Վարչապետ. Հաստատված խաղաղությունը վիժեցնել ցանկացող ուժեր կան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, 10-ը սեպտեմբերի, 2025թ.

Հայաստանն ու Ադրբեջանն այսօր աշխատում են ապաշրջափակման ուղղությամբ: Չորեքշաբթի օրը խորհրդարանում Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ առաջիկայում շփումները կինտենսիվանան, նաև՝ ամերիկյան գործընկերների հետ, հասկանալու համար Հայաստանի երկաթուղու, մյուս ենթակառուցածնքերի հետ կապված տեխնիկական պայմանները:

«Հիշում եք՝ ասել ենք, որ ոչինչ համաձայնեցված չի, բացի նրանից, ինչ գրված և հրապարակված է, հետևաբար՝ բազմաթիվ տեխնիկական պայմաններ կան, որ պիտի դեռ բանակցվեն: Մեր շահն է հնարավորինս արագ իրականացնել գործընթացը և հնարավորինս արագ հասնել ապաշրջափակմանը», - ասաց նախարարը՝ շարունակելով. - «Որովհետև, կրկնում եմ, շատ էական բան, էլի՝ մարդիկ միշտ ասում են Ադրբեջանի անցում Հայաստանով դեպի Նախիջևան, բայց ճիշտ նույն չափով, ճիշտ նույն աստիճանի, նույն պայմաններով մենք ենք ապաշրջափակվում: Ժողովուրդ ջան, չմոռանանք՝ Հայաստանի Հանրապետությունն է երկու կողմից երեսուն պլյուս տարիներ եղել շրջափակման մեջ»:

Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ շեշտեց՝ ապաշրջափակումն իրականացվելու Է այն սկզբունքների համաձայն, որոնք ստորագրել են Ադրբեջանի հետ. - «Տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում և փոխադարձության սկզբունքների համաձայն: Աշխատում ենք ամերիկյան կողմի հետ, ադրբեջանական կողմի հետ նորից, կրկին, աշխատում ենք ապաշրջափակում, սահմանազատման գործընթացում կարող են նորություններ լինել»:

Միրզոյանը պարզաբանում է՝ ինչ է նշանակում «խաղաղությունը հաստատված է» պնդումը

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում, 10-ը սեպտեմբերի, 2025թ.

Խոսելով Վաշինգտոնում ստորագրված հայ-ադրբեջանական հռչակագրի և խաղաղության պայմանագրի նախաստրորագրման մասին, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ շեշտեց, որ տեղի ունեցածը կարևորագույն իրադարձություն է:

«Հաստատվել է խաղաղություն», - նշեց Արարատ Միրզոյանը, սակայն պարզաբանեց, թե ինչ նկատի ունի, քանի որ հասկանալի է՝ խաղաղությունը ամբողջական հաստատված չէ. - «Որ մենք ճանապարհի սկզբին ենք դեռ: Խաղաղությունը երկար գործընթաց է, խաղաղությունը խնամք է պահանջում, խաղաղությունը հոգատարություն է պահանջում, խաղաղությունը զգուշություն է պահանջում յուրաքանչյուր արտաբերվելիք բառի տեսանկյունից, յուրաքանչյուր շրջանառվող փաստաթղթի տեսանկյունից: Ի վերջո, չժխտենք՝ թշնամանքի պատմություն կա երկար, արյան պատմություն կա երկու ժողովուրդների միջև: Եվ ահա մենք ճանապարհի սկզբին ենք: Նույնիսկ առաջ անցնելով ասեմ, որ եթե առաջիկայում մենք ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույն է, չենք կարող ասել, որ վերջացավ ամեն ինչ, խաղաղությունը ամբողջական հաստատված է: Շատ պարզունակացնելով՝ մենք նկատի ունենք, որ առայժմ, այս պահին կողմերը իրար վրա չեն կրակում, էսկալացիայի ռիսկը մինիմալ է՝ զրոյին է ձգտում, թեժ հակամարտության ռիսկը մինիմալ է, և այլն: Մնո՞ւմ են խնդիրներ՝ բազմաթիվ»:

Այդ խնդիրներից մեկն էլ, ըստ արտգործնախարարի, գերիների ազատ արձակումն է, և ցավոք այդ ուղղությամբ չունեն ամբողջական հարցի լուծում: Արարատ Միրզոյանը վստահեցրեց, սակայն, որ աշխատանքներն այսօր էլ շարունակվում են և չեն դադարելու:

Փաշինյանի պնդմամբ՝ հաստատված խաղաղությունը վիժեցնել ցանկացող ուժեր կան

Հայ - ադրբեջանական հարաբերություններից նաև վարչապետը խոսեց: Հայտարարելով, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքվել է խաղաղություն, Նիկոլ Փաշինյանը պնդեց՝ կան ուժեր թե՛ Հայաստանի ներսում և թե՛ դրսում, ովքեր ցանկանում են քայքայել, վիժեցնել այդ խաղաղությունը:

«Հնարավոր չի չտեսնել , որ այդպիսի շահագրգռություն ունեցող ուժեր կան և՛ Հայաստանում, և՛ հեռավոր և մերձակա մոտակայքում: Հաստատվել է խաղաղություն, այլ բան, որ էդ խաղաղությունը հաստատված պետք է էս կետից մենք զարգացնենք դեպի ինստիտուցիոնալ ուժեղացում՝ ի հեճուկս նրանց, ովքեր ուզում են էս կետից զարգացնել դեպի ինստիտուցիոնալ ոչնչացում», - հայտարարեց վարչապետը:

Հակադարձելով բոլոր նրանց, ովքեր ասում են, թե խաղաղության պայմանագիրն ընդամենը նախաստորագրվել է, Փաշինյանը հիշեցրեց , որ այդպես ասողների մեծ մասը այս տարվա սկզբին կանխատեսում էին, թե օգոստոսին պետք է պատերազմ լինի:

Ի պատասխան Ադրբեջանի նախագահի կողմից «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման, որն Իլհամ Ալիևը գրեթե ամենօրյա ռեժիմով է գործածում, Նիկոլ Փաշինյանը խորհրդարան էր եկել Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի մեծ լուսապատճենով: Խորհրդարանի ամբիոնից ցույց տալով իր, Ադրբեջանի և ԱՄՆ նախագահների ստորագրությունները, Փաշինյանը պնդեց՝ կա օբյեկտիվ իրականություն, իսկ այդ իրականությունն այն է, որ երեք երկրների ղեկավարները իրենց ստորագրությունը դրել են մի փաստաթղթի տակ, որտեղ խոսվում է Հայաստանի տարածքում TRIPP անունով ենթակառուցվածքի մասին:

«Էս թղթի 4-րդ կետում արձանագրված է, որ TRIPP նախագիծը, ուրեմն, Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների քննարկման օրակարգի հարց է: Հիմա հարց կծագի՝ ինչի՞ Ադրբեջանը, որ այդ դեպքում ի՞նչ կապ ունի էս թեմայի հետ: Կապը հետևյալն է, որ էս նախագիծը՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը պետք է կպնի Ադրբեջանին, և Հայաստանի և Ադրբեջանի կոմունիկացիաները պետք է կպնեն իրար», - ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց՝ այդ հռչակագրից բացի, ինքը ԱՄՆ նախագահ Թրամփի հետ նաև ստորագրել է հուշագիր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի զարգացման մասին, որտեղ պայմանավորվել են, որ այդ նախագիծը իրականացվելու է Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անխախտելիության սկզբունքների հիման վրա, և ԱՄՆ-ը հետաքրքրված է այդտեղ ներդրումներ անելու համար:Վարչապետը շեշտեց, թե օբյեկտիվ իրականությունը սա է, մնացած լիրիկա է: Հայաստանի տարածքում չի կարող լինել «Զանգեզուր միջանցք» անունով ենթակառուցվածք: Ի դեպ, Փաշինյանն այդ ձևակերպումը չարտաբերեց:

«Բայց ես չեմ կարող բացառել նաև, որ այդ անունը Ադրբեջանում օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով էնքան պոպուլյար է դարձել, որ Ադրբեջանը կարող է իր տարածքով անցնող որևէ ենթակառուցվածք, այդ թվում՝ այն ենթակառուցվածքներից, որը պետք է միանա, օրինակ, «Թրամփի ուղուն», անվանել ցանկացած անունով և ցանկացած մարդու անունով: Բայց դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, Հայաստանի Հանրապետության օրակարգի, Հայաստանի Հանրապետության ձեռք բերված պայմանավորվածությունների, առավել ևս Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ որևէ կապ չունի», - վստահեցրեց վարչապետը:

Պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե ի՞նչ ժամկետով է գործելու հայ-ամերիկյան հուշագիրը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մտադրության հուշագրերը ստորագրվում են մեկ կամ երկու տարով՝ մինչև երեք տարի երկարացմամբ, իսկ պատճառն այն է, որ այդ մտադրությունները այդ ժամկետում պետք է իրականություն դարձնել:

«Շատ հստակ հանրությանը ներկայացնեք՝ անցել է մեկ ամիս, մեկ ամսից ավելի, կոնկրետ էս ուղղությամբ, ասում եք՝ դա պետք է իրականացվեր կարճ, մեկ տարվա ընթացքում, մեկ ամսվա ընթացքում ի՛նչ է արվել, օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կնքված էս հուշագրի շրջանակում», - հարցրեց դաշնակցական պատգամավորը:

«Տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ՝ տարբեր ֆորմատներով, և էդ քննարկումները շարունակվում են, էսօր էլ տեղի են ունենում, կարող է հենց էս պահին էլ տեղի են ունենում», - պատասխանեց վարչապետը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքվում քննարկում են Վաշինգտոնի համաձայնագրերը, առաջիկայում ամերիկյան կողմի հետ քննարկումներ կկայանան ԵրևանումԵրևանը դեռևս չի բացահայտում՝ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները կոնկրետ որտեղ են փոխայցելություններ կատարելԵԱՀԿ Մինսկի խումբն այսօրվանից լուծարված էՀրապարակվել են ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրերըՎաշինգտոնյան պայմանավորվածությունների շուրջ քննարկումները կսկսվեն սեպտեմբերից. վարչապետՃանապարհի շուրջ հակասող կարծիքներ․ Բաքուն խոսում է միջանցքից, ՀՀ իշխանությունը՝ փոխադարձությունից, ընդդիմությունը՝ զիջումիցՀայաստանն ու Ադրբեջանը տարածքներ ունեն միմյանց վերահսկողության ներքո, այս հարցը պետք է լուծվի սահմանազատմամբ. Փաշինյան Երևանն ու Բաքուն հրապարակեցին նախաստորագրված խաղաղության համաձայնագիրըՀայաստանը, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ստորագրեցին վաշինգտոնյան փաստաթղթերը