Վարչական վերաքննիչ դատարանն այսօր կարճեց Վանաձոր համայնքին վերաբերող գրեթե 4 տարի ձգված դատական գործը։ Այս ամբողջ ժամանակ Վանաձորի ավագանին իրավունք չուներ համայնքի ղեկավար ընտրել։ Համայնքը ղեկավարում էր վարչապետի նշանակած ժամանակավոր պաշտոնակատարը։
Դատարանի որոշումը դեռ հրապարակված չէ, բայց դատարանից «Ազատությանը» հայտնեցին՝ որոշումը բողոքարկման ենթակա չէ։ Այն այլևս չի վիճարկվի վերին ատյաններում։
Վանաձորի տեղական ընտրությունները վիճարկած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դեռ մեկ տարի առաջ հետ վերցրեց իր հայցը։ Դատարանը պետք է անմիջապես կարճեր գործը, բայց այն ձգվեց ևս մեկ տարի։
Գործի երրորդ կողմ՝ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը նոր պահանջ էր ներկայացրել՝ վերսկսել գործի քննությունը «դատական ծախսերի բաշխման հարցը լուծելու նպատակով»։ ՏԻՄ փորձագետների պահանջն անհիմն էին համարում, բայց դատարանը որոշել էր վերսկսել գործը։ Միայն այսօր կարճեց այն։
Ըստ օրենքի՝ ավագանին 20 օրում պետք է իր կազմից համայնքի ղեկավար ընտրի։ Եթե նիստերն ու քվեարկությունը չկայանան, ավագանին կցրվի ու արտահերթ ընտրություններ կանցկացվեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաստաբանական ծախսեր, որ թույլ չեն տալիս Վանաձորին համայնքապետի նոր ընտրություններ անցկացնել2021-ի դեկտեմբերին տեղի ունեցան ընտրությունները, բայց ձևավորված ավագանին այդպես էլ ղեկավար չընտրեց։ Ամենաշատ ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» խմբակցության ղեկավարը՝ համայնքի նախկին ղեկավարը, կոռուպցիոն մեղադրանքներով կալանավորվեց։ Հետո «Լուսավոր Հայաստանը» բողոքարկեց ընտրությունների արդյունքները, արգելանք դրվեց ավագանու գործունեության վրա։
Անցած 4 տարիներին ավագանին հատուկենտ արտահերթ նիստեր է գումարել՝ քննարկել սահմանափակ թվով հարցեր։