Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրով նախատեսված Զանգեզուրով անցնող միջանցքի» բացումը կապահովի Միջին միջանցքի հնարավորությունների ավելի լայն կիրառումը, Չինաստանում լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Նա այս մասին նշել է՝ ուշադրություն հրավիրելով Չինաստանի և Ադրբեջանի համագործակցության կարևորության վրա՝ Միջին միջանցքի հնարավորությունների ավելի լայն օգտագործման տեսանկյունից, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Սպիտակ տանը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպմանը ստորագրված համատեղ հռչակագիրը սահմանում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։
«Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով», - նշված է հռչակագրի մեջ:
Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպումից 21 օր անց Հայաստանի կառավարությունը հրապարակել է նաև հայ - ամերիկյան համագործակցության հուշագրերը: Դրանցից մեկը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ոլորտում հայ - ամերիկյան գործընկերության մասին է: Ճանապարհների ապաշրջափակման, Սյունիքով Ադրբեջանից Նախիջևան ճանապարհի մասին ուղիղ որևէ հիշատակում չկա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Զանգեզուրի միջանցքը ուղիղ սպառնալիք է հավաքական անվտանգությանը». Իրանի խորհրդարանի հայտարարությունը