Ըստ Քոչարյանի՝ այսօրվա դրությամբ 3 քաղաքական ուժ կարող է ԱԺ անցնել

Երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ այս պահին երկու քաղաքական ընդդիմադիր ուժ կա, որ կմտնի խորհրդարան:

«Սոցիոլոգիայով և այլն, այսօր երևում են երկու միավոր, որոնք նորմալ մտնում են խորհրդարան՝ շատ չեն զիջում ՔՊ-ին, բավական փոքր մարժայով է ՔՊ-ն դեռ առաջ, բայց միասին այդ երկու միավորն արդեն շեշտակի ավելի են: Մեկը «Հայաստան» դաշինքն է, մեկը՝ Սամվել Կարապետյանի ստեղծվող կուսակցությունը», - այսօր ի պատասխան «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իր շանսերը՝ ասաց նա:

Կարապետյանները օգոստոսին ազդարարել էին «Մեր ձևով» նոր շարժում սկսելու մասին, որն էլ ամիսներ հետո պետք է դառնա գալիք ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող նոր քաղաքական ուժի հիմքը: Կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ «Տաշիր գրուպ» ընկերության փոխնախագահ Նարեկ Կարապետյանն է շարժումը ղեկավարելու: Սամվել Կարապետյանն, ինչպես նշել է Նարեկ Կարապետյանը, այդ ուժի գաղափարական առաջնորդն է:

Քոչարյանը նաև հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ձգտում է զրոյի:

Թե ինչ ձևաչափով է «Հայաստան» դաշինքը մասնակցելու 2026թ. ԱԺ ընտրություններին, նա ասաց՝ այդ մասին քննարկում չի եղել, որոշումը կլինի հունվար-փետրվար ամիսներին:

«Ո՞վ է գլխավորելու ցուցակը՝ կախված է՝ ով կունենա առավելագույն շանսերը սոցիոլոգիական հարցմամբ», - նշեց նա: