Վաղը Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը կքննարկի երեք քահանաների հարցը

Էջմիածնի Մայր Տաճարը, արխիվ

Վաղը Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը քննարկելու է ներեկեղեցական բարքերը հրապարակային քննադատած երեք քահանաների հարցը: Հանձնախմբի անդամներից Հովնան եպիսկոպոս Հակոբյանը տեղեկացրեց՝ թեմերից են ստացել այս քահանաների վարքը քննելու խնդրագիր: Սա, ըստ եպիսկոպոսի, չի նշանակում, թե նրանց կարգալուծություն է սպասում:

«Կարգապահական հանձնախումբը այն չէ, որ միայն կարգալույծ անել: Ընդհակառակը՝ կարող է այդ հարցը շտկվել, մարդը զգալ իր սխալը, կամ թյուրիմացություն է եղել, ժամանակ է տրվում այդ մարդուն: Վստահ պիտի լինենք, որ իրանք էդ իրենց սրտի կամքն են արտահայտե՞լ, թե՞ իրենց ստիպել են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովնան սրբազանը՝ հավելելով. - «Առաջին նիստին քահանաները չեն հրավիրվի, բայց հետո կլսենք նրանց»:

Երեք քահանաներից երկուսը՝ Տեր Արամն ու Տեր Թադեն, նույն՝ Արագածոտնի թեմում են ծառայում: Հովհաննավանքի քահանա Տեր Արամը առաջինն էր, որ գրեց, թե եկեղեցում կանոնի փոխարեն կամայական լկտիություն է տիրում, զազրելի բարքեր: Նրան հաջորդեց Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեն. նա էլ հայտարարեց՝ միանում է քահանա եղբոր արդար ձայնին, էլ չի կարող լռել: Եվ երրորդը Տեր Տարոն քահանա Հունանյանն էր, ով սոցցանցում գրել է. - «Եկեղեցու ներսում ներքին կարգ ու կանոնի շղարշի ներքո անտեսվում է քրիստոնեության բուն առաքելությունը, երբ Աստուծո խոսքի փոխարեն բարձրանում են քաղաքական տեքստեր, մեղադրանքներ, սպառնալիքներ, դատապարտումներ, իսկ Աստծո սիրո փոխարեն գործում է կանոնական հիմքից զուրկ վարչական սառնասիրտ անտարբերություն»։

«Տեր Տարոնի վարքը քննարկելու առաջարկ Մայր Աթոռ եմ ուղարկել այս քննադատությունից շատ առաջ», - ասաց Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ հայր Սամվելը՝ մանրամասնելով. - «Տավուշի թեմում 2022 թվականից ծառայության պիտի լինի և ծառայության չի: Կարճ ժամանակով սկզբում հնարավորություն տվեցինք, որ գնար, գար, հանդիպեր, խոսեր, հետո անհայտացավ ու անհայտացավ»:

Ըստ Սամվել վարդապետ Մխիթարյանի՝ այս քահանան Վեհափառի որոշմամբ Հաղարծինի վանքում պիտի լիներ, հետո՝ Իջևանի եկեղեցում, բայց ուխտադրուժ կերպով լքել է ծառայության վայրը:

«Մենք ուխտ ունենք, պարտավոր ենք, որ մեր ծառայության վայրերը չլքել, անգամ եթե պատերազմական իրավիճակ էլ լինի», - ընդգծեց Տավուշի թեմի առաջնորդական տեղապահը:

Տեր Տարոն քահանան Հայաստանում չէ, նա հեռախոսով բացատրեց, թե ինչու չի ծառայում Տավուշի թեմում՝ իր նշանակման վայրում. - «Ես արձակուրդ գնալուց առաջ իմ թեմի առաջնորդին, որը որ եղել է Բագրատ սրբազանը, իմ թեմի առաջնորդից ստացել եմ անժամկետ արձակուրդ հատուկ առաքելությամբ, որը դեռ ավարտված չէ»:

Տարոն քահանան հաստատեց՝ ընտանեկան կացությունից ելնելով. - «Առհասարակ, այո, անձնական գործերով՝ հիմա, ծնողներիս հետ կապված, ընտանիքիս հետ կապված, սրբազանը լավ գիտի: Այո, [համաձայնությունը] բանավոր է եղել՝ հետագայում գրելու համար, հետագայում էլ ես գրել եմ զեկուցագրի տեսքով»:

Տեր Տարոնը չի համարում, որ լքել է քահանայության վայրը, ինքը քահանա է ամենուր, ուղղակի անժամկետ արձակուրդում է, եթե հանձնախմբում կարգալուծության որոշում էլ լինի՝ ոչինչ. - «Ինչ ուզում են թող անեն: Որևէ օծյալ հոգևորականի օծումը չի ջնջվում»:

Տավուշի թեմի առաջնորդական փոխանորդը շեշտում է՝ քահանան ճշմարտությունից, արդարությունից է խոսում Ֆեյսբուքում, բայց իրականում առանց հոգևոր խնամքի է թողել իրեն վստահված համայնքների բնակիչներին, կարծում է՝ նրա հարցը ոչ թե վաղը, այլ ավելի շուտ պիտի քննարկվեր:

«Եկեղեցու «ղեկավարները» սկսում են հեռանալ սեփական որդիներից, իսկ որդիները՝ հիասթափվում եկեղեցու «ղեկավարներից», - Տեր Տարոնը սեփական գրառումից մեջբերմամբ է պատասխանում: Նա Տեր Արամի ու Տեր Թադեի ընկերն է՝ արդյո՞ք եկեղեցական վերնախավին ուղղված քննադատությամբ միանում են Նիկոլ Փաշինյանի հակակաթողիկոսական արշավին:

«Ճիշտ է, ես գրել եմ, որ եկել է խոսելու ժամանակը, և ես կխոսեմ, բայց առայժմ, ինչպես իմ տեր հայր ընկերները, առայժմ ես էլ չեմ ուզում խոսել: Կգա ժամանակը, և կխոսենք, մենք կասենք մեր ասելիքը», - վստահեցրեց Տեր Տարոնը:

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասելիքն ասել է շուրջ հինգ ամիս առաջ՝ Վեհարանը Վեհափառից պիտի ազատի: Այդ գործը, սակայն, ձգձգվում է, Էջմիածնում Փաշինյանի ծրագրած հոգևոր հավաքը նույնպես չի կայացել: Այսօր քաղաքի 2710-ամյակի միջոցառումներ էին, դրանց խորհրդարանի նախագահն էլ էր մասնակցում, Ալեն Սիմոնյանը նաև Մայր Տաճար է մտել, մոմ վառել, խորհրդարանի խոսնակի տարածած կադրերում նաև երկու հոգևորականների ենք տեսնում: Արդյո՞ք նրանք ուղեկցել են Սիմոնյանին, թե՞ սա մի պատահական ողջույն է: Մայր Աթոռից տեղեկացրին՝ խորհրդարանի նախագահը մասնավոր այցով էր եկել, դիմավորում չի կազմակերպվել: Ավելին՝ նկարահանումն արվել է կարգի խախտմամբ: Մայր Աթոռը սա անընդունելի է համարում, շեշտում՝ Տաճարում պետք է աղոթել և ոչ թե կազմակերպել ցուցադրական տեսարաններ:

44-օրյա պատերազմից հետո աշխարհիկ ու հոգևոր վերնախավերը երբեք նույն կադրում չեն հայտնվում: Բայց որ իշխանությունը Վեհարանի ազատագրական պայքարը չի ընդհատելու, վարչապետ Փաշինյանը հասկացնում է գրեթե ամենօրյա ռեժիմով: Այսօրվանն, օրինակ, նրա բարի լույսի երգն էր՝ ո՛չ եկեղեցին, ո՛չ պանդոկը, ոչինչ սուրբ չէ.

И ни церковь, и ни кабак —
Ничего не свято!
Нет, ребята, всё не так!
Всё не так, ребята…


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երկրորդ քահանան է ընդվզում հոգևոր վերնախավի դեմԿան եպիսկոպոսներ, որ ոչ թե եկեղեցի, այլ քաղաքականություն են մտնում. Արամ քահանաԱրագածոտնի թեմն արձագանքել է Հովհաննավանքի քահանայի շուրջ սկանդալինՄայր Աթոռի կարգապահական հանձնախումբը Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամի հարցը չի քննարկել«Զազրելի բարքեր ու բարձիթողի կանոններ». Տեր Արամ քահանան քննադատում է եկեղեցական բարձրաստիճաններին