Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Եվրոպայի առաջնորդների՝ Սպիտակ տանը հանդիպումից հետո բանակցությունները տեղափոխվել են կուլիսներ՝ կազմակերպելու Պուտին-Զելենսկի հանդիպում:
Արևմուտքում չեն թաքցում սա, Մոսկվան, սակայն, չի շտապում հաստատել, որ նման սցենար կա. ռուսական կողմը միայն հայտնել է, որ այդօրինակ բանակցությունները ենթադրում են երկար և մանրամասն նախապատրաստություն:
Ուկրաինայի նախագահն էլ այսօր գաղտնազերծել է, որ Վաշինգտոնն այժմ ակտիվ ներգրավված է ռուս-ուկրաինական բանակցություններ կազմակերպելու գործում: Վլադիմիր Զելենսկին, մասնավորապես, ամերիկացի բարձրաստիճան երեք պաշտոնյայի անուն է տվել, որոնք աշխատում են այս ուղությամբ՝ պետքարտուղար Ռուբիո, փոխնախագահ Վենս և Թրամփի հատուկ բանագնաց Ուիթքոֆ:
Արևմտյան մամուլը պնդում է, որ դիվանագետների սեղանի առանցքային հարցը Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներն են: Թայմս հանդեսն այսօր գրել է, որ Եվրոպական երկրներն այդ նպատակով համոզում են Թրամփին ամերիկյան F-35 կործանիչներ տեղակայել Ռումինիայում, որտեղ ՆԱՏՕ-ն կառուցում է իր խոշորագույն ավիաբազան Եվրոպայում: «Դա կզսպի Ռուսաստանի հնարավոր կրկնակի ներխուժումը», - ըստ թերթի Սպիտակ տանն ասել են եվրոպացիները:
Մինչդեռ ամերիկյան մեկ այլ հանդես՝ Politico-ն, գրում է, թե Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը դաշնակիցների փոքր խմբի հայտնել է, որ Միացյալ Նահանգները նախատեսում է նվազագույն դեր խաղալ Ուկրաինայի անվտանգության ցանկացած երաշխիքներում: Պարբերականը նկատում է, որ Վաշինգտոնը հստակ ուղերձ է հղում՝ Եվրոպան ստիպված կլինի իր վրա վերցնել խաղաղության պահպանման հիմնական պատասխանատվությունը։
Վլադիմիր Զելենսկին այսօր ասել է, որ առաջիկա երկու շաբաթներին փորձելու են հասկանալ՝ որ երկիրն ինչի է պատրաստ երաշխիքների մասով, ինչից հետո հնարավոր կլինի խոսել Պուտինի հետ հանդիպման մասին:
Ռուսաստանն իր հերթին պնդում է, որ Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրումը «արտաքին ռազմական միջամտության» միջոցով՝ բացարձակ անընդունելի է: Արտգործնախարար Սերգեյ Լավրովը Կիևի եվրոպացի դաշնակիցներն մեղադրել է, թե խափանում են առաջընթացը, որ ձեռք է բերվել Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ «Ուզում են ամեն ինչ շուռ տալ, որ անվտանգության երաշխքիքներից Ռուսաստանը դուրս մնա: Հույս ունեմ, որ այդ ավանտյուրան կտապալվի: Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա պարոն Զելենսկին ինքն էր ասում, որ երբեք չի բանակցի Պուտինի հետ: Իսկ մեր նախագահը պատրաստ է հանդիպել այդ թվում նրա հետ՝ պայմանով, որ բարձր մակարդակով քննարկվելիք հարցերը նախապես լավ մշակված լինեն», - ասել է Լավրովը:
Անցած շաբաթ նախագահներ Պուտինի և Թրամփի՝ Ալյասկայում հանդիպումից հետո եվրոպական երկրների ղեկավարները հայտարարել են, թե պատրաստ են զորք տեղակայել Ուկարինայում՝ ցամաքային, օդային ու ծովային անվտանգությունն ապահովելու համար։
Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը BBC-ի հետ զրույցում խիստ թերահավատություն է հայտնել, որ Միացյալ նահանգաների նախագահին կհաջողվի ավարտել պատերազմը. «Մենք պետք է իրատես լինենք: Ինքնին փաստը, որ Թրամփը սովորական հանդիպումներ է անցկացնում, ամենեևին չի նշանակում, որ շուտով խաղաղություն է տիրելու: Շատ հարցերում կողմերը մնում են ծայահեղ հակադիր դիրքերում»:
Մինչ այդ իրավիճակը լարված է ոչ միայն առաջնագծում, այլև Ռուսաստանը շարունակում է թիրախավորել նաև Ուկրաինայի խորքը՝ խաղաղ բնակավայրերը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայում տասնյակ հազարավոր զինվորներ են անհրաժեշտ. Գերմանիայի ԶՈՒ ասոցիացիայի ղեկավար ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը գիշերը Ուկրաինայի դեմ ամենազանգվածային հարձակումներից մեկն է իրականացրել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկի. «Նախ անվտանգության երաշխիքներ, հետո՝ հանդիպում» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրովը մեղադրում է եվրոպացիներին «Ալյասկայում ձեռք բերված առաջընթացը խաթարելու փորձի մեջ»