Վարչապետ. «Շարունակելու ենք մեր աղոթքները Հովհաննավանքում, հետո նաև Մայր Աթոռում»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում մատուցված Պատարագի ժամանակ

Նիկոլ Փաշինյանը դանդաղ, բայց վստահ քայլերով մոտենում է Մայր Աթոռին:

«Մենք շարունակելու ենք մեր աղոթքները Հովհաննավանքում, հետո նաև Մայր Աթոռում», - այսօր հայտարարեց վարչապետը:

Վեհափառին գահից իջեցնելուց առա՞ջ, թե՞ հետո է աղոթելու, Փաշինյանն առայժմ չի հստակեցնում: Նրա սոցցանցային ուղիղ եթերի առիթը Էջմիածնի երեկվա հաղորդագրությունն էր: Այստեղ Մայր Աթոռը կարգալույծ քահանայի ծեսը Հովհաննավանքում Փաշինյանի ու նրա աջակիցների համար անվանում է սրբապիղծ բեմականացում:

«Իշխանությունների հովանավորմամբ Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք և անվավեր են, իսկ Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման», - ասված է Մայր Աթոռի հայտարարությունում:

Պղծության չեմպիոնը աղոթքը պղծություն է որակել, զայրացել է վարչապետը. - «Պղծությունը դա չէ, այլ այն, որ Կաթողիկոսի գահը զբաղեցրած անձը կուսակրոնության ուխտը խախտել և երեխա, որոշ տեղեկություններով՝ երեխաներ ունի, և այլն, և էդպես շարունակ, չասեմ»:

Փաշինյանը պղծության օրինակներ էլի ունի, օրինակ՝ այն, որ, նրա տպավորությամբ, Վեհափառը Աստծուն չի հավատում, տնտեսական գործիչ է:

«Պղծությունն այն է, որ Կտրիճ Ներսիսյանը Հայաստանի հոգևոր կյանքը տարել է փակուղի և, ըստ էության, կաթողիկոսական գործունեությունը վերածել արտահանումների, ներմուծումների, փողի, փողի բաշխման, առքի ու վաճառքի: Պղծությունն այն է, որ մենք կաթողիկոսի կարգավիճակում ունենք մի մարդ, որը Աստծուն չի հավատում», - պնդեց վարչապետը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը վարչապետի՝ Մայր Աթոռում աղոթելու պլանը հերթական սպառնալիք է համարում:

«Էս ամեն ինչը և՛ ժողովրդավարության սահմաններից դուրս է, և՛ օրինականությունից դուրս է, և՛ որևէ առողջ բանականությունից դուրս է: Ես չգիտեմ՝ այդ հայտարարությունների հիմքում, կամ էդ հայտարարությունները իրենց հոգևոր զգացումների և ապրումների մեջ ինչպես են հիմնավորվում, բայց, համենայն դեպս, նման հայտարարությունների հիմքում որևէ հոգևոր և անկեղծ զգացումներ ես չեմ տեսնում», - հայտարարեց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Տեր Եսային շեշտում է՝ օրինական ճանապարհն են գերադասում: Հովհաննավանքը Մայր Աթոռի սեփականությունն է, այնտեղից չհեռացող Ստեփան Ասատրյանի՝ կարգալույծ քահանայի քայլը ապօրինի ներխուժում է, ոստիկանություն են դիմել, բայց, ըստ քահանայի, նրան այնտեղից հեռացնող չկա. - «Էդ ամեն ինչը ժամ առաջ պետք է դադարեցվի, և օրենքի առումով սա շատ հստակ է մեզ համար: Ինչ վերաբերում է իրավապահներին՝ այո, մենք ունենք էդ մտահոգությունը, որ իրավապահ համակարգը էս ամեն ինչի մեջ, մեղմ ասած, հապաղում է կամ անգործության է մատնված»:

Սովորաբար ոստիկանությունն արագ է գործում, ինչո՞ւ են այս դեպքում անգործության մատնվել, տարակուսում է Տեր Եսային:

Հովհաննավանքն այժմ կարգալույծ քահանայի տիրապետության տակ է, ըստ Մայր Աթոռի՝ բռնազավթված, այստեղ մուտք չունեն վանքի մյուս հոգևոր սպասավորները: Էջմիածնից պնդում են՝ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռամբ կատարվող կնունք, պսակ և այլ արարողությունները հոգևոր արժեք չունեն, անվավեր են:

«Եթե մարդը էնտեղ պսակադրվում է կամ մկրտվում է տվյալ անձի՝ կարգալույծ հոգևորականի ձեռամբ, էդ մկրտությունը մկրտություն չի, և էդ պսակը պսակ չի: Այսինքն՝ եթե էդ անձը հետո ուզենա գնալ որևէ այլ եկեղեցի պսակադրվելու, իրան պետք է մկրտենք նորից, այսինքն՝ դա նորից չի, որովհետև նախորդ կատարված ծեսը անվավեր է», - վստահեցրեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը:

«Խնդիր կա, կեղտ կա, մեղք կա». - նախկին քահանան օրեր առաջ, երբ վանքի տարածքից դուրս էր անում Արագածոտնի թեմի հոգևորականներին, որ եկել էին ծանուցելու, թե պիտի հանձնի բանալիները, մի արտահայտություն արեց, որը, սակայն, աննկատ մնաց. - «Կարգապահական մարմինը, ոչ բոլոր անդամներն են անգամ ստորագրել»:

Կարգապահական հանձնախմբում ընդամենը հինգ բարձրաստիճան հոգևորական կա: «Ազատության» տեղեկությամբ՝ Տեր Արամին քահանայական կարգից զրկելու որոշմանը դեմ է եղել թեմերից մեկի առաջնորդ եպիսկոպոսը: Նա մեկնաբանությունից հրաժարվեց, միայն ընդգծեց՝ իր մղումն այն է եղել, որ այս ամենը կանգ առնի:

Մայր Աթոռի պատերի ներսում էլ հովվերգական մթնոլորտ չէ

«Ազատության» տեղեկություններով՝ Մայր Աթոռի պատերի ներսում էլ հովվերգական մթնոլորտ չէ, հոգևոր վերնախավում կան տեսակետներ, որ օր-օրի թեժացող այս հակամարտությունը պիտի հանգուցալուծվի ոչ թե Փաշինյանի ու նրա հետևորդների ճնշմամբ, այլ՝ եկեղեցական կանոններով:

Եկող շաբաթ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի ժողով է հրավիրվելու: Ինչ օրակարգով՝ հայտնի չէ: Հոգևոր խորհուրդն է եկեղեցական իշխանության գործադիր բարձրագույն մարմինը: Մայր Աթոռից այսօր միայն մեկ հայտարարություն է հնչել՝ Կաթողիկոսի օծման ու գահակալության 26-րդ տարեդարձի առիթով Պատարագ ու հայրապետական մաղթանք կլինի, երկրպագության համար մասունք դուրս կբերվի այս կիրակի:

Նույն օրը Հովհաննավանքում կարգալույծ քահանան նորից խորան կբարձրանա՝ նորից Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների առջև: Ստեփան Ասատրյանը՝ նախկին Տեր Արամ քահանան, լրագրողների հետ շփումներում մի քանի անգամ ճիշտ չի խոսել, վերջին օրերին էլ համառ հարցերին ի պատասխան՝ ուղիղ չի ասում՝ փոխե՞լ է վանքի բանալիները, դռան փականը, թե՞ ոչ: Գերադասում է այս պարզ տեղեկությունը ծածկել մարդկանց սրտի փականներից խոսելով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Շարունակելու ենք մեր աղոթքները Հովհաննավանքում, հետո նաև Մայր Աթոռում». Փաշինյան«Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են». Մայր Աթոռ«Չեմ գնալու, Վեհափառի տված բնակարանի կողպեքն էլ եմ փոխել»«Բաղնիք, ննջարան ... » . ո՞վ է ապօրինի տեսանյութի հեղինակը«Կարգալույծը չի կարող կարգալույծ անել, Տեր Արամ Ասատրյանը կարող է պատարագ մատուցել Հովհաննավանքում». Փաշինյան«Չի բացառվում, որ առաջիկայում էլի փաստական հանգամանքներ հայտնվեն համացանցում». ՔՊ-ն դատապարտում է ինտիմ տեսանյութի տարածումը Վարչապետը մասնակցեց կարգալույծ հռչակված քահանայի՝ Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին. ինչ կատարվեց Հովհաննավանքում