակին։

«Ռուսաստանի փորձարկումը, Չինաստանի փորձարկումը: Բայց նրանք դրա մասին չեն խոսում: Դուք պարտադիր չէ, որ իմանաք, թե որտեղ են նրանք փորձարկումներ անում։ Նրանք ստորգետնյա փորձարկումներ են անցկացնում և մարդիկ ճշգրիտ չգիտեն, թե ինչ է կատարվում փորձարկման հետ: Ես ասում եմ, որ մենք փորձարկելու ենք միջուկային զենք, ինչպես անում են այլ երկրները», - CBS-ի «60 րոպե» ծրագրում ասել է ԱՄՆ նախագահը:

«Ես չեմ ուզում լինել միակ երկիրը, որը փորձարկում չի անում», - ասել է Թրամփը՝ Հյուսիսային Կորեան և Պակիստանը ավելացնելով այն երկրների ցանկին, որոնք, ենթադրաբար, փորձարկում են իրենց զինանոցները։

ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո՝ Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հերքեց Չինաստանի կողմից միջուկային զենքի փորձարկման մասին լուրը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը Պենտագոնին հրամայել է սկսել միջուկային զենքի փորձարկումներ

Նախորդ շաբաթավերջին ԱՄՆ նախագահը Պենտագոնին հրամայեց սկսել միջուկային զենքի փորձարկումներ՝ հավասարվելով Չինաստանին և Ռուսաստանին։ Իսկ այս հայտարարությունից առաջ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ Մոսկվան հաջողությամբ փորձարկել է «Պոսեյդոն» գերտորպեդոն, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հայտարարել է, որ Պուտինը պետք է պատերազմը դադարեցնի, ոչ թե հրթիռներ փորձարկի

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր միջուկային շարժիչ ունեցող «Բուրեվեստնիկ» անսահմանափակ հեռահարության թևավոր հրթիռի հաջող փորձարկման մասին, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շեշտել էր՝ Վլադիմիր Պուտինը պետք է պատերազմը դադարեցնի, ոչ թե հրթիռներ փորձարկի: