44-օրյայի զեկույցն ուղարկվել է գաղտնի բաժին. հանրությանն այն հասանելի չի լինի

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան, կոլաժ

«Հանրային լավագույն շահը ենթադրում է մեր պատմության ամենածանր էջերից մեկի՝ 44-օրյա պատերազմի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ հանրային շարունակական հաղորդակցություն», - 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստում 2023 թվականի հունիսին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

44-օրյա պատերազմի պատճառների մասին ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը հանրությանը հասանելի չի լինի: Այն արդեն ուղարկվել է Ազգային ժողովի գաղտնի փաստաթղթերի բաժին: Փաստաթղթին ծանոթանալու հնարավորություն կունենան պատգամավորները, այն էլ՝ ոչ բոլոր:

«Հաշվի առնելով հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետների անհամապատասխանության պատճառով իրավական առումով անհնար է դարձել ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, բոլոր հնարավոր իրավական շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել զեկույցն ուղարկել ԱԺ-ի առաջին բաժին, որտեղ գաղտնիության թույլտվություն ունեցող յուրաքանչյուր պատգամավոր կարող է գնալ և ծանոթանալ զեկույցին», - այսօր «Ազատությանը» փոխանցեց ԱԺ նախագահի խորհրդականը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

44-օրյայի զեկույցն ուղարկվել է Ազգային ժողովի առաջին բաժին

Ավելի քան երեք տարի առաջ ստեղծված հանձնաժողովը աշխատանքն ավարտել և զեկույցը խորհրդարանի նախագահությանն է հանձնել սեպտեմբերի 3-ին: Այս ամսվա սկզբին արդեն պարզ դարձավ, որ այն չի ներառվի լիագումար նիստերի օրակարգ: Ազգային ժողովի նախագահի բացատրությամբ՝ իրավական հիմքեր չկան. - «Երկուսուկես տարուց ավել է անցել»:

Ալեն Սիմոնյանը ավելի ուշ «Ազատությանն» ասել էր, թե փակ լսումներ կլինեն պատգամավորների մասնակցությամբ: Սրան էլ դեմ էր քննիչ հանձնաժողովը ղեկավարած Անդրանիկ Քոչարյանը:

«Եթե լիագումար չի մտնում, ինքը առկախված է մնում, եթե մտնում է, նշանակում է՝ զեկույցը գոյություն ունի, և օրենքի պահանջն է՝ սահմանադրական օրենքի, որ զեկույցը այդ դեպքում պետք է լիագումարում զեկուցվի: Եթե այլ տարբերակով է գնում, նշանակում է՝ զեկույցը գոյություն չունի», - հայտարարում էր Քոչարյանը:

Թե ինչու որոշվեց առանց որևէ ձևաչափով այն քննարկելու ուղարկել խորհրդարանի գաղտնի բաժին, Ազգային ժողովի նախագահի խորհրդականը չի մանրամասնել: Որոշման վերաբերյալ դեռ մեկնաբանություն չի տվել նաև Անդրանիկ Քոչարյանը:

Հանձնաժողովը ի սկզբանե բոյկոտած ընդդիմադիրները պնդում են՝ սա փաստաթղթի անփառունակ վախճանն է:

«Ինչքան էլ իշխանությունը ճիգ թափեր էդ քննիչ հանձնաժողովով, ինքը չկարողացավ Նիկոլ Փաշինյանին հրեշտակի թևերով սուրբ հանելու գործողություն, որովհետև, ի վերջո, բազմաթիվ մարդիկ, որ նաև եկել են, վկայություն են տվել, էդ թվում՝ բարձրագույն ռազմական ղեկավարությունից, բնականաբար, եթե ներկայացրած լինեն, ու վստահ եմ՝ շատերը նաև ներկայացրել են օբյեկտիվ իրականությունը, անզեն աչքով էլ պարզ կլիներ, որ պատերազմի ժամանակ ամբողջությամբ քաղաքական իշխանությունը տապալել է պետության կառավարումը բոլոր առումներով», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ
Գեղամ Մանուկյանը:

Դաշնակցական պատգամավորի կարծիքով՝ իշխանությունը, որի նախաձեռնությամբ 2022-ին ձևավորվեց քննիչ հանձնաժողովը, նպատակ ուներ շոու ապահովել. - «Շոու, որի մեջ մեկ դերասանի թատրոնը Նիկոլ Փաշինյանի հրապարակային իբր թե ցուցմունք տալն էր, շոու, որ ամեն անգամ տարբեր զինվորականների, տարբեր գործողությունների, տարբեր քաղաքական գործիչների դեմ իշխանական հարձակումներին պետք է ծառայեցնեին այդ քննիչ հանձնաժողովի գոյությունը»:

Քննիչ հանձնաժողովի գործունեության ընթացքում հանձնաժողով են հրավիրվել ոչ միայն վարչապետը, այլ նաև նախկին ու ներկա պաշտոնյաներ: Նրանց թվում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Պաշտպանության նախարարությունը ղեկավարած Դավիթ Տոնոյանը, նույն շրջանում Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը և այլ պաշտոնյաներ:

«Պատիվ ունեմ»-ից պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը կարծում է՝ ի սկզբանե անկհայտ էր, որ հանրությունը այս զեկույցով ոչ մի հարցի իրական պատասխան չի ստանա:

«Իշխանությունը ի սկզբանե նպատակ է ունեցել երկու տարվա, երեք տարվա ընթացքում թեման կուտակել, կենտրոնացնել այս քննիչ հանձնաժողովի շուրջ, հետագայում էմոցիաների առավել սառեցման պայմաններում նրանք ամբողջությամբ այս գործը տապալելու էին: Այն, ինչ վերջին շրջանում տեսանելի էր խորհրդարանի նախագահի, քննիչ հանձնաժողովի նախկին նախագահի միջև՝ զեկույցը օրակարգ բերելու-չբերելու հարցով, ես արդեն իմ տեսակետը արտահայտել եմ՝ դա լրիվ արհեստական էր», - «Ազատության» հետ զրույցում նշեց Աբրահամյանը:

Պաշտպանության հանձնաժողովի ընդդիմադիր անդամները մտադիր են գաղտնի բաժնում ծանոթանալ զեկույցին, թեև շարունակում են պնդել՝ այն օբյեկտիվ իրականությունը չի արտացոլի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Որտե՞ղ կներկայացվի պատերազմի վերաբերյալ զեկույցը. բանավեճ Սիմոնյանի և Քոչարյանի միջևՈրոշվել է 44-օրյայի զեկույցը քննարկել ոչ թե լիագումար նիստում, այլ փակ լսումների ընթացքում. ԱԺ նախագահ44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցը չի մտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ