Զելենսկի. Մոսկվան «ամեն ինչ անում է»՝ խափանելու Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը

Մոսկվան «ամեն ինչ անում է»՝ խափանելու Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը, որի անցկացումը պնդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որն ավելի վաղ վերահաստատել է Պուտինի հետ հանդիպելու իր պատրաստակամությունը:

Կիևում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Զելենսկին կոչ է արել արևմտյան երկրներին խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ խաղաղություն պարտադրելու նպատակով։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ռյուտտեի հետ քննարկվել են անվտանգության երաշխիքները, որոնք արևմտյան երկրները կարող են տրամադրել Ուկրաինային Մոսկվայի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։ Այդ երաշխիքներն, ըստ Զելենսկիի, կարող են նման լինել Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին, ըստ որի, ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա հարձակումը համարվում է հարձակում դաշինքի բոլոր պետությունների վրա։ Ռյուտտեն չի արձագանքել, միայն նշել է, որ անվտանգության երաշխիքների շուրջ աշխատանքը, որին մասնակցում է նաև Վաշինգտոնը, շարունակվում է։